Քառօրյա պատերազմի առանցքային շերտը, կամ «հավերժական շարժիչ» Հայաստանի դեմ

08-08-2020 10:08:38   | Հայաստան  |  Վերլուծություն
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին «անկեղծ զրույց» սկսած Սերժ Սարգսյանը պատասխանելով հարցերի, որոնք շարադրված են թերեւս իր իսկ գրասենյակում, ինքն է հարց բարձրացրել, թե ինչու նոր իշխանությունը չի կարողացել իրացնել ապրիլյան քառօրյա պատերազմում բանակի արձանագրած արդյունքը: Իսկ որպես իր իշխանության դիվանագիտական հաջողություն, նա մատնանշել է այն, որ ապրիլյան քառօրյայից հետո Ալիեւը հայտարարել է, թե փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Վիեննայի օրակարգի մասին:
 


Սարգսյանն անշուշտ իրավացի է՝ Ալիեւը հայտարարել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանն էլ ապրիլյան քառօրյայից հետո հայտարարել է, թե ինքը պատրաստ էր ստորագրել 5, թե 7 շրջան հանձնելու պլանի տակ, իհարկե մինչեւ ապրիլյան քառօրյան: Բայց այդ դեպքում հարցեր բարձրաձայնելուց առաջ նախ հարկ է թերեւս արձագանքել եղած բոլոր հարցերին, որոնք կապվում են ապրիլյան քառօրյայի հետ:
 
Ինչ խոսք, Սերժ Սարգսյանն էլ կարող է ասել, որ հայտարարել է, բայց այն, որ Հայաստանի ու Արցախի դեմ եկել են պատերազմով, նշանակում է, որ իրականում չի արել ոչ մի զիջում: Բայց հարցն ընդամենն այն է, որ առաջին դեմքերի հրապարակային հայտարարությունները խոշոր հաշվով ուղենիշ չեն դիմացինի դիվանագիտական հաջողություն
կամ անհաջողություն փաստարկելու համար: Որովհետեւ նույն Ալիեւը կամ նրա արտգործնախարարը հայտարարում էին, որ քննարկվում է «տարածք խաղաղության դիմաց» հարցը:
 
Եվ, ի վերջո, կա հարց, թե Սերժ Սարգսյանն ու հայկական դիվանագիտությունը 2016-ի հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո ինչու՞ են գործնականում լռել հետաքննության մեխանիզմների՝ Վիեննայի օրակարգի մասին:
 
Քառօրյա պատերազմում բանակի ինքնիշխան դիմադրության եւ հակահարվածի, այդպիսով Ադրբեջանը ռազմա-քաղաքական փակուղի մտցնելու հանգամանքի քաղաքական-դիվանագիտական կապիտալիզացիան գործնականում բաց մնաց: Սերժ Սարգսյանն այդ հարցը չէր էլ կարող փակել, որովհետեւ դրա համար նրան անհրաժեշտ էր լինելու
բարձր լեգիտիմություն, քանի որ նա պետք է գործեր ոչ թե ադրբեջանական, այլ ռուս-թուրքական քաղաքականության դեմ:
 
Նրա ներքին լեգիտիմության բացակայությունը անշուշտ լուրջ խանգարող հանգամանք էր: Եվ այստեղ կա մի այլ նուրբ պահ՝ նա չուներ համոզիչ լեգիտիմություն անգամ Հայաստանի կառավարող համակարգի շրջանակում, ինչն առավել բարդացնում էր խնդիրը: Այդ խնդիրը հատկապես սրությամբ զգացվեց 2016-ի հուլիսյան ողբերգական եւ լարված իրադարձություններով, որ ծավալվեցին ՊՊԾ գնդի գրավումով, եւ որոնցից առաջ եղավ տեղեկատվական ալիք ռուս-ադրբեջանական մեդիատիրույթից՝ թե Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում Պուտինին խոստացել է հանձնել գոնե երկու շրջան:
 
Անկասկած է, որ այդ տեղեկատվական գրոհից հետո Հայաստանում ՊՊԾ գնդի գրավումով ծայրահեղ լարված եւ արյունահեղության շեմին հայտնված Հայաստանի նախագահի պաշտոնում, լեգիտիմության կրկնակի բացակայությամբ Սերժ Սարգսյանը ի վիճակի չէր լինելու առաջ մղել Վիեննայի օրակարգը, որին դեմ էին Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը:
 
Խոշոր հաշվով, ապրիլյան պատերազմի մասին որեւէ անկեղծ զրույց պետք է ներառի թերեւս տեղի ունեցածի հենց այդ համատեքստն ու շերտերը: Հակառակ պարագայում, ապրիլյան պատերազմը լինելու է ներհայկական փոխադարձ մեղադրանքների «հավերժական շարժիչ», որն աշխատելու է Հայաստանի դեմ եւ դրանից չի շահելու ոչ ոք: Եվ դա ոչ ոք թերեւս չգիտե ու չի պատկերացնում ավելի լավ, քան Սերժ Սարգսյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 726 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար