Վարչապետը կաառավարության նիստում անդրադարձել է ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակմանը

16-07-2020 13:52:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարության  հուլիսի 16-ի հերթական նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայինների կողմից ավելի քան 100 հոգու կազմով  դիվերսիոն հարձակմանը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: 
 
Այս գիշեր՝ ժամը 03:40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Դիրքը գտնվում է Տավուշի մարզի Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, և հենց այս դիրքի
շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել  «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ: 
 
Ցանկանում են ընդգծել, որ մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան՝ ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում: Արձանագրեմ նաև, որ վերջին օրերին՝ սկսած կիրակի օրվանից, ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ինչի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները և տալ գնահատական: 
 
Հարգելի գործընկերներ,
վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած լարվածության հետևանքով զոհվել են Հայաստանի Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյանը, Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյանը, Զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը: Ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը»: 
 
Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգելի է զոհված զինծառայողների հիշատակը:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 349 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար