Վերանայել գազի մատակարարման պայմանագրերը, չեղարկել Արցախի ընտրությունները. Ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն. համատեղ հայտարարություն

27-03-2020 19:50:51   | Հայաստան  |  Վերլուծություն
aravot.am Նոր կորոնավիրուսի պանդեմիան համաշխարհային մասշտաբի ճգնաժամ է առաջացրել:
 


Այդ ճգնաժամի հետևանքով էապես փոխվում են գերակայությունները: Ներկայիս իրավիճակում բազմապատիկ անգամ ավելի հասկանալի և ընդունելի կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը, մահաբեր համաճարակի պայմաններում այլ ելք չունենալով՝ Արցախում բնակվող իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պահպանելու, բանակը հնարավորինս վարակից զերծ պահելու և տնտեսության փլուզման պայմաններում քիչ թե շատ բնականոն կենսագործունեություն ապահովելու համար իր անմիջական ու արդյունավետ վերահսկողության տակ առնի Արցախը և տնտեսության ռազմավարական բաղադրիչները: Ըստ այդմ՝ գործող իշխանությանն առաջարկում ենք համաշխարհային ճգնաժամն օգտագործել որպես հնարավորություն և առաջին փուլում.
 
1) Չեղարկել Արցախի ընտրությունները, այնտեղ ևս հայտարարել արտակարգ դրություն և դրա կառավարումն իրականացնել ուղիղ կերպով՝ ՀՀ արտակարգ դրության
Պարետատան և Պարետի միջոցով:
 
2) Բանակցություններ սկսել Ռուսաստանի Դաշնության հետ՝ գազի մատակարարման բնագավառում նրա հետ կնքված պայմանագրերը, առաջին հերթին՝ միայն իրենից գազ գնելու և գազի գնի պայմանների մասով, արմատապես վերանայելու ուղղությամբ: Այս առաջարկությունը հիմնավոր է նաև այն պարզ պատճառով, որ էներգակիրների համաշխարհային շուկայում գները մի քանի անգամ ընկել են և դեռ շարունակում են իջնել, մինչդեռ Գազպրոմն ամեն գնով շարունակում է մեզ պարտադրել իր կոռուպցիոն և գերուռճացված գինը: Առանց այս կենսականորեն կարևոր քայլի մենք չենք կարող հաղթահարել ճգնաժամը: Բնական գազը համակարգաստեղծ նշանակություն ունի ՀՀ տնտեսության համար, մինչդեռ մեր երկրում դրա մատակարարումը տնօրինող օտար կապիտալը՝ հանձինս «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, անտեսում է համաճարակով ու արտակարգ դրությամբ պայմանավորված ֆորս-մաժորային վիճակը, ՀՀ ինքնիշխանությունն ու իրավազորությունը և դադարեցնում է վճարումները կատարելու հնարավորություն չունեցող սպառողների գազամատակարարումը: Չմոռանանք նաև, որ մեզ գիշատչական գազի գին և ստորացուցիչ պայմաններով գազամատակարարում է պարտադրվել, ինչպես նաև գազի մատակարարման ՀՀ ենթակառուցվածքը մեզանից օտարվել է ՀՀ ոչ լեգիտիմ և հանցագործ իշխանության հետ կնքված ապօրինի գործարքների միջոցով: Եթե Ռուսաստանը չհամաձայնի
վերանայել պայմանագրերը, ապա կմնա մեկ ելք՝ միջազգային իրավունքին համապատասխան ազգայնացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը, ինչը ևս նման պարագայում հասկանալի և ընդունելի կլինի:
 
3) Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ համազգային ռեսուրսը համախմբելու և արդյունավետ կերպով օգտագործելու, այդ թվում՝ նշված խնդիրները լուծելու նպատակով ստեղծել ազգային-ժողովրդավարական ուժերի ու քաղհասարակության հետ երկխոսության մեխանիզմ։
 
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Սասնա Ծռեր» համահայկական շարժում
Արա Պապյան
Արկադի Վարդանյան
Արմենակ Կյուրեղյան
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 495 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար