Տարօրինակ հաղորդագրություն Նախիջևանի ուղղությունից. պատասխան տվողը կլինի արդեն Ալիևը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



14-07-2020 17:27:03   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է. 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 13-ին տեղեկություն է տարածել այն մասին, թե հայկական ուժերը իբրև թե գնդակոծել են Նախիջևանի դիրքերը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հայտարարությունը ունի բավականին աչալուրջ դիտարկման կարիք, քանի որ այն կարող է լինել ոչ թե զուտ քարոզչական պատերազմի մի քայլ, այլ քարոզչական նախապատրաստում ռազմական որոշակի քայլերի, որոնք կարող են լինել նախիջևանյան կողմից: Բանն այն է, որ այստեղ խնդիրը, անշուշտ, Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան: Նախիջևանը վաղուց Ադրբեջան չէ՝ Թուրքիա է, այնտեղ իրավիճակը կառավարում է Թուրքիան: Ըստ այդմ, Նախիջևանի մասին հիշեցումը հիշեցում է Թուրքիայի մասին, կամ Թուրքիան հիշեցնում է իր մասին, ստեղծելով ռազմական որոշակի քայլերի քարոզչական հիմք, քայլերի անհրաժեշտության դեպքում չհապաղելու համար: Թուրքիան անմիջապես արձագանքել էր Տավուշի սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած լարմանը, որ բերել էր ադրբեջանական կողմի ռազմավարական դիրքերի կորստի: Անկարայի արագ արձագանքը վկայեց, որ տեղի ունեցողը գնահատվել է ոչ թե զուտ հայ-ադրբեջանական մասշտաբի հարց, այլ ռեգիոնալ նշանակության խնդիր:
Իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված ջանք է փորձել գործադրել Ռուսաստանը, որի արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հետ: Ի դեպ, ուշադրության է արժանի հանգամանքը, որ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը մի քանի օր առաջ հայտնվել էր պետական անվտանգության ծառայության՝ Ադրբեջանի ՊԱԾ թիրախում: Այդ ծառայությունը հատուկ գործողություն էր արել ԱԳՆ-ում, ինչի հետևանքով կալանավորվել է այդ նախարարությունում Մամեդյարովի վաղեմի զինակից ու ընկերը, որը զբաղեցնում էր գործերի կառավարչի պաշտոնը: Մամեդյարովը հրաժարական չտվեց, սակայն հարվածը, անշուշտ, բավականին զգայուն էր: Մյուս կողմից ակնառու էր, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանում առկա ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակի ֆոնին խորքային բարդությունների պայմաններում: Ռազմա-քաղաքական իրավիճակը Բաքվին մտցրել է փակուղի, որը խորանում է ներքին սոցիալ-տնտեսական և համաճարակային լարվածության ազդեցությամբ: Այդ հանգամանքը ունակ է քայքայելու ցանկացած ամբողջատիրական համակարգ, որը ցանկացած դեպքում կառուցված է լինում այսպես ասած՝ լայն օրերի, ոչ թե նեղ օրերի տրամաբանության վրա: Որևէ նեղ օր, նեղացող օր կամ տարի սկսում է քայքայել համակարգը: Մամեդյարովի դեմ գրոհը ադրբեջանական համակարգի քայքայման դրսևորում էր: Եվ դրա վկայություն է նաև այն, որ Մամեդյարովը փաստորեն կարողացավ պահել գրոհը, չտալ հրաժարական: Դա նշանակում է, որ նա ուներ ազդեցիկ իշխանական աջակցություն, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այդ թևն ունի արտաքին ազդեցիկ աջակցություն:
Եթե հաշվի առնենք այն, որ Մամեդյարովի գործունեությունը բավականին նուրբ, բայց նկատելի ձևով խրախուսում են Մինսկի խմբի համանախագահները, այդ թվում՝ Ռուսաստանը, նրան դիտարկելով Ադրբեջանում արցախյան գործընթացի հանդեպ քաղաքական կարգավորման փիլիսոփայության կրող հենասյուներից մեկը, քանի որ համանախագահներին դա պետք է իրավիճակի քաղաքական կառավարումը շարունակելու համար, հնարավոր է ասել, որ նրանք էլ պահել են Մամեդյարովին: Թերևս, դրա համար էր Ալիևը մի քանի օր առաջ դժգոհում համանախագահների անգործությունից: Խոշոր հաշվով, դա, իհարկե, Ալիևի պարտությունը չէ: Ալիևն Ադրբեջանում, թերևս, վաղուց այլևս որոշիչ գործոն չէ: Մամեդյարովին «պահելը» իր պարտություն է համարում Թուրքիան, առավել ևս, երբ հայտնի է Անկարայի տարիների հավակնությունը՝ որևէ կերպ դառնալ արցախյան հարցում միջնորդական ձևաչափի, կարգավորման գործընթացի մասնակից:
Թուրքիան լավ է պատկերացնում, որ այդ ձևաչափը մշտապես եղել է և առավել ևս ներկայիս աշխարհակարգային վերափոխման փուլում դառնալու է առանցքային աշխարհաքաղաքական հարթակ: Անկարան դուրս է մնում դրանից, միաժամանակ չունի այնպիսի ազդեցություն, որը թույլ կտա լինելով դուրս, այդուհանդերձ, ունենալ որոշակի դեր: Այդ ազդեցության միակ միջոցը մնացել է Ադրբեջանի իշխանությունում թուրքական ազդեցության ենթակա թևը, որը ակնհայտորեն ռազմատենչ թևն է: Այդ թևի ծավալման առավելագույն հարմար տիրույթը Նախիջևանն է, որտեղ կա նաև թուրքական ռազմական ներկայություն: Բացառված չէ, որ Տավուշում ստացած ուժգին ապտակը այդ թևը փորձի փոխհատուցել Նախիջևանում, Բաքվում պատասխանատվությունից խուսափելու համար: Ալիևի համար ամբողջ հարցն այն է, որ Նախիջևանի ուղղությամբ էլ ապտակ ստանալու դեպքում պատասխանատվությունն արդեն կլինի ոչ թե ռազմատենչ թևինը, այլ նախիջևանյան իշխող կլանինն ընդհանրապես՝ իր գլխավորությամբ:
 


Lragir.am-ը գրում է.
Հայաստանում լայն արձագանք է ստացել ՀԱՊԿ որոշումը, ավելի շուտ ՀԱՊԿ երկու որոշումները: Նախ կազմակերպությունը զարմացրեց հայաստանցիներին՝ Տավուշում ադրբեջանական
սադրանքից հետո կայացնելով Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու եւ հարցը քննարկելու աննախադեպ օպերատիվ որոշում: Հետո սակայն ՀԱՊԿ ամեն ինչ «գցեց» իր տեղը, հայտարարելով, թե լրացուցիչ կոնսուլտացիայի համար հետաձգում է նիստը՝ անորոշ ժամանակով:
ՀԱՊԿ վարքագիծը խոշոր հաշվով այդ կառույցի «ավանդական» տրամաբանության մեջ է, որը բացարձակապես կապ չունի ռազմա-քաղաքական բլոկի տրամաբանության հետ: Ավելի շուտ, ՀԱՊԿ-ն անտրամաբանական կառույց է, ըստ այդմ հնարավոր չէ դրանից սպասել ռազմա-քաղաքական բլոկին բնորոշ տրամաբանական վարքագիծ: Այն, որ այդպիսի ռազմա-քաղաքական բլոկ փաստացի գոյություն չունի, դեռեւս 2014-ի դեկտեմբերին Մոսկվայում ոչ պաշտոնական Վեհաժողովին բավականին պատկերավոր ձեւով ազդարարեց Սերժ Սարգսյանը: Նա ՀԱՊԿ ղեկավարներին նախատեց, թե անգամ հեռախոսը չեն վերցնում եւ զանգահարում Երեւան, հարցնելու համար, թե ինչպես է վիճակը սահմանին:
Այդ իմաստով, ՀԱՊԿ-ը մշտապես եղել է հետխորհրդային տարածության քաղաքական մրցակցության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների պարզման մի հարթակ, որտեղ բլոկի սահմանները շատ հարաբերական են, եւ դրանցից դուրս գտնվող Ադրբեջանն, օրինակ, կարող էր ունենալ ավելի մեծ ներկայություն եւ ազդեցություն, քան բլոկի ներսում եղած Հայաստանը:
Այստեղ խնդիրն այն է, թե Հայաստանը որքանով է ունակ ինքնուրույն եւ հստակ հարցադրումներ դնել ՀԱՊԿ-ի առաջ, որովհետեւ եթե չկա այդ կարողությունը, ապա սկզբունքորեն անիմաստ է բլոկը լքելու հարցի բարձրացումը: Թավշյա հեղափոխությունից հետո Երեւանը հայտարարեց, թե որդեգրել է ՀԱՊԿ դերն ու նշանակությունը բարձրացնելու քաղաքականություն:
Առանցքայինն այստեղ այն է, թե որքանով է փոխվում Երեւանի քաղաքականությունն արցախյան հարցում եւ Ադրբեջանի հանդեպ գործողություններում: Այստեղ է, որ իրավիճակի փոփոխությունն անխուսափելիորեն դրա հետ առերեսման է բերելու ՀԱՊԿ-ին:
Տավուշում ադրբեջանական սադրանքին հասցված կոշտ հարվածը առերեսում է նաեւ ՀԱՊԿ-ի համար: Արտահերթ նիստ հրավիրելու արձագանքը պայմանավորված էր հենց դրանով: Հետո, իհարկե, նիստը չեղարկվեց, բայց դա, ըստ էության, ավելի շատ խոսում է ՀԱՊԿ-ի եւ Ադրբեջանի, քան Հայաստանի խնդրի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ արտահերթ նիստի չեղարկմանը նախորդել էր ՌԴ արտգործնախարարի հեռախոսազրույցը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որում Լավրովը կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը, ինչը նշանակում է արձանագրել այն իրավիճակը, որ կա: Ըստ այդմ կարո՞ղ էր արդյոք նիստը չեղարկվել պայմանով, որ Բաքուն համակերպվում է ռազմավարական դիրքային կորստի հետ:
Բանն այն է, որ հակառակ դեպքում թե ՀԱՊԿ-ը, թե Բաքուն կարող էին հայտնվել փոխադարձ փակուղում, եթե Բաքուն փորձում է վերադարձնել կորուստը, իսկ Երեւանը  մնում  Տավուշում հասցված ուժեղ պատասխանի հաստատուն դիրքում:
ՀԱՊԿ-ն ի վերջո պետք է կամ աջակցի Երեւանին, կամ պարզապես հայտարարի իր գոյություն չունենալու մասին: Իրավիճակը թե Հայաստանում, թե աշխարհում վաղուց մտել է բավականին բաց խաղի շրջանակ եւ «երրորդ ճանապարհը», որ զավեշտի կարող է բերել օրինակ Հայաստանի ներքաղաքական կյանքում, աշխարհաքաղաքական կյանքում կարող է բերել բավականին բարդ հետեւանքի: ՀԱՊԿ-ը դա լավ է պատկերացնում: Դա թերեւս լավ է պատկերացնում նաեւ Բաքուն, որ չարժե չարաշահել երբեմնի ազդեցությունն ու ՀԱՊԿ-ին մղել փակուղի, դա լավ չի ավարտվի Ադրբեջանի համար:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, և, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաև արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաև տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաև Հայաստանը:
Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։ Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:
Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաև յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար: Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը և միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի նորքո։
Այսպիսով, նկատենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո սա փորձաքար էր ինչպես հեղափոխական իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, սակայն փորձը չհաղթահարվեց, և ընդդիմության կողմից եղան բազմաթիվ շահարկումներ՝ ընդհուպ վարչապետի զինվոր որդու հիշատակմամբ:
Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջև դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաև մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար:
Միևնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին և միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ը, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՅԴ հայաստանյան կառույցի ներկայացուցիչները տարբեր միջավայրերում բողոքում են, որ իրենց վրա լուրջ ճնշում կա, մասնավորապես սփյուռքի դաշնակցական կառույցներից:
ՀՅԴ Հայաստանի կառույցը ընդդիմադիր դիրքորոշում ունի գործող իշխանության նկատմամբ, մինչդեռ սփյուռքի կառույցները համարում են, որ կուսակցությունը պետք է պաշտպանի հեղափոխությունը և նրա ձեռքբերումները: Եվ քանի որ հայաստանյան ընկերների ֆինանսավորումը դրսից է, նրանք պարտադրված են ի գիտություն ընդունել սփյուռքից եկող ազդակները»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն համարում են, որ ԲՀԿ-ն այնքան էլ լուրջ չի վերաբերվում իրենց հետ համագործակցությանը:
Ինչպես հայտնի է, այս կուսակցությունները ստեղծել են համատեղ աշխատանքային խումբ: ԲՀԿ-ն այս խմբում ներկայացնում են Իվետա Տոնոյանը և Արթուր Գրիգորյանը: «Հայրենիք»-ը և ՀՅԴ-ն ներկայացվածության նման ցածր մակարդակը համարում են իրենց համագործակցությանը ոչ լուրջ վերաբերվելու հետևանք»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է:
Պարզվում է՝ հաշվեքննության ընթացքում, հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված է կասեցվել Առողջապահության նախարարության՝ պետբյուջեի երեք ամիսների մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննությունը: Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ում տեղի են ունեցել հարկայինի պետերի փոփոխություններ։ Օդիոզների բարեկամները համակարգից հեռացվելու փոխարեն, հիմնականում ռակիրովկայի են ենթարկվել։
Եթե հակիրճ անդրադառնալու լինենք, ապա ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբայրը Արարատի հարկայինից տեղափոխվել է Եղեգնաձոր։ «Երևան» հիմնադրամի տարոնական տնօրենի որդին Եղեգնաձորի հարկայինից տեղափոխվել է Սևան։ Նախկին նախարար Սուրեն Կարայանի բարեկամ Արթուր Խաչատրյանը չի ընդունել Կապանի հարկայինի պետի պոստը և ՊԵԿ-ից ազատման դիմում է գրել։
Ավելորդ է նշել, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի 3 ընկերները ևս մնացին անձեռնմխելի և պահպանեցին յուղոտ տեսչությունները»։
 
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Կիրակի օրը և երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:
«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաև Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիևի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում:
Խուճապային տրամադրություն կա նաև Ադրբեջանի վերնախավում: Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիևի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիևի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում:
Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիևին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, և ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:
 
«Իրատես» թերթը գրում է.
«Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը, կարելի է ասել, աննախադեպ ակտիվություն է ցուցաբերում՝ օգտագործելով հրետանային միջոցներ, տանկեր և այլն: «Իրատեսի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն ու ավելացնում՝ թշնամու նման պահվածքը, բնականաբար, անակնկալ չէ, ավելին, հաշվի առնելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, կանխատեսելի էր, որ ինչ-որ փուլում դիմելու էին նմանօրինակ սադրանքի։
Մանգասարյանը բացատրում է. երբ հակառակորդը նման տրամաչափի զինատեսակներ է օգտագործում, դա ինքնին լարվածության աճ է ենթադրում, իսկ իրադրությունը ցանկացած պահի կարող է ավելի սրվել։
«Պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, որ եթե հակառակորդը փորձի ուժի լեզվով խոսել, ապա զինված ուժերն ամեն ինչ անելու են դիրքային բարելավումներ ունենալու համար: Ենթադրում եմ, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև նման խնդիր դրված եղել է, ինչն էլ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ի կատար է ածվել։ Բայց այստեղ պետք է մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնել. դիրք հետ բերելը մի խնդիր է, դիրք պահելը՝ մեկ այլ:
Վերջինը, ըստ իս, շատ ավելի ծանր է, քանի որ տվյալ դիրքի պաշտպանությունը պետք է հակառակորդի ինտենսիվ կրակի տակ կազմակերպել, հակառակորդը փորձելու է հակահարձակման անցնել, ինչը, բնականաբար, դժվարություններ է առաջացնելու՝ կապված տվյալ դիրքի հաղորդակցության, մատակարարման և այլ հարցերի հետ։ Մեր տղաները, վստահ եմ, այս անգամ նույնպես կարողանալու են լուծել իրենց առջև դրված բարդ ու դժվարին բոլոր խնդիրները, նրանք դա բազմիցս ապացուցել են»,- ընգծում է մեր զրուցակիցը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՕԵԿ նախկին պատգամավոր, նախկին նախարար Մհեր Շահգելդյանը «Ամերիաբանկ»-ի հայցի հիման վրա կճանաչվի սնանկ։ Շահգելդյանի սնանկությունը գալիս է հանրահայտ ընտրակաշառքի ժամանակներից, երբ Կենտրոն համայնքի որոշ «տասովչիկներ» ուղղակի «քցել» են Շահգելդյանին՝ գումար վերցնելով նաև ԲՀԿ-ից։ Ինչևէ, իրավապահները մոտ են պարզելու հանցավոր շղթան։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը` Մհեր Շահգելդյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, հուլիսի 8-ին ընդունվել վարույթ։ Գործը մակագրված է սնանկության գործերով դատավոր Արմեն Խաչատրյանին»։
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա
Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաչարչար օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 10-ի համարում գրել էր, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել էր: Գրել էինք նաև, որ պատճառը եղել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջև անհամաձայնությունը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երկար, բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվել է այդ նախագծում փոփոխություններ անել և դնել երկրորդ ընթերցմամբ քվեարկության։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ուրբաթ օրը նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկման թեմա էին դարձել հենց «Ընդերքի մասին» օրենքի հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը դժգոհել է, որ միջանձնային հարաբերությունները կարող են դառնալ այնպիսի իրավիճակի պատճառ, երբ անգամ նախագծեր են հեռացվում օրակարգից: Հիշեցնենք, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ օրենքով ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննություն իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և կուսակցության գործիչների մասով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում, նկատենք՝ ԱԱԾ-ում այս քրեական գործերի մասով լայնածավալ քննություն է ընթանում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու և համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը: ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս և ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս:
Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան: Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, և սա,, ըստ էության արվում է ժամանակ շահելու համար»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար