2019 թ. պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով. Նիկոլ Փաշինյանը տվյալներ է ներկայացրել

06-12-2019 11:53:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը մեր տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է: Այս մասին Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 


Նա անդրադարձավ ըստ ոլորտների արձանագրված աճերին՝ նշելով, որ ՀՀ-ն այսօր համաշխարհային մակարդակով ունի ամենացածր գնաճներից մեկը: Մենաշնորհների հաղթահարման առումով, ըստ վարչապետի, այսօր կառավարությանը հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և աննախադեպ ցածր մակարդակի վրա
: Հայաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որտեղ, ըստ վարչապետի, այս տարվա սեպտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, գնանկում է արձանագրվել: «Ես չգիտեմ՝ աշխարհում երկրորդ նման երկիրը կգտնեք, թե ոչ»,- ասաց նա:
 
Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում միջազգային պահուստները 2019 թվականի հոկտեմբերի դրությամբ գտնվում են պատմական բարձր մակարդակի վրա և 2018 թվականի նույն ամսի համեմատ աճել են 386 մլն դոլարով կամ 19 տոկոսով:
 
«Սա փող է, որն այնտեղ դրած է, կարող եք հանձնաժողով կազմել, նաև հաշվել: ՀՀ Կենտրոնական բանկը մեկ այլ աննախադեպ ցուցանիշ է արձանագրել՝ այս տարի 521 մլն դոլար է գնվել ՀՀ-ում: Սա տնտեսական ցուցանիշների ուղիղ վկայությունն է, որովհետև 521 մլն դոլար ՀՀ-ում դարձվել է դրամ: Ի՞նչ են արել այդ փողը՝ եթե բարձի տակ պիտի պահեին, հենա դոլար կպահեին, ինչի՞ էին դրամ սարքում: Բայց 521 մլն դոլարն օգտագործվել ու շրջանառվել է ՀՀ-ում: Բա դա տնտեսական էֆեկտ չի ունեցե՞լ: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 մլրդ դրամով: Բա էս որտեղի՞ց, բա էս թվերը որտեղի՞ց, եթե վիճակագրական թվերը կեղծ են»,- ասաց նա:
 
Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունն այսօր փակում է 30-ամյա ավելացված արժեքի հարկի՝ գործարար հանրությանն ունեցած պարտքը՝ 56 մլրդ դրամ հատկացվում
է այդ ուղղությամբ: Ընդ որում, դա հուսահատ պարտք էր, ասաց նա:
 
«Բա ասում են՝ ներդրումային միջավայր: Մարդը, որ վաղուց հույս չի ունեցել, էդ փողը գրել են սառույցին, մենք իրեն գնում ենք, արթնացնում ենք, ասում ենք՝ եղբայր, կարո՞ղ ա փող ա պետք ձեզ կամ մենք պարտք ենք ձեզ»,- նշեց Փաշինյանը:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 994 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար