ՀՅԴ երիտասարդական միությունը հանրահավաք է հրավիրել՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով․ հավաքն իրազեկված չէ

13-11-2019 13:18:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նաեւ հայտարարություն է տարածել՝ երեկոյան հանրահավաքի հրավիրելով ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
 


Միության անդամներն այսպիսով իրենց բողոքն են արտահայտում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհական ծրագրերում ոչ պարտադիր դարձնելու առաջարկի դեմ, ինչպես նաեւ՝ «Մել» ֆիլմի համար գումարներ հատկացնելու: Երիտասարդներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ այս բոլոր փաստերը խոսում են նախարարի` մեր`
հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիր եւ անթաքույց հեգնական վերաբերմունքի մասին:
 
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպիչները հանրահավաքի մասին իրազեկում քաղաքապետարան չեն ներկայացրել: Նա հիշեցրեց, որ այն հավաքները, որոնք չեն գերազանցում 300 հոգին, կարող են չիրազեկվել:
 
Նշենք, որ Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում դասադուլները շարունակվում են: Այսօր ուսանողներն առավոտվանից հավաքվել են ֆակուլտետի ներսում: Մասնակիցները պատրաստվում են դարձյալ գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ շարունակելու նստացույցը։
 
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ նստացույց էին հայտարարել ՀՅԴ ՀԵՄ անդամները, որոնց միացել էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից ուսանողներ, դասախոսներ:
 
Անի Ավագյան
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 481 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար