Տհաճ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների համար

07-07-2020 10:40:15   | Հայաստան  |  Վերլուծություն
Հուլիսի 6-ին հայտնի է դարձել Վերաքննիչ դատարանի որոշման մասին, որով բավարարվել է Առագաստ սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործի վերաբերյալ դատախազության դիմումը: Դատախազությունը Վերաքննիչ էր դիմել 2020 թվականի հունվարին, որպեսզի բեկանվի 2001 թվականին տեղի ունեցած սպանության վերաբերյալ 2002 թվականի դատավճիռը եւ գործը նոր քննության համար հետ ուղարկվի Ընդհանուր իրավասության դատարան: Դատախազությունը հայտնել է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ սպանությունը տեղի է ունեցել ծանրացուցիչ հանգամանքով եւ դրան մասնակցել են նաեւ այլ անձինք՝ պայմանական դատապարտված Աղամալ Հարությունյանից բացի, որը այն ժամանակ նախագահ Քոչարյանի թիկնազորից էր:
 


Պողոս Պողոսյանի սպանության համար դատապարտվեց հենց նա, թեեւ մեկ օր անգամ չհայտնվեց ազատազրկման մեջ, իսկ երկամյա պատիժը պայմանական էր՝ մեկ տարի փոր
ձաշրջանով:
 
Պատմությունը «թարմացվեց» թավշյա հեղափոխությունից հետո: 2019-ի սեպտեմբերին Հայաստան եկավ վկաներից մեկը՝ բրիտանացի Սթիվեն Նյուտոնը: Նա լրագրողներին հայտնեց, թե այն ժամանակ իրեն հորդորել էին հեռանալ Հայաստանից եւ ավելորդ չխոսել: Նյուտոնը հայտարարում է, որև դեպքի ականատես է, իսկ այն ժամանակ դատարանը չի դիտարկել իր գրավոր  ցուցմունքը, քանի որ այն եղել է անգլերեն:
 
Աղամալ Հարությունյանի համար կիրառվել է խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրություն: Դատախազության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ վերաքննության ընթացքում հնարավոր է ոչ միայն ավելի ծանր մեղադրանք Հարությունյանի, այլեւ մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի այն ժամանակի թիկնազորի նաեւ այլ անդամների նկատմամբ: Թիկնազորի անդամներից
շատերն այժմ էլ աշխատում են երկրորդ նախագահին օրենքով վերապահված անվտանգության թիմում:
 
Պողոսյանի հանդեպ թիկնազորի գործողությունը որքանո՞վ է պայմանավորված եղել երկրորդ նախագահի որեւէ ցուցումով: Այդ մասին թե այն ժամանակ, թե մինչեւ այժմ մամուլում եղել են ամենատարբեր հրապարակումներ, սակայն անգամ երկրորդ նախագահի հանդեպ որեւէ մեղադրանքի հիմքի բացակայության պայմաններում, թիկնազորի տղաներին ներկայացվելիք որեւէ մեղադրանք հոգեբանական բեռ կլինի Ռոբերտ Քոչարյանի համար:
 
Մյուս կողմից, այն, որ եղել է հանցանքին ոչ համարժեք պատիժ, թերեւս աղաղակող է: Ավելին, 2002 թվականին այդ մասին հայտարարում էր տուժողի ներկայացուցիչների շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Սահակյանը, որն ի դեպ ներկայումս երկրորդ նախագահի պաշտպանական թիմում է:
 
Առավել տպավորիչ է այն ժամանակ ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի խոսքը, որ մեջբերում էր 2002-ին Ազատություն ռադիոկայանը: «Մենք դժգոհ ենք դատավարության ընթացքից եւ վճռից»: Ազատությունը շարունակում է. «սակայն, ըստ Վարդանյանի, հասարակության մեջ արմատացած է մի հիվանդություն՝ հրաժարվել վկայություններ, հստակ եւ օբյեկտիվ ցուցմունքներ տալուց, եւ դրա պատճառը վախի մթնոլորտը չէ: Վարդանյանն ասել է, որ մարդ էր սպանվել եւ պետք է լիներ ավելի խիստ պատիժ: Նա միաժամանակ ասել է, թե համոզված է, որ իշխանությունը որեւէ բան չի հանձնարարել դատարանին, բայց  «մենք ականատես եղանք, որ դատական համակարգը իսկապես կայացած չէ, եւ մեր հասարակությունն էլ չի օգնում, որ կայանա», ասել էր Վարդանյանը:
 
Աղվան Վարդանյանը ներկայումս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության հանձնախմբի համակարգողն է: Նա գոհ կլինի՞ դաշնակցական Պողոս Պողոսյանի գործի վերաքննության հանգամանքից, թե՞ կհամարի, որ դա արվում է Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական նկատառումով: Ինչպիսի՞ն կլինի դաշնակցական Պողոսյանի գործի վերաքննության նկատմամբ ՀՅԴ դիրքորոշումը, որն այժմ ընդդիմություն է, եւ որը թավշյա հեղափոխությունից հետո կուսակցության որոշմանը չենթարկվելու եւ Փաշինյանին չսատարելու համար շարքերից հեռացրեց նույն Աղվան Վարդանյանին:
 
Ինչ է սպասվում դատարանում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 561 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար