Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ անձի առեւանգում, ծեծ, թմրանյութեր. ՔԿ-ն պարզաբանում է քաջարանցիների ձերբակալումը

25-05-2020 10:00:12   | Սյունիքի մարզ  |  Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել քննվող մի գործից, որով անցնում է նաեւ Քաջարանի համայնքապետ մանվել Փարամազյանը: Հենց այս գործի շրջանակներում են երեկ բերման ենթարկվել, այնուհետ՝ ձերբակալվել 3 երիտասարդները, որոնք Փարեմազյանի մերձավոր շրջապատից են: Պարզվում է, երիտասարդները, քաղաքապետի մասնակցությամբ մարդ են առեւանգել, նրան բռնի կերպով պահել, ծեծի ենթարկել, վիճաբանության մեջ մտել, նրանցից մեկի մոտ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել:
 


Այժմ իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից մանրամասնում են.
 
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։
 
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք,
Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
 
Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
 
2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։
 
Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն:
 
Հիշեցնենք, երեկ վաղ առավոտյան  դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել:
 
ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:
 
Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: 
 
Այս ամենը դատապարտել է Քաջարանի համայնքապետը՝ տեղի ունեցածը որակելով
որպես քաղաքական հետապնդում:
 
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը անձամբ էր ժամանել Կապանի ոստիկանության տարածք՝ ցուցարարների պահանջով: Ողջ օրվա ընթացքում այնտեղ էր նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:
 
Երեկոյան  քաղաքապետը ոստիկանական բաժանմունքում հանդիպել էր ձերբակալվածներին: Դուրս գալով ակցիայի մասնակիցների մոտ, նա  հայտարարել էր, որ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին եւ անձամբ տեսել, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել:
 
Կեսգիշերին ձերբակալված երիտասարդներին տեղափոխեցին Երեւան, նրանց գործի հետագա ընթացքով զբաղվելու է ԱԱԾ-ն, ցույցն ավարտվեց նրանց տեղափոխելուց հետո, քաղաքապետը հայտարարել էր, որ իրեն երաշխիքներ են տվել՝ տղաները բռնության չեն ենթարկվի:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար