«Մուկն ու կատու են խաղում. Ես չեմ նախանձում Հրայր Թովմասյանին»

17-10-2019 14:38:20   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է նախկին դատավոր Պարգև Օհանյանը

-Պարոն Օհանյան, ՍԴ-ն վարույթ չի ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը։ Նշվում է, որ որպես հիմք մատնանշվել է ժամկետների խնդիրը։ Ձեզ համար նման որոշումը սպասելի՞ էր, որքանո՞վ էին հիմքերն ամուր այդ դիմումը վարույթ ընդունելու համար։
 


-Ես իրավական հիմքերին ծանոթ չեմ։ Իհարկե, պարզ է
, որ այսպես կոչված, իրավական որոշում է կայացվել։ Բայց մենք չենք կարող չընդունել, որ և դիմումն էր քաղաքական, և վարույթ չընդունելն է քաղաքական որոշում։ Պարզ է, որ երկուսի հիմքերն էլ իրավական են, բայց կամքը կամ ցանկությունը քաղաքական է։ Իսկ թե ինչ հիմքերով են մերժել, չեմ կարող ասել։
 
-Ձեր կարծիքով՝ կարելի՞ է սահմանադրական փոփոխություններով խնդիրը կարգավորել։
 
-Ամեն դեպքում, դա լուծում չէր, անհեռանկար քայլ էր։ Հավատանք, որ խորհրդարանը հույս ուներ, որ ինչպես իրենք են ասում, ՍԴ-ին շանս տվեցին, որ ՍԴ-ն ինքը որոշում կայացնի, որպեսզի հետագա քայլերի դեպքում իրենք չնեղանան, թե ինչու այսպես եղավ։ Բայց գիտեք ինչ, հո մուկն ու կատու չե՞նք խաղում։ Ժողովուրդը հեղափոխություն է արել և սպասում է ակնկալիքների։ Իհարկե, չի ասում՝ դրեք, գնդակահարեք, կախաղան հանեք, խաչեք, բայց ակնկալում է արագ արդյունք կամ այդ արդյունքի ընթացք։ ԱԺ-ն Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը» չի, որ մտածում են, թե ոնց կատվից ազատվեն։ Հիմա էլ որոշել էին զանգ կախել և այլն։
 
Մեռանք ասելով, որ այո, իմ պատկերացրած տարբերակը սահմանադրական փոփոխություններն են։ Թեև ասել եմ նաև, որ կարելի է դրան հասնել նաև առանց սահմանադրական փոփոխության։ Ես, իհարկե, սահմանադրագետ չեմ, բայց «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, եթե Սահմանադրության մեջ կան երկու նորմեր, որոնք իրար հակասում են, և նրանցից մեկը հատուկ մասի նորմ է, ապա նախապատվությունը տրվում է այդ նորմին։ Այսինքն, կարելի էր հենց այն գլխից համարել, որ անցումային դրույթները ստորադասվում են ՍԴ դատավոր ընտրվելու նորմին, ուստի կիրառելի չեն։ Այսինքն, ԱԺ-ն կարող է պարզապես վաղը հայտարարել, որ ՍԴ անդամները այսինչ օրը պետք է գան ԱԺ նիստի, որպեսզի սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգով վերընտրվեն կամ չընտրվեն։
 
 
 
 
 
Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ պաշտոնավարելու է մինչև իր ժամկետի ավարտը՝ 2035 թվականը։
 
Հրայր Թովմասյանի նման մարդի՞կ են հանձնվել և վեր բարձրացրել ձեռքերը։ Ես, ճիշտն ասած, չեմ նախանձում Հրայր Թովմասյանին։ Ես չգիտեմ, թե ինչ մատրոսովյան մոտեցում է, որ դոշը դեմ է տվել։ Այսինքն՝ իր կարծիքով սա ֆրոնտ է, ինքն էլ դոշը դեմ է տվել, որ իր կարծիքով պիտի փրկի Արցախը, Հայաստանը։ Ինքն է չէ՞ ասել, թե սա մարտական հենակետ է, ինքը չի լքի հենակետը և այլն։ Ես զարմանում եմ, թե ինչ ներշնչանքների մեջ է Հրայր Թովմասյանը։ Իմիջիայլոց,
մեզ բնորոշ հատկություն է, որ հենց մի քիչ հայտնի են դառնում, մտածում են, որ աշխարհի փրկությունն իրենցից է կախված։ Այնպես որ, ես չեմ կարծում, թե նա երկար դիմանա։ Պարզապես, ինչպես ասացի, մուկն ու կատու են խաղում։ Ի վերջո, ռեալ քայլեր պետք է արվեն։ Իհարկե, վերապահումով եմ մոտենում հայտարարություններին, թե իրենք ունեն Բ, Գ տարբերակներ։ Ոչ իրավաբանների մոտ որտեղի՞ց այդքան տարբերակներ, մի քիչ պոպուլիստական է դա հնչել։ Ես կարծում եմ, որ մի տարբերակ կա, որի մասին նշեցի։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 723 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար