«Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք». Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին.Ermenihaber.am

29-05-2020 14:38:29   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար շրջանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է մեջլիսում (խորհրդարան)։ Փայլանը թեմայի վերաբերյալ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հասցեագրված հարցադիմում է հանձնել խորհրդարանի ղեկավարությանը։ 
 


Հարցադիմումի մեջ հայ պատգամավորը նախ թվարկել է վերջին շրջանում Ստամբուլի հայկական եկեղեցիների նկատմամբ ատելության հողի վրա տեղի ունեցած հարձակումները, ապա հիշեցրել, որ այդ հարձակումներից հետո Թուրքիայի նախագահն ու նախարարները դատապարտող հայտարարություններ չեն արել։
 
«Որևե նախագահ չպետք է լուռ մնա այն ժամանակ, երբ ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում սրբավայրերի վրա։
 
Չպատժված, չդատապարտված ատելության հողի վրա հանցագործությունը կրկնվել է․ 2020-ի մայիսի 26-ին Ստամբուլի Սկյուտար շրջանի Քուզգունջուք
թաղամասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (պարսպի դռան-խմբ․) խաչը պոկել ու գետնին են նետել։ Այսպիսով ատելության հողի վրա ևս մեկ հանցագործություն է տեղի ունեցել»,- գրել է Փայլանը, ապա Թուրքիայի փոխնախագահին ուղղել հետևյալ հարցերը։
 
– Ինչու՞ չեք ձեռնարկում միջոցներ փոքրամասնությունների պաշտամունքի վայրերի վրա պարբերաբար տեղի ունեցող հարձակումների դեմ։
 
– Ատելության հողի վրա հայկական եկեղեցիների դեմ իրականացվող հարձակումները ինչու՞ չեք կանխում։
 
– Ինչու՞ չեք դատապարտում եկեղեցիների վրա կատարված հարձակումները։
 
– Հնարավո՞ր է կանգնեցնել ատելության հողի վրա տեղի ունեցող հարձակումներն այն պարագայում, երբ հանրապետության նախագահը շարունակում է կիրառել այնպիսի ատեության խոսքեր, ինչպիսին օրինակ «թրի ավելցուկ»-ն է։
 
– Արդյո՞ք հանցավոր խտրականության չեք ցուցաբերում՝ չկանգնեցնելով եկեղեցիների վրա ատելության հողի վրա կատարվող հարձակումները։
 
– Եթե
ատելության այսպիսի հանցագործություններ կատարվեին ոչ թե եկեղցու, այլ՝ մզկիթի դեմ, լուռ կմնայի՞ք։
 
Ավելացնենք, որ հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակման վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահությանը ևս մեկ հարցադիմում է հանձնել ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր Թումա Չելիքը։ Չելիքը հարցադիմումն էլ ուղղված է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 424 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար