«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակն ակտիվ աշխատանքային փուլում է

15-07-2020 12:00:36   | Հայաստան  |  Մշակույթ
Այս օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը։ Հուլիսի 13-16-ն անցկացվող իրադարձության շրջանակում տեղի են ունենում կինոոլորտին առնչվող մասնագիտական քննարկումներ, աշխատարաններ։
 


GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը նշում է՝ արտադրական հարթակն անցկացվում է արդեն երրորդ տարին, և ամեն տարի իրականացման համատեքստում տեղի են ունենում որոշակի բարդություններ։ Այս տարվա բարդությունն, իհարկե, համավարակն էր, սակայն կազմակերպիչները կարողացել են ստեղծարար լուծում գտնել։
 
«Ուրախ եմ, որ կարողացանք թեկուզ օնլայն ձևաչափով իրականացնել GAIFF Pro ծրագիրը։ Սա մեզ համար իսկապես նոր փորձառություն է, քանի որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում օնլայն ձևաչափով։ Փորձել ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին: Այս օրերին ակտիվորեն կիրառում ենք Zoom-ը, ամեն կերպ աջակցում մասնակիցներին»,-նշում
է նա։ Օնլայն ձևաչափով փառատոնի արտադրական հարթակի անցկացումն իսկական մարտահրավեր էր, սակայն այս օրերին ընթացող միջոցառումները ցույց են տալիս, որ «Ոսկե ծիրան»-ի թիմը կարողացել է հաղթահարել բարդությունները։
 
Մասնակիցները հետաքրքրությամբ մասնակցություն են ցուցաբերում օրակարգային միջոցառումներին։ Ի դեպ, այս օրերին արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք մասնագիտական թրեյնինգներ, քննարկումներ «Ինչպե՞ս գովազդել ֆիլմը մինչ այն ավարտելը», «Ինչո՞ւ գտնել համարտադրողներ», «Փնտրելով ֆինանսավորման Եվրոպայում» և այլ խորագրերով։ Ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներն իրենց փորձն են կիսել GAIFF Pro-ի մասնակիցների հետ, խորհուրդներ տվել՝ առկա խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։
 
Թեմատիկ քննարկում է անցկացվել «Համաարտադրությունը փոքր պետություններում. Արևելյան Եվրոպա և Անդրկովկաս» խորագրով, որին ելույթ են ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի կինոոլորտի մասնագետները։ Համեմատական քննարկում է անցկացվել Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Կեկո Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ։
 
Ի դեպ, միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չկա, քանի որ այս ընթացքում տեղի են ունենում  անհատական հանդիպումներ
ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:
 
Հիշեցնենք, որ GAIFF Pro -ի շուկան ընդունում է նախագծեր Փոքր Կովկասյան տարածաշրջանից, իսկ կինոմասնագետներ են մասնակցում եվրոպական մի շարք երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Սլովակիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 267 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար