Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին

06-07-2020 18:19:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝ «Թիմ» ՍՊԸ կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% փայաբաժնի ձեռքբերման միջոցով համակենտրոնացման վերաբերյալ Ucom ընկերության դիրքորոշումը պարզելու նպատակով։ Նշենք, որ ս․թ․ հունիսի 8-ին «Թիմ» ՍՊԸ-ն ՀՀ ՏՄՊՊՀ դիմում է ներկայացրել նշյալ գործարքի իրականացումը թույլատրելու խնդրանքով: Ս․թ․ հուլիսի 1-ին «Յուքոմ» ՓԲԸ ներկայացրել է իր դիրքորոշումը նշյալ գործարքի վերաբերյալ՝ մասնավորապես հայտնելով, որ սույն համակենտրոնացումը ենթակա է արգելման մի քանի հիմքերով: 
 


Մասնավորապես, ըստ դիրքորոշման, «Թիմ» ՍՊԸ և նրա ղեկավարության կողմից թույլ տրված գործողություններն պետք է որակվեն որպես անբարեխիղճ մրցակցություն (ներառյալ՝ չբացահայտված՝ Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության օգտագործմամբ անբարեխիղճ մրցակցություն)։ Հետևաբար՝ քննարկվող գործարքի կնքումը հակասում է Տնտեսական մրցակացության պաշտպանության մասին ՀՀ օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածներին, և համակենտրոնացումը ենթակա է ՏՄՊՊՀ կողմից արգելման։
 
Դիրքորոշմամբ արձանագրվում և հիմնավորվում է, որ  Ucom ընկերության նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը (ով մինչ այսօր հանդիսանում է «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ), մեր գնահատմամբ, խախտել
են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս և ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲ ընկերության սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել և հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է Դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են: 
 
«Յուքոմ» ՓԲԸ կողմից ՀՀ ՏՄՊՊՀ են ներկայացվել վերը նշված պնդումները հաստատող փաստական հանգամանքներ։ Ավելին՝ ներկայացվել է համանման իրավական կարգավորումներ ունեցող երկրների փորձի համեմատական-իրավական վերլուծություն, որպես դիրքորոշման մեջ բերված հիմնավորումները հաստատող հավելյալ փաստարկ։ Տրամադրված տեղեկատվությամբ ընդգծվում
է, որ նման դրսևորումները բացառիկ չեն և դատապարտելի են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում։
 
«Յուքոմ» ՓԲԸ-ն հայտնում է, որ պատրաստվում է պաշտպանել իր խախտված իրավունքներն, ինչպես հայաստանյան իրավասու մարմիններում, այնպես էլ արտերկրի համապատասխան ատյաններում և հիմա քննարկում է իրականացնում իրավաբանական ծառայություններ մատուցող թիմի և արտասահմանյան իրավաբանների հետ՝ հնարավոր իրավական գործընթացներ նաև արտերկրում սկսելու վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար