Արա Վարդանյանը կալանավորվել է. Նրա պաշտպանը դատարանի որոշումը կապում է վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության հետ

10-10-2019 13:10:47   | Հայաստան  |  Իրավունք
 


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերացվել է Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկտամամբ ընտրված խափանման միջոց գրավը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: 
 
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վերջինիս պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ դատարանի նոր որոշումը պայմանավորված է Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությամբ: 
 
Նա, մասնավորապես, գրել է. 
 
«Այսօր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։
 
Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի
179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ 
 
Նախաքննական մարմնի կողմից ևս դատարանին չներկակացվեց որևէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենևին պատահական չենք համարում նաև այն, որ դեռևս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...
 
Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաև այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որևէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։
 
Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա
նպատակն է նաև հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին։
 
Արա Վարդանյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»: 
 
Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին, քանի որ վերջինս խոստովանել էր հիմնադրամի միջոցներն անձնական նպատակներով օգտագործելու մասին: Ա. Վարդանյանը հիմնադրամի միջոցներով խաղադրույթներ էր կատարել տարբեր առցանց խաղատներում, սակայն գրավով ազատ էր արձակվել: 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1213 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար