Իրենք շատ լավ գիտեն ով է Հրայր Թովմասյանը. Վարչապետի խոսնակ

21-10-2019 17:35:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Վարչապետի խոսնակի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը չի փոխել իր մոտեցումը Սահմանադրական դատարանի վերաբերյալ, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
 


Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անհիմն է համարում այն հայտարարությունները, թե Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը Բարձր դատարանի կողմից մերժվելուց հետո Թովմասյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
 
«Եթե Ազգային անվտանգության ծառայությունը ինչ-որ հարցեր ունի կոռուպցիայի խնդիրների վերաբերյա, ապա ես որևէ խնդիր չեմ տեսնում: Այդ մարմինը կարող է յուրաքանչյուր անձի դիմել հարցերով: Գործողությունները այս մակարդակում են այս փուլում իրականացվում, և ճնշումների մասին խոսելը պարզապես անիմաստ է», – ասաց Կարապետյանը։
 
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն անցած շաբաթ այցելել էին Թովմասյանի հայրական տուն: ԱԱԾ գործողությունը մեկնարկել էր նույն օրը, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործ հարուցել էր: Բաբաջանյանը պնդում է,
որ Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
 
Հետո Թովմասյանի հորն ու դուստրերին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն բացատրության տալու հարուցված քրեական վարույթի շրջանակում։ ՀՔԾ-ն հինգշաբթի օրը ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել։ Հատկապես այդ գործողություններից հետո նախկին իշխանությունների ներկայացուցիչները սկսեցին հայտարարել, թե ՍԴ նախագահի դեմ ճնշումներ են գործադրվում։
 
Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ Թովմասյանի շուրջ ծավալվող դեպքերը համեմատեց ստալինյան բռնաճնշումների հետ։
 
Վարչապետի մամուլի քարտուղարը ցինիզմ է որակում ՀՀԿ խոսնակի մեկնաբանությունը․ – «Իրենք շատ լավ գիտեն ով է Հրայր Թովմասյանը, իրենց գաղափարակիցն է՝ շատ լավ տեղյակ այն հանցագործությունների շարքի մասին, որ այն ժամանակ տեղի է ունեցել, և արել են հենց այդ կուսակցության շատ ներկայացուցիչներ: Դրանով է պայմանավորված իրենց աջակցությունը իրենց, այսպես ասած, վերջին մոհիկանին»:
 
Կարապետյանը ընդդիմախոսներին խորհուրդ է տալիս վերհիշել, թե իրենք ինչ քայլերի են գնացել, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվի ՍԴ նախագահ։
 
Ըստ վարչապետի մամուլի խոսնակի, քաղաքական ճնշումներ գործադրվել են հենց նախկին իշխանությունների տարիներին, երբ բազմաթիվ քաղաքական գործիչներ էին բանտարկվում․ – «Հիշեն այն հետապնդումների, այն հարյուրավոր քաղբանտարկյալների մասին, որոնք այն իշխանության ժամանակ եղել են, և Հրայր Թովմասյանը և ընկերները դրա մասին որևէ խոսք չեն ասել և փաստորեն ամբողջությամբ
սատարել են այդ բռնատիրական ռեժիմին»:
 
Թովմասյանին առնչվող քրեական վարույթը հարուցվել է 2012-2014 թվականներին արդարադատության նախարարության Երևան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ վերակառուցման աշխատանքների իրականացման, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում և Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժողությամբ վերանորոգման ընթացքում թույլ տրված առերևույթ յուրացումների և չկատարված աշխատանքները պաշտոնյանների կողմից ընդունելու դեպքերի առթիվ։ Թովմասյանը այդ տարիներին եղել է Արդարադատության նախարարը։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 743 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար