Բակո Սահակյանի ծանր որոշումը

28-03-2020 09:25:52   | Հայաստան  |  Վերլուծություն
Արցախում համապետական ընտրություններին մնացել է մի քանի օր, սակայն իրադարձություններն այնքան արագ են զարգանում, որ նույնիսկ վաղվա օրն է դժվար պլանավորել։
 


Երեկ ամբողջ օրը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը խորհրդատվություններ էր անցկացնում, սակայն այդպես էլ որոշում չհրապարակեց՝ հետաձգվո՞ւմ են ընտրությունները, թե ոչ։ Այդ որոշումը երկրի նախագահի գործն է, եւ ցանկացած որոշման պատասխանատվություն պետք է իր վրա վերցնի Բակո Սահակյանը։ Հետաձգելու դեպքում նա պետք է իր վրա վերցնի հետագա կառավարումը, չհետաձգելու դեպքում երաշխավորի, որ մարդիկ կարող են անվնաս գնալ քվեարկության։
 
 
Պատասխանատվությունը ծանր խաչ է, եւ ցանկացած ղեկավար պետք է կառավարման ընթացքում կուտակի այնքան քաղաքական եւ բարոյական
կապիտալ, որը թույլ կտա դժվար պահին դժվար որոշում կայացնել։ Եւ հասարակությունը պետք է վստահի ու հավատա այդ որոշմանը։
 
Արդյոք Բակո Սահակյանն այդքան կապիտալ ունի կուտակված։ Նրա 13-ամյա նախագահության գնահատականը դեռ կհնչի, սակայն կան բաներ, որոնք առաջինն են աչքի առաջ գալիս։ Լավից՝ բուռն շինարարությունը, վատից՝ թերեւս, Ապրիլյան պատերազմը։
 
2016-ի ապրիլի սկզբին նույնպես գրում էի պետական այրի պատասխանատվության մասին։ Այն օրերին Արցախի նախագահը հանդես է եկել ասուլիսով, որն ի ցույց է դրել նրա ծանր հոգեվիճակը։ Պատասխանատվության հարց էր․ տրվե՞լ են առաջնագծում կանգնած զինորներին համապատասխան հրամաններ, ինչո՞ւ հրամանատարները ժամերով չէին կարողանում կապվել «կենտրոնի» հետ։ Ո՞վ է պայմանավորվել հրադադարի մասին եւ ի՞նչ պայմանով։
 
Պատերազմից հետո այս հարցերի պատասխանները չեն հնչել։ Ոմանց համար Բակո Սահակյանը մարդկային եւ հաշտեցնող կերպար ունի, մյուսների համար՝ ուրիշների կամքի կատարողի։ Հնարավոր է, այդ ամենը համադրվում
է մի մարդու մեջ, դրա համար պատասխաններ չհնչեցին։
 
Քաղաքական կապիտալի պակասը հիմա թույլ չի տալիս Սահակյանին որոշում կայացնել եւ հետաձգել ընտրությունները՝ ամբողջ պատասխանատվությունը վերցնելով իր վրա։ Սակայն մարդիկ հենց դա են սպասում։
 
Եթե պատասխանատվություն վերցնող չլինի, ինչպես 2016-ի ապրիլին, մարդիկ կինքնակազմակերպվեն։
 
Ո՞վ կվերցնի քաղաքական պատասխանատվությունը։ 
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար