Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր ընդդեմ թուրանականության սպառնալիքի. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

04-08-2020 18:31:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանի և
Արցախի սահմանների շուրջ և հայկական ողջ սփյուռքում ծավալվող վերջին ահաբեկչական իրադարձությունները մեր պետության առջև լրջագույն մարտահրավերներ են ստեղծել, որոնց հանգուցալուծումը պահանջում է ուժերի համահայկական կենտրոնացում, թիրախների հավասարակշռված ընտրություն և գործողությունների հստակ ծրագիր մերձակա և հեռակա ժամանակահատվածներում:
Այս համապատկերում «Ժառանգություն»  կուսակցությունն կարևորում է ռազմական մակարդակում Հայաստանի արձանագրած անդարձ առաջընթացը, մեր զինուժի, պետական պաշտպանունակության բարձր մակարդակի տարածաշրջանային և միջազգային հաստատումը, որին պետք է հաջորդի արտաքին քաղաքական ոլորտում նույնքան ազդեցիկ գործողությունների ծավալումը:
 
Ակներև է, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման սպառնալիք են հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Թուրքիան, որի ծավալապաշտական
և գերակայության ձգտող քայլերը հակասում են Հայաստանի և բոլոր այն պետությունների շահերին, որոնք շահագրգռված են ժողովուրդների խաղաղ համակեցությամբ:  Մոտ 100 տարի է անցել Օսմանյան կայսրության փլուզումից, և այսօր արդեն Էրդողանի գլխավորած Թուրքիան փորձում է վերականգնել և ընդլայնել օսմանյան ժամանակաշրջանի սահմանները՝ իր ռազմական գերակայությունը հաստատելով տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Հարավային Կովկասում:
 
«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր, մեր պետությունը պատրաստ է աներկբա պաշտպանելու միջազգային նշանակություն ունեցող հաղորդակցության ուղիների, գազամուղների ու նավթատարների, էներգետիկ հանգույցների անվտանգությունը, խաղաղ բնակչության կենսագործունեությունը, այնինչ Ադրբեջանն արդեն դրսևորեց իր ահաբեկչական քաղաքականությունը՝ Մեծամորի ատոմակայանի ոչնչացման պետական սպառնալիքով:
 
 Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր տարածաշրջանում, դա ամենից առաջ Մինսկի եռանախագահության անդամներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Եվրամիությունն ընդհանրապես: 
 
Առանձնահատուկ է Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների բնույթը, որը փոխլրացնող վերամեկնարկի կարիք ունի: Շուտով կլրանա Մոսկվայի և Կարսի խնդրահարույց պայմանագրերի կնքման 100-ամյակը: Այսպիսով  օրակարգում է հայտնվում  Հայաստանի և հայության իրավունքների վերականգնման, այդ թվում սահմանների դե յուրե ճշգրտման հարցը, և  թուրանականության  ընդհանուր այս սպառնալիքի պայմաններում Մոսկվան հնարավորություն ունի խմբագրելու ՌՍՖՍՀ գործած սխալները հանուն համապարփակ անվտանգության: Այս քայլը կբխի նաև տարածաշրջանային նոր կայունության հաստատման Արևելքի և Արևմուտքի հիմնական գործընկերների շահերից:
 
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
4.08.2020 թ.
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար