ՀՀ նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

06-07-2020 17:49:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: 
 


 Հանդիպմանը մասնակցել են «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» հայաստանյան մասնաճյուղի հիմնադիր նախագահ և գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը, «Գլոբբինգ» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանը:
 
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանում և ընդհանրապես աշխարհում սպասվելիք և արդեն իսկ ի հայտ եկած տնտեսական դժվարություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք անհանգստացնող են բոլորի համար՝ անհատ ձեռներեցից ու փոքր ստարտափ ունեցողից մինչև մեծ ընկերություններ: «Դուք Հայաստանում համեմատաբար մեծ ընկերություններ եք ներկայացնում: Մեծը չի նշանակում, որ հարուստ եք և կարող եք հաղթահարել այս վիճակը,- դիմելով հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Մեծը հաճախ նաև նշանակում է մեծ խնդիրներ, մեծ բանկային վարկեր, մեծ պատասխանատվություն, մեծ թվով աշխատողներ, որոնք 1000-3000 ընտանիք են: Եթե կան տնտեսական դժվարություններ, որոնք անդրադառնում են ընկերության վրա, ապա բնական է, որ անդրադառնալու են նաև այդ մարդկանց վրա: Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք, հեռու եք իրական գործընթացներից, որովհետև դա վիրտուալ աշխարհ է, որտեղ մարդիկ ամենասկզբից կարողացել են հեռավորության վրա աշխատել: Թվում է՝ այս ամենը ճիշտ է: Սակայն նաև սխալ է, որովհետև ձեր ոլորտը ևս վերակառուցվելու է կամ արդեն իսկ վերակառուցման փուլում է: Կան ընկերություններ, որ վերև են գնալու, կան ծառայություններ, որոնք տրամաբանորեն ավելի պահանջված են լինելու, և կլինեն ոլորտներ, որոնց համար շատ ավելի դժվար է լինելու»:
 
Ընկերությունների ղեկավարները ներկայացրել են համավարակով պայմանավորված իրավիճակի ազդեցությունն իրենց ոլորտների վրա, խոսել նոր միտումներին հարմարվելու և ժամանակակից պահանջներին
համապատասխան գործիքներ կիրառելու, սփյուռքի մասնագետների ներգրավման հնարավորությունների մասին: Անդրադարձ է եղել նաև ծրագրված միջոցառումներին և դրանք առցանց իրականացնելու հնարավորություններին:
 
Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ կորոնավիրուսի համավարակին հաջորդելու է «ռեսթարթի» գործընթացը, հետևաբար, ամեն երկիր հնարավորություն կունենա նորից ինքն իրեն ներկայացնել: «Շատ էական է, որ մենք լավ ներկայացված լինենք,-ասել է նախագահը: -Աշխարհում շատ երկրներ ունեն արտահանումը խթանող կամ օտարերկրյա ներդրումների գործակալություններ: Հայաստանը մեկ գործակալություն պետք է ունենա, որը երկու ուղղությամբ էլ աշխատի՝ հայկական ապրանքը դուրս տանելու, ձեզ աջակցելու և հակառակը՝ դրսից ներս բերելու»: Նախագահն ասել է, որ իր առաջարկությամբ և ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից անցյալ տարի պատրաստված՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, խոսվում է նման մի կառույցի՝ Արագ արձագանքման աշխատանքային խմբի մասին: «Պետք է լինի հզոր աշխատանքային խումբ՝ ներառելով և՛ հայերի, և՛ օտարերկրացիների»,- նշել է Հանրապետության նախագահը, վերստին հիշեցնելով մյուս կարևոր խնդրի՝ էլեկտրոնային կառավարման մասին: Նախագահի խոսքով՝ որքան արագ և որքան շատ ոլորտներ անցնեն էլեկտրոնային կառավարման, այնքան տնտեսությունն ավելի ապահով կլինի: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այն ոլորտները, որոնք ապագային են միտված և առաջնահերթություն են մեր երկրի համար, պետք է նաև հարկային արտոնություններ և պետական աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք մրցունակ չենք լինելու:
 
Քաջալերելով ՏՏ ոլորտի ընկերությունների՝ ապագային միտված ծրագրերը, որոնք նաև Հայաստանն աշխարհին ներկայացնելու ձևերից մեկն են, Արմեն Սարգսյանն անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին և STARMUS փառատոնին: ««Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շուրջ, որը պետք է անցկացվեր Դիլիջանում՝ «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, հետաքրքրությունը կրկնակի է: Այսինքն՝ անցյալ տարվա փոքր հաջողությունը ճանապարհ է բացում այն նորից անցկացնելու,-նշել է Հանրապետության նախագահը: -«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հետաձգվել է հոկտեմբեր: Եթե պայմանները թույլ չտան, հնարավոր է՝ այն իրականացնենք ավելի փոքր ձևաչափով, և նվիրված լինի համավարակներին և քաղաքականությանը:
 
STARMUS փառատոնի հարցում էլ ունենք հաջողություն, և, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս կհայտարարվի այն Հայաստանում անցկացնելու մասին: Հույս ունեմ, որ մեկ տարի անց այլևս դիմակներ կրելու կարիք չի լինի, և այդ փառատոնը կնպաստի նաև զբոսաշրջության աճին: Ծրագրում ենք նաև համաժողով Horasis-China կազմակերպության հետ, որը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերին՝ չինական 50 կազմակերպությունների մասնակցությամբ: Այն դեռևս ուժի մեջ է, սակայն ժամանակը ցույց կտա:
 
Այն ինչ դուք անում եք գրավիչ է: Ձեր բոլորի շուկան, Հայաստանից բացի, աշխարհն է, սակայն ոտքերին ամուր կանգնելու համար, դուք պետք է Հայաստանում աջակցություն ստանաք»:
 
Որպես ապագայում սպասվող դժվարություններից մեկը՝ նախագահ Սարգսյանը նշել է պարենի անվտանգությունը: «Հայաստանը պետք է աշխատի առավելագույնս ինքնաբավ լինել և, ինչպես ձեր ոլորտն է, դառնալ նաև մթերքի, գյուղատնտեսական ապրանքների միջազգային
առևտրի կենտրոն,- ասել է նախագահն՝ ընդգծելով նաև ժողովրդագրական խնդիրը: -Մեր հայրենակիցներից շատերը, ովքեր արտագնա աշխատում էին, հավանաբար, այդ երկրներում աշխատանք չգտնեն: Հետևաբար, առաջանում է գործազրկություն: Մյուս կողմից, որոշակի ոլորտներում, նաև գյուղատնտեսական, մենք հսկայական ներուժ ունենք, հողեր ունենք, որոնք մշակված չեն, և պետք է քաջալերող ծրագրեր լինեն, որ մարդիկ գնան այնտեղ: Հատուկ քաղաքականության կարիք ունենք Սփյուռքի հետ կապված: Ամեն մարդ հայրենասեր է, սակայն դրա հետ մեկտեղ պետք է լինի նաև գրավչություն, որպեսզի այդ մարդն իմանա, որ, գալով հայրենիք, իր ներուժը ճիշտ է օգտագործում: Սփյուռքահայը պետք է զգա, որ այս երկրի մասն է կազմում»:
 
Նախագահը ներկայացրել է նաև գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM նախաձեռնության հետ կապված աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ:
 
Ամփոփելով զրույցը՝ նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը:
 
 
 ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար