Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

05-08-2020 18:02:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: 
 
Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
 
Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում
է արտերկիր և նույնիսկ ճգնաժամի պայմաններում պահանջարկի նվազում չի արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում տեքստիլի բնագավառում արձանագրվել է 22 տոկոսի աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 15 տոկոսի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային ռեժիմի կրճատմամբ, աշխատակիցների գործունեության սահմանափակմամբ: 
 
Ընկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների և պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր: Վերջիններս անդրադարձել են նաև այլ հարցերի, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
 
Այդ համատեքստում քննարկվել են աշխատատեղերի պահպանման, կադրերի պատրաստման, տեխնիկական վերազինման ուղղությամբ կառավարության կողմից օժանդակության հնարավորություններն ու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման հետ
կապված հարցերի: 
 
Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով ներկայացնել օժանդակության գործիքակազմերին վերաբերող որոշման նախագիծ: Գործադիրի ղեկավարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորել է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի նոր բռնկումներից խուսափելու նպատակով: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար