«Վերջին մի քանի օրերում ամբողջովին փոխվել են ՀՀ վարչապետի մոտեցումները գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ». Սարգիս Սեդրակյան

27-03-2020 11:33:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
168.am «Կառավարությունը տնտեսվարողների համար նախատեսել է 150 միլիարդ դրամի ծրագիր, որում առաջնահերթությունը տրված է գյուղատնտեսությանը:
 


Սա կառավարության կողմից հրաշալի մոտեցում է և ողջունելի է բազմաթիվ գյուղացիների և գյուղատնտեսության ոլորտի մասնագետների կողմից, սակայն, միաժամանակ, հարց է ծագում՝ ինչո՞ւ այս աջակցությունը չկիրառվեց այն ժամանակ, երբ երկրում հայտարարվեց տնտեսական հեղափոխություն: Գյուղատնտեսության ոլորտին ուղղված բարեփոխումների մասին հիշեցին միայն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի ուրվականը չոքեց մեր դուռը և մտավ մեր հայրենակիցների տները: Կորոնավիրուսը կառավարությանը ստիպեց փոխել մոտեցումները գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ»,– 168.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը:
 
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հնչեցրած իրենց պնդումներին և ահազանգերին, թե որպես պատերազմող երկիր՝ ցանկացած պահի կարող ենք հայտնվել շրջափակումների մեջ, ուստի անհրաժեշտ է մտածել երկրի պարենային ապահովվածության մասին, ո՛չ նախկին, և ո՛չ էլ ներկայիս իշխանությունները լուրջ չեն մոտեցել և բացարձակ անտարբեր էին դրսից հանրապետության տարածք ներկրվող գյուղմթերքների նկատմամբ:
 
«Անգամ բանը հասավ նրան, որ կարտոֆիլ արտադրող մեր երկիր Պակիստանից անհայտ ծագման և որակի կարտոֆիլ սկսեցին ներկրել»,- ասում է նա:
 
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչո՞ւ փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը, և փոխարենը՝ առաջնությունը տրվեց երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
 
«Օրեր առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իսկ ինչո՞ւ մենք պետք է մտածենք ներմուծման մասին, մենք ինքներս տեղում
կարող ենք արտադրել՝ բազմաթիվ սննդամթերքների գծով 100 տոկոս ինքնաբավության խնդիր ունենք: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք, երբ գյուղատնտեսության ոլորտը մի որոշ ժամանակ առաջ դադարեց լինել երկրի զարգացման առաջնային ուղղություն, ավելին՝ փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը, փոխարենը՝ առաջնությունը տրվեց երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Իհարկե, ցանկալի է, որ մեր երկիրը լինի բարձր տեխնոլոգիաների երկիր, բայց միևնույն ժամանակ՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը եղել և մնում է ագրարային երկիր, որը տվել է երկրի ՀՆԱ-ի մոտ 20 տոկոսը, գյուղատնտեսությամբ զբաղվում է երկրի բնակչության մոտ 36 տոկոսը, գյուղն է կերակրում քաղաքի բնակչությանը»։
 
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից անտոկոս վարկեր տրամադրելուն և գյուղատնտեսությամբ զբաղվողներին համաֆինանսավորելուն՝ «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը նկատեց․
 
«Այն, որ վերջին մի քանի օրերում ամբողջովին փոխվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ, դա շատ գովելի է: Կառավարությունը պատրաստվում է անտոկոս վարկեր տալ և համաֆինանսավորել գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Սա հրաշալի որոշում է գյուղացիների համար, սակայն չպետք է մոռանանք, որ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար նախատեսված վարկերը տալիս են բանկերը, և ոչ թե՝ կառավարությունը, իսկ բանկերը տրվող վարկերի դիմաց գյուղացիներից պահանջում են համապատասխան չափի գրավ, մանավանդ, եթե ի նկատի ունենանք, որ ներկայիս տնտեսական ճգնաժամի և կորոնավիրուսի պայմաններում վարկեր տալը ռիսկային է»:
 
Նրա դիտարկմամբ՝ այս խնդիրը լուծելու համար կառավարությունը որոշել է տարբեր նախագծերում 30-60 տոկոս մասնակցություն ունենալ ֆինանսավորման գործընթացին:
 
«Հարկ է նշել, որ գյուղատնտեսական զարգացման ծրագրերի բյուջեները սկսվում են մի քանի միլիոն դրամից, որի ստացման դիմաց գյուղացիներից շատերը համապատասխան չափի գրավ չունեն դնելու, և այդ պատճառով բազմաթիվ հասարակ գյուղացիներ դուրս են մնում այդ ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Մյուս կողմից՝ այսօր էլ բազմաթիվ գյուղացիներ խրված են վարկերի, հարկերի, պարտքերի ու դրանց տոկոսների մեջ, իսկ վարկային վատ պատմություն ունեցող գյուղացիների համար կառավարությունն առաջարկում է միավորվել և ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ:
 
Մենք միշտ ողջունել ենք գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումը, քանի որ այս դեպքում կոոպերատիվի անդամ գյուղացիների հողերը պայմանականորեն միավորում են, որի արդյունքում հողակտորը մեծանում է, տրակտորիստը մի անգամից վարում է, նույն ձևով կատարում է խոշոր հողակտորի մնացած գյուղատնտեսական աշխատանքները, որոնց արդյունքում՝
իրականացվող ծախսերը քչանում են, հետևաբար՝ ստացված գյուղմթերքի ինքնարժեքը նվազում է, որն էլ բերում է դրա վաճառքի գնի էժանացմանը: Սակայն այսօրվա պայմաններում կոոպերացիայի կազմակերպումն այդքան էլ հեշտ գործ չէ»,- մանրամասնեց Սարգիս Սեդրակյանը՝ փոխանցելով, որ տարիներ շարունակ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ և ծրագրերով Գյուղնախարարության ԾԻԳ-ը հանրապետության որոշ գյուղերում ձևավորել է կոոպերատիվներ, որոնք համայնքապետարաններից պետք է անկախ լինեն, բայց իրականում կոոպերատիվի նախագահը և դրանց հիմնական մասը, ներքին կարգով, ընտրվել և ղեկավարվում են համայնքապետերի կողմից:
 
«Այդ պատճառով էլ կոոպերատիվները մեզ մոտ չեն աշխատում: Ըստ նոր ծրագրի՝ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում կլինեն լիցենզավորված և դասընթացներ անցած մարդիկ՝ մենեջերներ: Նախկին խորհրդային կոլխոզը նույնպես կոոպերատիվի մի ձև էր, որտեղ կոլխոզնիկներն իրենք էին մենեջեր (նախագահ) ընտրում»,- եզրափակեց «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 540 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար