Երևանում նախորդ տարի գրանցվել է 10824 արտակարգ դեպք

ԱԻՆ Երևանի ՓՎ-ն ամփոփել է 2019-ը

24-01-2020 12:34:19   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանն ամփոփվել են ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության 2019թ. աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
Միջոցառմանը հնչած զեկույցում նշվել է, որ Երևանում նախորդ տարի գրանցվել է 10824 արտակարգ դեպք: Եղանակային շոգ պայմանների, մարդկանց գործունեության և այլ պատճառներով 2019-նն աչքի է ընկել հատկապես հրդեհների մեծ քանակով։
 
Ելնելով ոլորտին առաջադրված խնդիրներից և մոտեցումներից՝ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի կառավարման մարմինների և ուժերի պատրաստության մակարդակի, ինչպես նաև հրդեհներին, կենցաղային կանչերին և տարբեր ահազանգերին արձագանքելու արդյունավետության բարձրացմանը:
 
Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի և կազմակերպությունների կողմից իրականացված միջոցառումների ընթացքում 2019 թվականին շարունակվել է ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությունը:
 
Քաղաքապետարանի հետ համագործակցությամբ պատրաստվել
ու քաղաքապետի հաստատմանն է ներկայացվել «Երևան քաղաքի անձնագիրը»։ Աշխատանքներ են տարվել նաև «Երևան քաղաքի բնակչության համալիր անվտանգության ապահովման հայեցակարգ» մշակելու նպատակով։
 
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարձր գնահատելով հրշեջ-փրկարարների աշխատանքը, հավաստիացրել է, որ քաղաքապետարանն առաջնահերթ է դիտարկում քաղաքացիների անվտանգությունն ու ապահովությունը: Քաղաքապետը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև կնքված պայմանագրով իրականացվելու է վտանգավոր թափոնների կառավարման ծրագիր, որի նպատակն է վտանգավոր թափոնների վնասազերծումը: Հայկ Մարությանը նաև նշել, որ համայնքային բյուջեի միջոցներով ընթացիկ տարում Երևանում նախատեսվում է տեղադրել 500 նոր վերելակ:
 
Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ համայնքային հիմնարկները պատրաստ են աջակցել Փրկարարական վարչությանը, և ջրատար մեքենաներն ու մյուս տեխնիկական միջոցները ցանկացած պահի կարող են տրամադրվել ԱԻՆ-ին:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով աշխատակիցներին դժվար և պատասխանատու աշխատանքի համար, առաջնահերթ է համարել կառուցվող շենքերը հակահրդեհային ժամանակակից միջոցներով ապահովելու խնդիրը և այդ գործում կարևորել քաղաքապետարանի հետ համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև քաղաքացիական պաշտպանության, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական զինվածության, նյութատեխնիկական ապահովման բարձրացման, կենցաղային պայմանների բարելավմանը միտված միջոցառումները:
ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանն իր խոսքում նշել է, որ հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառավարությունը 1 միլիարդ 170 միլիոն դրամ է հատկացրել այդ թվում Երևանում գտնվող հրշեջ-փրկարարական 32 ջոկատների՝ շենք շինությունների հիմնանորոգման, փրկարարների համար բարեկեցիկ կենցաղային պայմաններ ստեղծելու համար: Առաջին անգամ 45-50 տոկոսով բարձրացվել է փրկարարների աշխատավարձը:
Փրկարար ծառայության տնօրենը հույս է հայտնել, որ համատեղ քայլերի շնորհիվ հնարավոր կլինի Երևանը
դարձնել առավել անվտանգ և ներկայանալի:
Երևանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարարի» կոչում:
Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության համար ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ արժանացել են Երևանի քաղաքապետի, ինչպես նաև ԱԻՆ պատվոգրերի և շնորհակալագրերի:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար