Լատվիան հետաքրքրված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերով, մասնավորապես՝ ATOM նախագահական նախաձեռնությամբ

07-07-2020 17:38:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հետ:
 


Հայաստանի և Լատվիայի նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ իրենց երկրների փորձառությունների մասին:
 
Նախագահ Սարգսյանը կարևորել է Լատվիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ ընդգծելով ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության նոր հնարավորությունները: Նախագահը բարձր
է գնահատել փաստը, որ Լատվիան Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած` ԵՄ առաջին պետություններից է:
 
Խոսելով հայ-լատվիական փոխգործակցության հեռանկարների մասին՝ նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, այնպես էլ՝ գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում: Նախագահ Լևիթսն ընդգծել է լատվիական կողմի հետաքրքրությունը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես՝ ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնության նկատմամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև սննդի անվտանգության «միջանցքի» և դրան Լատվիայի հնարավոր մասնակցության մասին:
 
Հայաստանի նախագահը հրավիրել է Լատվիայի նախագահին՝ հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար