Արսեն Թորոսյանը հաստատեց փոքրիկ երեխայի և նրա մոր կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, նաև տեղեկացրեց՝ բուժվել է ևս 10 քաղաքացի

27-03-2020 12:36:41   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 10 քաղաքացի, բուժվածների թիվն այս պահին ընդհանուր 28 է: 

 


Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ հիվանդանոցներում փաստացի բուժվում է 300 քաղաքացի:  
 
«Երեկ տեղի ունեցել մոտ 41 քաղաքացիների մեկուսացումից, եթե կարելի է այդպես ասել, դուրս գրում. Նրանց մոտ թեստերը եղել են բացասական և նրանք վերադարձել են տուն, ինչպես նաև ուզում եմ տեղեկացնել,
որ այսօր տասը կրկնակի բացասական թեստով անձիք դուրս են գրվել հիվանդանոցից»,- նշեց Ա. Թորոսյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ առայժմ հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկ քաղաքացի ծանր վիճակում է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում: 
 
Անդրադառնալով մամուլով տարածված այն լուրին, թե Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայր ու 2 ամսական երեխա կա, նախարարն ասաց, որ երեկ կառավարությունում տված ասուլիսի ժամանակ տեղյակ չի եղել այդ դեպքի մասին: 
 
 «Ուզում եմ հաստատել, որ նման դեպք կա. երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, մայրիկն է երկու օր ջերմել, այս պահին նա էլ սիմպտոմներ չունի, նրանք երկուսն էլ գտնվում են հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ և ամեն ինչ արվում է նրանց հարմարավետությունը հնարավորինս ապահովելու, առողջությունը վերականգնելու համար»,- եզրափակեց Ա. Թորոսյանը: 
 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 4213 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար