ՄԻՊ-ը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ

23-01-2020 19:02:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ։ Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում
 


Հաղորդագրության մեջ նշված է
. «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող:
 
2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ արտահերթ զեկույցի ձևով: Այս հայեցակարգը ներկայացնում ենք ուսումնասիրության և հարկ ենք համարում արձանագրել, որ նման երևույթների դեմ պայքարը պետք է լինի համակողմանի:
Քրեական ենթամշակույթի արմատավորված և բազմատարր բնույթը պահանջում է, պետական բազմակողմանի քաղաքականություն: Այն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ենթամշակույթի արմատները, դրա ազդեցության տարածման ծավալները:
 
Հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարում ելակետային սկզբունքներ են ազատությունից զրկված
յուրաքանչյուր անձի իրավունքների ապահովումը և նրա վերասոցիալականացմանը նպաստելը: Այդ նպատակի համար քրեակատարողական համակարգը պետք է ապահովի համապատասխան պայմաններ, ունենա պատրաստված և բավարար անձնակազմ, որն, իր հերթին, պահանջում է սոցիալական պատշաճ երաշխիքների և աշխատանքային պայմաններ: Օրենսդրությունը պետք է ստեղծի ազատությունից զրկված անձի համար կանխատեսելի պատկերացում իր իրավունքների իրացման և պարտականությունների հարցերում:
 
Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ քրեական ենթամշակույթը չի սահմանափակվում միայն քրեակատարողական հիմնարկներում տարածվելով, այն ծավալված է հասարակության առավել լայն շրջանակներում, ուստի այն պետք է արտացոլվի նաև հանցավորության դեմ պայքարի պետության քաղաքականության մեջ՝ ապահովելով արդյունավետ միջոցների կիրառում:
 
Մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգը և դրա հիմքում ընկած ուսումնասիրությունները վերաբերում են հետևյալ հիմնական հարցերին.
1) ազատությունից զրկելը՝ որպես բացառիկ միջոց,
2) ազատությունից զրկման վայրերում՝ այդ թվում քրեակատարողական համակարգում հաստիքների համալրում, քրեակատարողական ծառայողների պատշաճ սոցիալական և այլ երաշխիքներ,
3) ազատությունից զրկված անձանց հետ տարվող աշխատանքներ,
4) ազատությունից զրկված անձանց կրթություն և զբաղվածություն,
5) ազատազրկվածներին պահելու պայմանները:
Հետապնդվող նպատակներին հասնելու համար զեկույցում տեղ են գտել անմիջական լուծում պահանջող ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական համալիր առաջարկներ:
 
Ձևակերպված առաջարկներն ունեն մշակվածության բարձր աստիճան և կարող են ունենալ անմիջական կիրառություն:
 
Հայեցակարգը մշակվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության և «Միջազգային բանտային բարեփոխումներ» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար