«Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ». Հայկ Մարության

11-11-2019 18:16:15   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 18 ապօրինի կրպակ ու տաղավար: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են:
 


Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն Աժ-ում է:
 
«Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,-նշել է քաղաքապետը:
***
Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Տնտեսվարողների հետ համագործակցությամբ տեսակավորվող ստվարաթղթի տեղափոխման համար կառանձնացվեն նոր մեքենաներ: Բնակիչների համար էլ
քաղաքային իշխանությունը մտադիր է առանձին տեսակավորող աղբամաններ ունենալ:
***
Ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 1-ը:
Քաղաքացիներն առաջիկա օրերին կիրազեկվեն նաև բջջային հեռախոսահամարներին ստացվող կարճ հաղորդագրություններով: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է նաև իմանալ, որ քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ:
***
Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի՝ կարգավորելու հետիոտնային անցումների անվտանգությունը, կտեղադրվեն քաղաքացիների կանչով աշխատող լուսացույցեր: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ ևս 5 անցում կունենա նման լուսացույց: Հաջորդ տարի նույն մոտեցումը կցուցաբերվի ևս 36 հատվածներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ կտարվեն նաև կարգավորելու տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը:
 
***
Քաղաքապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կհետաքրքրի ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին:
«Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում: Այդ օրերին Երևանը հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներին ու այլ զբոսաշրջիկներին: Այս առումով շատ կարևոր է տոնական օրերը հետաքրքիր դարձնել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից»,-նշել է քաղաքապետը:
 
***
Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են հստակեցնել մոտեցումները:
 
«Արձակուրդի ընթացքում, լինելով եվրոպական որոշ քաղաքներում, ունեցա ոչ պաշտոնական
մի շարք հանդիպումներ՝ աղբահանության, տրասնպորտի, առևտրի և մի շարք այլ ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանա իրենց փորձին: Մեկ օրում կամ մեկ տարում այդ ամենին հասնել, իհարկե, հնարավոր չէ, սակայն, ձգտելով եվրոպական չափանիշներին, հնարավոր է կոնկրետ քայլերով գնալ դեպի նպատակ: Հնարավոր է՝ հիմա սկսած աշխատանքի արդյունքը երևա տասը տարի հետո: Բայց այդ արդյունքն ունենալու համար պետք է սկսել այսօր: Պետք է հանգիստ աշխատենք՝ իմանալով, թե ուր ենք գնում», ընդգծել է Երևանի քաղաքապետը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար