ԱԱԾ-ն պետք է բացահայտի Լևոն Տեր-Պետրոսյանի մինչ օրս գործող գործակալներին. Գիտնականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԱԾ-ն պետք է բացահայտի Լևոն Տեր-Պետրոսյանի մինչ օրս գործող գործակալներին. Գիտնականներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 26-03-2019 14:05:31   | Հայաստան  |  Հասարակություն



 
Եղբայրների հետ միասին Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի ամբողջ տեխնիկական պոտենցիալը զրոյացրեց, իսկ լավագույն հաստոցները վաճառեց մետաղի ջարդոնի գնով: 
 
Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը՝ անդրադառնալով իր և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի կողմից մարտի 14-ին Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին»  հանցագործության մասին  հայտարարությանը: 
 
Ըստ Վ. Համազասպյանի՝ այսօր խնդիր կա պատժելու իր իսկ բնորոշմամբ այն հանցագործ վարչակազմին, որի գործունեությունը հանգեցրել է Հայաստանի տնտեսության քայքայմանը: 
 
«Եթե մենք կարողանանք Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության ենթարկել, պարզել՝ ո՞ր երկրի համար էր աշխատում նա այս տարիներին, ինչո՞ւ քանդեց Հայաստանի ռազմական արդյունաբերությունը, երբ որ երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, և որտե՞ղ են նրա համակիրները, ագենտները, որոնք այսօր ևս գոյություն ունեն իշխանական օղակներում և շարունակում են իրենց գործը»,- նշեց նա՝ հավելելով, որ ինքն անձամբ ներկայիս քայքայված տնտեսության գլխավոր մեղավոր է համարում Լ. Տեր-Պետրոսյանին: 
 
Գիտնականի խոսքերով՝ տնտեսությունը վերականգնելու համար այսօր էլ բազմաթիվ հնարավորություններ են կան, ընդ որում՝ առանց արտաքին ներդրումների, սակայն դրան հասնելու համար պետք է անպայման պատասխանատվության ենթարկել ՀՀ առաջին նախագահին՝ այդպիսով նաև վնասազերծելով նրա գործող գործակալներին: 
 
Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանի նկատմամբ Առաջին նախագահի կողմից կատարված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, հետևաբար իրենք հույս ունեն, որ նոր իրավիճակում Հայաստանի նոր իշխանությունները պատասխանատվության կենթարկեն նրան: 
 
Նշենք, որ բանախոսների կողմից «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին»  հանցագործության մասին  հաղորդագրությունը ԱԱԾ-ում քննարկվել է մարտի 18-ին, իսկ պատասխանը տրվելու է ապրիլի 18-ին: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն