«Այբ»-ի «Կանաչ քիմիա» ակումբի բիոպլաստիկները ստացել են գյուտի արտոնագիր

12-12-2019 13:31:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

«Այբ» դպրոցի
նախագծային ուսումնառության «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտների գյուտը՝ բնության մեջ կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման նրանց մշակած եղանակը, ստացել է գյուտի արտոնագիր Մտավոր սեփականության գործակալության կողմից և հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական տեղեկագրում։ 
«Այբ»-ի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ստեղծել են թերմոպլաստիկ օսլայի հումքով ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ, որոնք կարող են փոխարինել նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկները։ «Կանաչ քիմիա» ակումբը հետազոտություններն ու փորձերն ամբողջությամբ իրականացրել է «Այբ» դպրոցի քիմիայի լաբորատորիայում՝ ուսուցիչներ Լիլիթ Համբարձումյանի և Լևոն Սարգսյանի ղեկավարությամբ։ 
«Այբ»-ի աշակերտների ստեղծած բիոպլաստիկները կարող են էականորեն նվազեցնել բնության աղտոտումը միանգամյա օգտագործման պոլիէթիլենային պլաստիկներով։ Ներկա փուլում ակումբի անդամները, բիոպլաստիկների մշակման եղանակի համար գյուտի արտոնագիր ստանալուց հետո, ուսումնասիրում են դրանց արտադրական գործընթացը սկսելու հնարավորությունը, ինչի համար ստանում են բազմաթիվ բիզնես առաջարկներ։ 
«Կանաչ քիմիա» ակումբի այս նախագիծը հաղթել է «100 գաղափար Հայաստանի համար» ու Diamond Challenge Armenia մրցույթներում և ներկայացվել ԱՄՆ-ում՝ Diamond Challenge մրցույթի եզրափակիչում, ու Բրեմենում՝ Գյոթե-ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթում։
Նախագծային ուսումնառությունը (project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր
և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 525 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար