Վարչապետն իրեն ու բոլորին դրեց պատասխանատվության տակ․ Ալիեւը կդառնա՞ մահապարտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



25-05-2020 16:25:11   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է․ Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողությանը Հայաստանի վարչապետի ելույթը, թերևս, ավելի շատ վերաբերում էր Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդած երկամյակին, քան բուն իրադարձության առիթ դարձած իրողությանը: Արցախի նախագահի պաշտոնամուտն էր Փաշինյանն ակնհայտորեն օգտագործել որպես առիթ հեղափոխության երկու տարին դե ֆակտո ամփոփելու համար: Ամփոփում, որը, սակայն, ուներ ոչ թե վիճակագրական կամ «100 փաստի» տրամաբանություն, այլ առնչվում էր թերևս գլխավոր խնդրին՝ արժեհամակարգային, մտածողության հեղափոխությանը: Այդ իմաստով, վարչապետ Փաշինյանի ելույթում նկատելիորեն արձանագրվում էր այն, որ Հայաստանում մտածողության հեղափոխությունը առնվազն կիսատ է, անավարտ, եթե անգամ դիտարկենք, որ այն սկսված է և ունի որոշակի ծավալի ու դինամիկայի ընթացք: Ընդ որում, ելույթի որոշակի շեշտադրումներ վկայում էին այն հանգամանքը, որ այդ խնդիրը վարչապետ Փաշինյանը տեսնում է ոչ միայն հանրային, հասարակական-քաղաքական, այլ նաև իշխանական, կառավարական շրջանակներում, այսպես ասած՝ կառավարող վերնախավում:
«Ամեն ինչ հարաբերական է. նոր պաշտոնյան շատ արագ կարող է ձեռքբերել «հին» հատկանիշներ, և հին պաշտոնյան կարող է նորովի ընկալել իրավիճակը, նորովի ընկալել առաքելությունը, դասեր քաղել անցյալում իր ունեցած սխալներից»:
Ասել, որ շոշափվող խնդիրը առանցքայինն է հետհեղափոխական Հայաստանի երկրորդ տարում և հենց դրանից է կախված բոլոր ուղղություններով հասարակական-պետական զարգացման գործընթացների որակն ու բովանդակությունը, նշանակում է, թերևս, չասել ոչինչ: Որովհետև մտածողության, արժեհամակարգային փոփոխության անհրաժեշտությունն արձանագրված իրողություն էր անգամ մինչև հեղափոխությունը: Արձանագրված այն իմաստով, որ դրա մասին խոսում էին ոչ միայն զանազան ընդդիմադիր խմբերը, որոնց ճնշող մեծամասնությունն այս կամ այն կերպ միացավ հեղափոխությանը: Այդ արժեհամակարգային, մտածողության վերափոխման անհրաժեշտությունն այլևս իր կայուն, հաստատուն և ընդգրկուն տեղն էր գտել նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում, հարցազրույցներում, զանազան այլ ձևաչափերով հանրությանը փոխանցվող ուղերձներում և խոսքերում, անգամ բաժակաճառերում: Եվ ամբողջ հարցը հենց այն է, որ բաժակաճառի էր վերածվել այդ ամենի հանրագումարը, քանի որ խոսքերը հնչում էին, իսկ գործի տեսանկյունից հանրությունն ականատես էր լինում լիովին հակառակին: Բայց հենց այդ հանգամանքն է նաև, որ առաջացնում է վարչապետ Փաշինյանի արցախյան կարևոր ելույթի առնչությամբ ոչ պակաս կարևոր արձանագրման:
Մտածողության վերափոխման, արժեհամակարգային վերափոխման գործընթացի համար կարևորագույն պատասխանատվությունն իշխող քաղաքական մեծամասնությանն է, կառավարող վերնախավինը: Այդ տեսանկյունից, այստեղ է նաև թավշյա հեղափոխության քաղաքական արժեքը՝ փոխվել է կառավարող վերնախավը, ու, ըստ այդմ, նախկին ընդդիմադիր առաջատար խմբերից մեկին տվել արդեն կառավարման լծակների, կառավարող վերնախավի դիրքերից էապես բարձրացնել արժեհամակարգային վերափոխման հարցն առաջ տանելու արդյունավետությունը: Մի բան, որն անգամ իր՝ վարչապետ Փաշինյանի պետական վարքագծում հաճախ ենթարկվում է անկումների, այնպիսի տարրերի դրսևորմամբ, որոնք առավել բնորոշ են ցայտնոտի մեջ հայտնվող ընդդիմությունների, քան հաղթած հեղափոխության առաջնորդների, որոնք ստացել են հանրային մեծ աջակցություն հետագա կապիտալիզացիայի համար: Այդ իմաստով, Փաշինյանի արցախյան ելույթը, լինելով կարևոր ամփոփում և շոշափելով ապագայի, ընդ որում՝ ոչ հեռու ապագայի համար կարևորագույն հարցադրումներ, մյուս կողմից նաև դրսևորեց որոշակի հակասականությունը շոշափվող խնդիրների և կառավարող վերնախավի վարքագծի միջև:
Այստեղ անհրաժեշտ է արձանագրել վարքագծի, և ոչ թե կառավարման ընթացիկ արդյունավետություն: Որովհետև կառավարման ընթացիկ արդյունավետության խնդիրներ ունեն, ունենալու են բոլոր կառավարությունները՝ հեղափոխական, թե ոչ: Վարքագիծը կամ, այլ կերպ ասած, վերնախավային նոր էթիկան է, որ պետք է լինի առավելագույն նշաձողի վրա, և որը գործնականում կազմում է որևէ վերնախավի հանդեպ հանրության վերաբերմունքի և գնահատականի բազիսը: Այդ իմաստով, վարչապետի ելույթը՝ իրապես խիստ խորհրդանշական Շուշիում, կամա, թե ակամա վերածվում է որոշակի նշաձողի, որով պետք է չափվի վերնախավային հետագա մտածողությունն ու էթիկան:
 


Lragir.am-ը գրում
է․ Թուրքիայի նախագահ Էրդողանը զանգահարել է Իլհամ Ալիեւին, որին շնորհավորել է Ռամադան ամսի կապակցությամբ: Էրդողանն ու Ալիեւը քննարկել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը: Մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները քննարկած լինեն նաեւ պայքարը Լիբիայում՝ ռուսական օդանավերի դեմ, որոնք ըստ տարածված տեղեկության Սիրիայից նետվել են լիբիական ուղղություն, օրերս Ռուսաստանի կրած հարվածները փոխհատուցելու համար:
Տրիպոլիի կառավարության եւ դրան աջակցող Թուրքիայի դեմ օդային աննախադեպ հարվածի մասին ազդարարել են Լիբիայի ազգային բանակ միավորումը գլխավորող գեներալ Հավթարի հրամանատարները: Հավթարը վայելում է Ռուսաստանի զինվորական շրջանակների աջակցությունը: Օրերս Հավթարի զորքերը ծանր հարվածներ ստացան թուրքական անօդաչուներից, կորցնելով նաեւ ռուսական գովական սպառազինության մի մասը: Այդ հարվածը փաստացի հարված էր նաեւ Մոսկվային:
Մոսկվան ըստ ամենայնի փորձելու է ռազմական օդանավերի ներգրավումով օգնել Հավթարին վերականգնել դիրքերը եւ արդյունավետ պայքարել թուրքական անօդաչուների դեմ:
Լիբիայում թուրքական հաջողությունից բավական ոգեւորված էր Ադրբեջանը: Ադրբեջանական պրոպագանդան այդ հաջողությունները ներկայացնում էր այնպես, կարծես խոսքը հենց Ադրբեջանի ռազմական հաջողության մասին է: Միաժամանակ պարզ է,
թե ինչու էր Ալիեւին այդքան ոգեւորել Թուրքիայի հաջողությունը Լիբիայում, առավել եւս Ռուսաստանի դեմ պայքարում: Ալիեւն անշուշտ ակնկալում էր, որ այն կարող է տարածվել նաեւ Կովկասի ուղղությամբ, թեկուզ քաղաքական մթնոլորտի իմաստով, ստիպելով Ռուսաստանին զիջման գնալ այստեղ: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի հաջողությունն Ալիեւի համար անձնական իշխանության հարց է, որովհետեւ տեւական ժամանակ ակնառու է, որ Ռուսաստանը Ադրբեջանի նախագահի պաշտոնին ցանկանում է տեսնել Մեհրիբան Ալիեւային:
Կորոնավիրուսը կանխեց Ադրբեջանում արագացած այդ գործընթացը: Մի բան, որը իբրեւ մարտահրավեր դիտարկում է նաեւ Անկարան: Ռուսաստանի համար այդ փոփոխությունը Ադրբեջանում ազդեցության ընդլայնման նոր հնարավորություն է: Համաճարակն իհարկե չի կարող լինել այդ ընթացքի հուսալի եւ երկարաժամկետ արգելակ: Երկարաժամկետ իմաստով Ալիեւին անձնական իշխանություն պահելու համար անհրաժեշտ է Թուրքիայի առավելությունը Ռուսաստանի նկատմամբ: Իդլիբում դա չստացվեց, մի կողմից Մոսկվան ցուցաբերեց շատ թե քիչ սկզբունքայնություն՝ ռուս-թուրքական հարաբերության պատմության շրջանակում Մոսկվայի համար բավականին խորթ երեւույթ, եւ մյուս կողմից էլ դրա համար նպաստավոր իրավիճակ ստեղծեց Արեւմուտքը՝ Թուրքիային չցուցաբերելով էական աջակցություն:
Այդ իմաստով Լիբիայում Թուրքիան անում է ռեւանշի փորձ: Ռուսաստանը դարձյալ կլինի՞ սկզբունքային, թե՞ կվերադառնա ռուս-թուրքական հարաբերությանը պատմականորեն բնորոշ իր կեցվածքին՝ թյուրքական նկրտումների «միջին վարձատրությամբ» խնամակալի կարգավիճակին:
Դա պարզ կլինի առաջիկա օրերին: Միաժամանակ, Էրդողանի զանգը Ալիեւին վկայում է, որ Անկարան այդ առնչությամբ ունի անհանգստություն, եւ բացառված չէ, որ Ալիեւից ակնկալվում է իր ավանդական դերը՝ «շանտաժը», այդպիսով Մոսկվայի վրա ճնշում բանեցնելու առումով: Ընդ որում, հատկանշական է, որ Բաքուն մայիսի 22-ին արել էր հայկական դիրքերի ուղղությամբ դիվերսիայի փորձ, կրելով կորուստ եւ հետ շպրտվելով: Սակայն, դա գուցե ընդամենը հետախուզություն էր, եւ Անկարան կարող է Բաքվից ակնկալել ավելի մասշտաբային շանտաժ: Այլ հարց է, կվերածվի՞ Ալիեւն Էրդողանի մահապարտի, թե ոչ, բայց հայկական կողմը պետք է բազմապատկի զգոնությունը:
Հայաստանն իհարկե որեւէ դեպքում պետք է կտրուկ եւ կոշտ հակահարված տա որեւէ ռազմական շանտաժի, սակայն տվյալ պարագայում այդ հանգամանքը ձեռք է բերում նաեւ մեկ այլ ընթացիկ իմաստ՝ թույլ չտալ Կովկասում ճնշել ռուսներին, տալով նրանց Լիբիայում սկզբունքային լինելու քարտ բլանշ եւ այդպիսով նաեւ ձեռք բերելով ՌԴ հետ արդեն Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերում սկզբունքային եւ հաստատակամ դիրքի հավելյալ փաստարկ:
 
«Հայկական Ժամանակ»-ը գրում է․
Այնպես ստացվեց, որ Միքայել Մինասյանի հերթական տեսաուղերձի (շատերն, ի դեպ, դա ոչ թե «տեսաուղերձ» են անվանում, այլ «փեսաուղերձ») հենց հաջորդ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նախապես համաձայնեցված էր դա, թե ոչ՝ այնքան էլ էական չէ։ Փաստն այն է, որ երկուսն էլ Հայաստանում հեղաշրջում իրականացնելու նույն ծրագիրն են առաջարկում։ Ընդ որում՝ ծրագիրը բավականին պարզունակ է եւ շատ լավ նկարագրված է Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում։ Պետք է աշուղների (Մինասյանն ու Վանեցյանը հենց անուղղակիորեն նախկինների աշուղների դերն են ստանձնել) միջոցով փառաբանել Նիկոլ Փաշինյանի թիմակիցների բացառիկ խելքն ու կազմակերպչական հմտությունները, հավատացնել, որ հեղաշրջումից հետո իրենց վիճակը շատ ավելի լավ կլինի, որովհետեւ իրենք հիմա Փաշինյանի ստվերում են, մինչդեռ ավելիին են արժանի, այդպիսով՝ ստիպել, որ նրանք ներսից բացեն ամրոցի դռները (պառակտեն իշխող քաղաքական ուժը), իսկ իշխանությունը զավթելուց հետո... դե, պոեմը երեւի կարդացել եք։ Ու թող որեւէ մեկը չտարակուսի, որ այդ մարդկանց թշնամիների հետ ենք համեմատում։ Նրանք իրենք են այդպես դիրքավորվել, իսկ նրանց խոսափողներից մեկը նույնիսկ իշխանություններին սպառնալով՝ Ճապոնիայի օրինակն էր բերել, թե տեսեք՝ 1945-ին Ճապոնիան ժամանակին ինքնակամ կապիտուլյացիայի չենթարկվեց, ու ամերիկացիները ատոմային ռումբեր նետեցին Հիրոսիմայի ու Նագասակիի վրա, նայեք՝ հանկարծ Ճապոնիայի օրը չընկնեք։ Այսինքն՝ սրանք Հայաստանն ընկալում են որպես օտար, թշնամական երկիր, որի իշխանությունները եթե անձնատուր չլինեն՝ իրենք պարզապես կոչնչացնեն։
Արժե՞ արդյոք լուրջ վերաբերվել այս ծրագրերին ու սպառնալիքներին։ Այո, որովհետեւ պահը բավականին հաջող են ընտրել։ Կորոնավիրուսային իրավիճակը բարդ է, դրա հետեւանքները տեւական ժամանակ հնարավոր չի լինելու հաղթահարել, այսինքն՝ սոցիալական լարվածությունը պահպանվելու է, տնտեսական անկումն անխուսափելի է լինելու, եւ այս ամենի համադրությունն իդեալական պայմաններ է ստեղծելու այն «քաղաքական ուժերի» համար, որոնք փողից բացի ոչինչ չունեն։ Նրանք համոզված են, որ ինչքան աղքատ լինի ժողովուրդը, այնքան իրենք ավելի մեծ հաջողությունների կհասնեն փողի միջոցով։ Սրանց հույսն այն է, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց ոչ գաղափարներն են հետաքրքրում, ոչ նպատակները, ոչ ապագան։ Հուսանք՝ սխալվում են, որովհետեւ մարդիկ դեռ չեն մոռացել, թե ինչ ճանապարհներով են այդ «քաղաքական գործիչները» կուտակել միլիոնները, եւ ում պատճառով է, որ Հայաստանն այսօր բավարար ռեսուրսներ չունի աննախադեպ ճգնաժամի հետեւանքները լիարժեք չեզոքացնելու համար։ Որտեղի՞ց լինի, եթե անգամ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին միայն ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս է բերվել ավելի քան տասը միլիարդ դոլար։
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց գործունեությունն, իհարկե, անթերի չի եղել։ Հիմնական սխալը երեւի եղել է այն, որ չափից դուրս մեծ հույսեր են կապել դիմացինի ողջամտության հետ։ Ու դա ավելի շատ վերաբերում է նախկինների հետ հարաբերություններին։ Փաստորեն Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի թավիշն ընկալել որպես թուլության նշան, տեղ չեն հասել։ Դիմացինը դրանք հենց որպես թուլության նշան էլ ընկալել է ու անցել հարձակման։
Մնում է հուսալ, որ սխալն ուղղելու ժամանակ դեռ կա։
 
168.am-ը գրում է․
168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:
Մեր տեղեկություններով` ԱԱԾ տնօրենի համբերության բաժակը լցվելուն նպաստել է ինչպես Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակվելու փաստը, այնպես էլ այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափից առավել է միջամտում ուժային այդ գերկարևոր կառույցի աշխատանքներին, տալիս այնպիսի հանձնարարականներ, որոնց կատարումն, ըստ երևույթին, այլևս անհնարին է ողջ կյանքն ԱԱԾ-ում անցկացրած ու սպայական ուսադիրներ կրող ծառայողների համար:
ԱԱԾ փորձառու աշխատակիցները պրոֆեսիոնալ առումով անթույլատրելի և պատվից ցածր են համարում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ, ով նման ուժային կառույցում աշխատելու որևէ փորձառություն չունենալով՝ ոչ ավել, ոչ պակաս նշանակվել է առաջին տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 4-ի որոշմամբ, Արգիշտի Քյարամյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:
Սակայն դրանից մոտ 12 ժամ անց ՀՀ վարչապետը որոշել էր Քյարամյանին ազատել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից, որից հետո՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, նախագահ Արմեն Սարգսյանն անմիջապես հրամանագիր էր ստորագրել, ըստ որի՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:
Հավել ենք, որ ԱԱԾ լրատվականից հայտնել են, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 986 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար