Ռուսաստանը հրաժարվու՞մ է հակահայկական պայմանագրից. Փաշինյանի ուղերձը գործողության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-07-2020 14:39:33   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Lragir.am-ը գրում է. 
Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանագոտու իրավիճակի ռազմա-քաղաքական խորքն անշուշտ բավականին մեծ է, ինչի առաջին վկայություններից մեկը այն էր, որ իրավիճակի լարումից ժամեր անց՝ երբ հայտնի էր ադրբեջանական սադրանքին հայկական բանակի ուժգին պատասխանի մասին, դատապարտող հայտարարություն արեց Թուրքիան: Մի բան, որ Անկարայի պարագայում թերեւս աննախադեպ է:
Դա վկայում է, որ տեղի ունեցածը եւս աննախադեպ է թե բնույթով, թե խորքային մասշտաբով, ինչն էլ առաջացրել է Թուրքիայի արագ արձագանքը: Ընդ որում, դա էլ իր հերթին նշանակում է, որ Անկարան կատարվածի խորքում տեսնում էր նաեւ ռուսական հետաքրքրություն եւ դատապարտող հայտարարությունը պարզապես Ռուսաստանի հետ քննարկման հայտ էր: Առավել եւս, որ նույն օրը երեկոյան տեղի էր ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, եւ Անկարան թերեւս ակնկալում էր հարցը դարձնել դրա քննարկման առարկա:
Ժամեր անց Անկարայի հայտարարությանը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի անունից տարածված հաղորդագրությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ նրա հեռախոսազրույցներից հետո: Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտնեց, որ Լավրովը կարեւոր է համարել, որպեսզի Մինսկի խմբի անդամ երկրները զուսպ լինեն եւ չանեն հայտարարություններ, որոնք ավելի կլարեն իրավիճակը:
Կասկածից վեր է, որ դա ուղղված էր Թուրքիային, եւ Ռուսաստանը ակնարկում էր, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցածը Անկարայի տիրույթը չէ, եւ Մոսկվան մտադիր չէ Անկարայի հետ քննարկել տեղի ունեցողը: Հատկանշական էր, որ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ չկար խոսք, թե քննարկվել է նաեւ Կովկասում սրված իրավիճակը: Մինչդեռ, հաշվի առնելով իրավիճակն ու Թուրքիայի սուր արձագանքը, այն պետք է որ լիներ քննարկման ենթակա:
Մոսկվան, իհարկե, մերժել է զգալով այդ հարցում իր առավելությունը, որ կամա, թե ակամա ստեղծել է Հայաստանը՝ պատժելով Ադրբեջանին: Մոսկվան փորձել է օգտագործել Հայաստանի ընձեռած հնարավորությունը, առավել եւս թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ վերջին շրջանի ակնհայտ բարդ հարաբերության ֆոնին:
Միեւնույն ժամանակ, արդյո՞ք դրվագը զուտ մարտավարական է, թե՞ գործնականում առաջին նշանային հանգամանքը, որ Մոսկվան պատրաստվում է հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրի դարը փակելու մասին, որը լրանում է հաջորդ տարի: Այդ պայմանագրերը, որոնք կնքվել են հայկական կյանքերի ու տարածքների վրա, խորքային առումով ռուս-թուրքական հարաբերության սյունն են: Դրանք ռուս-թուրքական համակեցության լուռ առանցքն են: Այդ համակեցությունը սակայն առանցքից շեղվել է հայերի արցախյան հաղթանակով, քանի որ խախտվել է ռեգիոնի ռուս-թուրքական բաժանումը:
Հետխորհրդային գրեթե ամբողջ շրջանում Մոսկվան ու Անկարան փորձում էին վայրիվերումներով գնալ դեպի այդ առանցքի վերականգնում, ինչը սակայն ռազմավարական տապալման արժանացավ 2016-ի ապրիլյան քառօրյայում՝ հայկական բանակի ձեռքով, իսկ հետագայում արդեն դրան վերադառնալու հույսը մարեց մի կողմից Հայաստանում թավշյա հեղափոխությամբ եւ դրա արդյունքում հայ-ռուսական հարաբերության առանցքի փոփոխության հայտով՝ ինքնիշխանություն ենթակայության փոխարեն, ինչպես նաեւ զուգահեռ ծավալված ու թափ հավաքած աշխարհակարգի փոփոխության:
ԱՄՆ ու Չինաստանի դիմակայությունից ծնվող նոր երկբեւեռ աշխարհակարգը թելադրում է իր տրամաբանությունը, ու երբ Պեկինը կորոնավիրուսի դեմ պայքարի Հայաստան ուղարկվող օգնության վրա գրում է Արարատի հայկական լինելու մասին, Մոսկվային չափազանց բարդ է լինելու հավատարմություն պահել Արարատը թուրքական հռչակած պայմանագրի տակ իր ստորագրությանը, հատկապես երբ Երեւանում դեպի Արարատ բացվող ԱՄՆ ահռելի դեսպանատնից քիչ հեռու կառուցվում է դեպի Արարատ բացվող Չինաստանի ահռելի դեսպանատունը:
 


1in.am-ը գրում է. 
Բանակը ցույց տվեց հերթական անգամ, որ չի կարելի Հայաստանի հետ խոսել ուժի դիրքից, նախօրեին պաշտպանության նախարարի և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի հետ ուժի դիրքից խոսելու հերթական փորձը Ադրբեջանի համար ունեցավ բումերանգի էֆեկտ, ընդ որում՝ դա շատ մեղմ բնութագրմամբ: Խոշոր հաշվով, Ադրբեջանի հետ ուժի դիրքից խոսել է Հայաստանը:
Մի բան, որն ամենևին զարմանալի չէ, հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից հետ թե՛ պաշտպանության նախարարի բազմաթիվ հայտարարությունները պաշտպանության ռազմավարության տրամաբանության փոփոխության և խոր պաշտպանական փիլիսոփայությունից «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» տրամաբանության անցնելու մասին, թե՛ վարչապետ Փաշինյանի ընդամենը օրեր առաջ ներկայացրած ուղերձը, որ ուղեկցում էր Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունմանը: Վարչապետի ուղերձում միանգամայն հստակ էր, որ Հայաստանը խաղաղության իր ռեգիոնալ քաղաքականության ու փիլիսոփայության համատեքստում «պասիվ» քաղաքականությունից անցնում է «ակտիվ» քաղաքականության: Այլ կերպ ասած՝ Հայաստանն իր ազգային անվտանգության նոր ռազմավարությամբ առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է» հայտնի տրամաբանությամբ, այս դեպքում Երևանը գործում է՝ ռեգիոնալ խաղաղության լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է:
Իհարկե, այդ հարձակման առիթը տվել է հակառակորդը, սակայն Երևանը օգտագործել է ոչ միայն առիթը, այլ դրանից օգտվելով նաև լուծել հետագա այլ առիթներ առնվազն այդ ուղղությամբ և նաև անվտանգային գծի ամբողջ երկայնքի ընդհանուր փիլիսոփայությամբ կանխելու կամ զգալիորեն նվազեցնելու խնդիրը: Հայաստանը ցույց է տվել, որ ուժը խաղաղությունն է, ոչ թե ռազմատենչությունն ու «մարդասպան դիվանագիտությունը», որը ուժի փոխարեն փորձում էր թե՛ իր հանրությանը, թե՛ միջազգային կառույցներին ու կենտրոններին տարիներ շարունակ ներկայացնել Ադրբեջանի ղեկավարությունը: Միևնույն ժամանակ, ադրբեջանական այդ քաղաքականությունն ու դրա տարիների դրսևորումները միարժեք էին դարձրել այն, որ հայկական պետական
ությունը կովկասյան այս ռեգիոնում խաղաղ գոյության և զարգացման հարցեր լուծելու համար չունի այլընտրանք, քան խոսել հենց ուժի դիրքից: Ընդ որում, հայկական ուժի դիրքից այդ խոսակցությունը գոյության և անվտանգ, խաղաղ զարգացման կարևոր գրավական է ռեգիոնում գտնվող ոչ միայն հայկական պետականության համար, այլ նաև Հայաստանի հյուսիսային և հարավային երկու հարևան երկրների, քանի որ ռեգիոնալ պատերազմի անընդհատ սպառնալիքը լարվածության մեջ է պահում երկուսին էլ:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սամանին լարված իրավիճակ էր: Պետական սահմանի հյուսիսարևելյան` Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացնում, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 10 վիրավոր ունեցավ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իսկ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհ ունեցավ, որոնց մեջ կային գեներալ ու գնդապետ:
Իսկ ի՞նչ վիճակ է սահմանին այսօր: Երեկ Տավուշի մարզում ստեղծված Տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ Տեղեկատվական շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանի և Արդբեջանի միջև հրադադար է հայտարարվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է. եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել»:
Իսկ պաշտոնական Ադրբեջանն այս ընթացքում լռություն էր պահպանում: Չնայած մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հակահայկական և պատերազմի կոչերով, այնուամենայնիվ, մինչ այժմ ազերիները որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել` իրենց գործողությունների մասով: Միայն հայտնի է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել:
Արդյոք դիվանագիտական խողովակներով Ադրբեջանը հրադադա՞ր է աղերսել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դժվարացավ որևէ տեղեկություն տրամադրել: Միայն հայտնի է, որ հայկական դիվանագիտական հատվածն այս օրերին ակտիվորեն աշխատել է, ու թերևս բանակցություններն են բերել սահմանային խաղաղության, որն էլ ի վերջո հանգեցնելու է հրադադարի: Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձունքը նվաճված է, զիջում չի լինելու»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ էության, դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը:
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ չնայած հայտարարվում է, թե 1700 մարդ է դիմել կուսակցությանը անդամակցելու համար, սակայն իրականում պարզվում է, որ հնարավոր չի լինում անհրաժեշտ թվով մարդիկ գտնել գոնե գրասենյակի բացմանը լուսանկարվելու համար»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ը օրերս անդրադարձել էր «Ֆիզիկոս» համատիրությանը, որի պաշտոնական թվերում բացակայում են և՛ հավաքված վարձավճարները, և՛ այն վարձու աշխատողները, որոնք իբր բնակչությանը մատուցել են ծառայություններ, ստանալով գումարներ։
Պարզվում է՝ «Աջափնյակ 5» համատիրությունը ընդհանրապես եղել է «լվացքատուն», որով անցել են բազմաթիվ գոյություն չունեցող մարդիկ և ծառայություններ, իսկ նրա ղեկավար Հակոբիկը հայտնի է որպես Արման Սահակյանի համար աշխատող։
Նկատենք, սակայն, որ համատիրությունների այս գործելակերպը, ցավոք, դեռ չի ստացել իրավական գնահատական»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երբ գործող իշխանության և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվեցին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակնհայտորեն պասիվացրեց իր գործողությունները խորհրդարանում և դրանից դուրս: Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում է: Իսկ Ծառուկյանի կալանավորման դեմ բողոքող ցուցարարների առաջնորդների շարքերում Բագրատյանը չկար ու չկար: Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է՝ փորձում է գտնել նրան, բայց անարդյունք: Ինչից կամ ումից է վախենում Սերգեյ Բագրատյանը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ քննություն է իրականացնում ԲՀԿ-ականների գործողություններում, փորփրում են բոլոր գործիչների անցյալը, որպեսզի հնարավոր լինի 2017թվականի ընտրակաշառք տալու փաստեր գտնել հնարավոր բոլոր թեկնածուների վրա»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Սննդի անվտանգության տեսչությունը սկսել է տուգանել այն տնտեսվարողներին, որոնք ոչ սպանդանոցային միս են վաճառում: Սակայն տեսչությունը չի գնում զանգվածային տուգանքների ճանապարհով, որը կարող է դժգոհության ալիք առաջացնել:
Առայժմ դիմում են ավելի մեղմ տարբերակի՝ տուգանում են հատուկենտ տնտեսվարողների, որպեսզի մյուսները զգուշանան և շարժվեն օրենքով նախատեսված նորմերով»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության և կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար:
Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, և Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում և ոչ թե կրթությանը: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը ևս իր թեժությամբ չի զիջել նախորդին:
Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին: Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան և հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, և թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել: Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել,
ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռևս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն այս տարվա հուլիսի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ֆինանսների նախարարության: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում էր կայացրել և, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանին ազատել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Եվ, ահա, վերջինս դատական հայցով պահանջում է, որ դատարանը պարտադրի վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարությանն այդ որոշումն անվավեր ճանաչել, իրեն նախկին պաշտոնին վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանին:
Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի մայիսին: «Ժողովուրդ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, որ Վիգեն Ավետիսյանը պատահական անձ չէ. նա ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ, և համարվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հավատարիմը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«Չնայած բավական անձրևառատ տարվան, Հայաստանի ջրամբարներում առկա ջրի քանակը աննախադեպ քիչ է: Արարատյան դաշտը ոռոգող Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 100 մլն խորանարդ մետրից պակաս ջուր է ամբարված: Նախորդ տարվա համեմատ իջել է նաև Սևանա լճի ջրի մակարդակը:
Շատերը սա համարում են ջրային ռեսուրսների վատ կառավարման հետևանք: Մյուս կողմից՝ կլիմայի փոփոխության հետևանքով ավելացել է ջրի պահանջը, իսկ համապատասխան նոր ենթակառուցվածքներ չեն ստեղծվել, հներն էլ չեն թարմացվել»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար