Տեղի է ունեցել Իմ քայլը հիմնադրամի 2020 թ. կրթաթոշակային ծրագրի՝ դիմորդների հետ հարցազրույցի փուլը

07-08-2020 17:21:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 6-ին և 7-ին տեղի ունեցավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի 2020-2021 թթ. ուսումնական տարվա Կրթաթոշակային ծրագրի ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի փուլը:
 


Ապրիլի 10-ին հայտարարվել է
ր 2020 թ. Կրթաթոշակային ծրագրի դիմումների ընդունման փուլը (https://mystep.foundation/hy/our-work/210/), արդյունքում ստացվել էր 73 դիմում, որոնցից դիտարկվել են 41-ը, իսկ մյուս դիմումները չեն բավարարել Ծրագրի չափորոշիչներին:
 
Երկօրյա հարցազրույցների փուլից հետո կընտրվեն այն դիմորդները, որոնք կարժանանան կրթաթոշակի: Դիմորդներին կրթաթոշակ տրամադրվելու է հարցազրույցի արդյունքների, դիմորդի հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի ամփոփումից հետո (համալսարան, ուսումնական ծրագիր, ակադեմիական աստիճան, մասնագիտություն, ընտրական հանձաժողովի հետ հարցազրույցի արդյունքներ, կրթաթոշակային ծրագրի բյուջե):
 
Այս տարվա դիմորդների ճնշող մեծամասնությունը բժշկության և առողջապահության կառավարման, վիճակագրության, կենսաբանության և կենսաքիմիայի, քաղաքաշինության, ուրբանիստիկայի, լոգիստիկայի ոլորտներից են:
 
«Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդներին ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ աշխարհի լավագույն բուհերում:
 
Ի դեպ, մեր
շրջանավարտները, ծրագրի դրույթների համաձայն, վերադառնում են Հայրենիք և ի շահ Հայաստանի զարգացման ծառայեցնում իրենց գիտելիքներն ու հմտությունները: Նրանք ընդգրկվում են մասնագիտական ոլորտների զարգացման ծրագրերի մեջ, կիսվում իրենց ստացած գիտելիքներով և այլն: Աշխարհի լավագույն կրթօջախների հետ մշտական կապն անհրաժեշտություն է Հայաստանի համար, այն զարգացած երկրների կողքին համաքայլ շարժվելու եզակի հնարավորություն է, այստեղ, թերևս, այլ տարբերակ չունենք:
 
Կրթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չենք խնայում: Այս ընթացքում հաջողել ենք ծրագրին հաղորդել թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարում, դիմումների ընդունում, հարցազրույցների վարում, կրթաթոշակի տրամադրում, ուսման պրոցեսի վերահսկում, վերադարձ Հայաստան և այլն», – նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
 
Նախապես կազմվել էին տարբեր ընտրական հանձնախմբեր՝ ըստ դիմորդների մասնագիտական ուղղվածության: Հարցազրույցների ու ներկայացված հայտադիմումների արդյունքները կամփոփվեն մինչև օգոստոսի 21-ը, որից հետո կհայտարարվեն կրթաթոշակի արժանացած դիմորդների անունները:
 
«Այս տարվա ընտրական հանձնաժողովի կազմն ընդլայնվել է՝ հաշվի առնելով դիմորդների մասնագիտությունները: Կազմի մեջ ընդգրկված են և´ մասնավոր ոլորտի, և´ պետական համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության քաղաքականության մշակման մասնագետ», – նշում է Հիմնադրամի կրթական ծրագրերի համակարգող Արմեն Ներսեսյանը։
 
Կրթաթոշակի չափը կախված է լինելու՝ ուսման համար անհրաժեշտ ծախսերից, ակադեմիական աստիճանից, մասնագիտությունից, ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքներից, կրթաթոշակային ծրագրի պայմաններից, կրթաթոշակային ծրագրի բյուջեից:
 
Կրթաթոշակ կշնորհվի ուսման համար անհրաժեշտ ծախսերի մինչև 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավել, քան 25 000 ԱՄՆ դոլար՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար: Բակալավրիատ ընդունված դիմորդներին կշնորհվի մինչև 10 կրթաթոշակ` առավելագույնը 10 000 ԱՄՆ դոլար:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 480 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար