Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան

16-07-2020 13:22:01   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին գումարել է արտահերթ նստաշրջան: Նստաշրջանի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած մարտական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակը:
 
Անցնելով նստաշրջանի աշխատանքներին՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն է, որը քննարկվելու և քվեարկվելու է երկու ընթերցմամբ:
 
Խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ «Ազգային
ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է «ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցի հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվել է առնվազն 3-ական ժամ:
 
Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցի քննարկմանը:
 
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրապետության նախագահի կողմից առաջարկվող համաներումը ունի նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել 2020թ-ի հուլիսի 1-ը ներառյալ հանցագործություն
կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Նախագծի վերաբերյալ քննարկումից և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
 
ԱԺ նախագահը հայտարարել է, որ այսօր 16:30-ին նախագիծը երկրորդ ընթերցմաբ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար