Բաքվի ու Թբիլիսիի կոշտ արձագանքը Նիկոլ Փաշինյանին. Ինչ է պատահել

25-01-2020 10:30:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am  Կայուն ավանդույթ է արդեն ձեւավորվել Հայաստանում՝ հենց Նիկոլ Փաշինյանն ինչ որ թվային տվյալներ է ներկայացնում, անմիջապես արդեն ձեւավորված մի շրջանակ լծվում է հակառակն ապացուցելու գործին: Այդպես է նաեւ այլ հարցերում:
 


Մի կողմից սա լավ է եւ ստիպում է փշերի վրա մնալ վարչապետին ու կառավարությանը, առավել եւս, որ վիճակագրական թվերը միշտ էլ երկիմաստ նշանակություն ունեն եւ այսպես ասած մեթոդոլոգիական խնդիր են: Մյուս կողմից, կառավարության ու ընդդիմախոսների թվային բուռն «բանավեճերն» արդեն դուրս են եկել Հայաստանի սահմաններից ու դարձել ռեգիոնալ սկանդալի պատճառ, ձեռք բերելով քաղաքական ուշագրավ ֆոն:
 
Նիկոլ Փաշինյանը բերել էր ԱՄՀ վերջին տվյալները ՀՆԱ-ի մասին եւ հայտարարել, որ մեկ շնչի հաշվարկով Հայաստանն արդեն առաջ է անցել Վրաստանից եւ շուտով առաջ կանցնի Ադրբեջանից: Դա բուռն արձագանք էր ունեցել Վրաստանում, այդ երկրի Էկոնոմիկայի նախարարը պատասխանել էր բավական կոշտ ու հայտարարել, որ ԱՄՀ-ին իրենք թվերը ներկայացրել են այլ մեթոդոլոգիայով, եւ ԱՄՀ նոր զեկույցում արդեն այլ պատկեր կլինի:
 
Բաքվի արձագանքը եւս չի ուշացել, ընդ որում՝ արձագանքել է անձամբ Ալիեւը, նույնպես բավական կոշտ:
 
Մի կողմից, այս արձագանքները կարելի է կապել հենց վիճակագրական թվերի երկիմաստության հետ:
Մյուս կողմից, նման բուռն արձագանքը մատնում է քաղաքական խորքային շերտեր:
 
Տնտեսական առումով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հասկանալիորեն ցավոտ է այս երկու երկրների համար, որոնք ահռելի առավելություններ ունեն Հայաստանի հանդեպ: Վրաստանը եւ մերձկասպյան հանրապետությունը շրջափակված չեն, Վրաստանը տրանզիտ երկիր է, ունի ծովային ենթակառուցվածքներ, ստանում է արտաքին մեծ օգնություններ ու ներդրումներ: Մերձկասպյան հանրապետությունն ունի էներգակիրներ՝ նավթ ու գազ, որից մեծ եկամուտներ է ունենում:
 
Հայաստանը զուրկ է այս ամենից, ավելին՝ շրջափակման է ենթարկվում Բաքվի ու Անկարայի ջանքերով, ժամանակ առ ժամանակ էլ խնդիրներ են առաջանում Վրաստանում: Դրանց մի մասն օբյեկտիվ է՝ կապված Լարսի խնդիրների հետ, սակայն նախորդ տարի օրինակ խնդիր առաջացավ բեռնատարներով ցորենի տեղափոխման հետ, որը բարեբախտաբար հարթվեց:
 
Ավելացնենք նաեւ, որ Բաքուն Հայաստանի միջազգային մեկուսացման եւ տնտեսական զարգացումը թույլ չտալու համար ահռելի միջոցներ է ծախսում, այդ թվում միջազգային լոբբինգի վրա, լիարժեք ներգրվելով նաեւ Մոսկվայի քաղաքականությանը, որը նույնպես ուղղված է Հայաստանի միջազգային մեկուսացմանը: Մյուս կողմից, Բաքվի այդ քաղաքականությունը ուղեկցվում է սեփական բնակչության լայն խավերի սոցիալ-տնտեսական թշվառությամբ, որոնք գուցե հարցնեն Ալիեւին՝ թե ինչի վրա են ծախսվում այդ միլիարդները, եթե օգուտ չկա:
 
Վրաստանի ու Բաքվի արձագանքը նաեւ այլ, հոգեբանական, պատմական ու քաղաքական խոր արմատներ ունի, խորհրդային ժամանակներից, երբ Հայաստանը անդրկովկասյան երեք հանրապետությունների մեջ չուներ նրանց դիրքն ու առավելությունները Մոսկվայում: Ըստ էության, նման վիճակ էր նաեւ նախահեղափոխական Ռուսաստանում, դա լիովին տեղավորվում էր հայկական գործոնի չեզոքացման ուղղությամբ Ռուսաստանի քաղաքականության տրամաբանության մեջ:
 
Այս վեճին յուղ լցրեց Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, ով հայտարարեց, որ Հայաստանը ՀՆԱ ցուցանիշով Վրաստանից առաջ էր մեկ էլ Տիգրան Մեծի
ժամանակներում, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ հաշվեց, թե որքան էր այն ժամանակ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը: Տիգրան Մեծի ժամանակ Վրաստանը եւ արեւմտյան մերձկասպյան տարածքները մտնում էին հայկական թագավորության մեջ:
 
Հայաստանը ձգտում է դուրս գալ «երրորդի կարգավիճակից»: Հայաստանն ունի այլ առավելություն, որն ավելի կարեւոր է, քան տրանզիտն ու նավթը: Վրացիներն ու մերձկասպյան թուրքերը դա լավ գիտեն, իսկ մե՞նք: Կարո՞ղ ենք օգտվել մեր այդ բնական ու անօտարելի առավելությունից, թե՞ շարունակելու ենք կենցաղի մակարդակին իջեցված ռազբորկաները քաղաքական լուրջ ծրագրերի ու բանավեճերի փոխարեն, բաց թողնելով հերթական շանսը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար