Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ

15-11-2019 12:27:58   | Հայաստան  |  Մշակույթ
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի երկու համերգային երեկո:
 

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված երեկո, որը կրում է «Այստեղ Հայաստանն է» խորագիրը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և
Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախումբն ու մենակատարներ: Կհնչեն սիրված ամիրխանյանական մեղեդիներ, ինչպես օրինակ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Երազի իմ երկիր»,
«Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ գործեր:
 
Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի  նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար կհնչեն առաջին անգամ:
 
Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկո, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):
 
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը:
Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986 թվականին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013թթ. եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են օրինակ` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 340 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար