Մեկնարկել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

04-12-2019 16:21:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ:
 

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում նման հարթակներ շատ են լինելու՝ ընդհուպ մինչև ԱԺ լսումներ, քանի որ նախագծի
վերաբերյալ առկա է մեծ հետաքրքրություն:
 
«Այս քննարկումները կարևոր են մեզ համար՝ փորձարկելու նախագիծը, լսելու առաջարկություններ և դիտողություններ, ինչպես նաև ներգրավելու նոր գաղափարներ: Բացի այդ, գոյություն ունեն մի քանի առցանց հարթակներ, որտեղ ևս մենք առաջարկներ ենք ստանում»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է բուհերի և ռեկտորների խորհրդի հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկներ. դրանց մեծ մասն արդեն տեղ է գտել նախագծում:  «Քննարկումները
շարունակվելու են ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների ձևաչափով՝ հավաքագրելու նորանոր առաջարկներ»,-ընդգծել է նախարար Արայիկ Հարությունյանը:
 
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի  հիմնական շեշտադրումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները, որոնք են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն։
 
Զեկույցին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ուսանողների համամասնությանը բուհերի կառավարման խորհուրդներում, ներառականության ապահովմանը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ոչ ֆորմալ կրթությանը, նախագծի մշակման աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը, հեռավար կրթությանը և այլն:
 
Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ շահագրգիռ քննարկման համար.
 
«Եղան հետաքրքիր դիտարկումներ, որոնցում ներառված էին կարևոր առաջնահերթություններ, հետևաբար դրանք կարող են տեղ գտնել նախագծում: Մենք կշարունակենք աշխատել բոլորի հետ, որպեսզի ունենանք թերություններից առավելագույնս զերծ օրենք և համընդհանուր համաձայնությամբ այն ներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է նախարարը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 774 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար