Ինչ է զգացել Միհրան Պողոսյանը. անսպասելի հայտարարություն

18-09-2019 18:55:35   | Հայաստան  |  Վերլուծություն
Մամուլում տարածվել է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակի հայտարարությունը, որի բովանդակությունը համարժեք է այն քննադատությանն ու ընդդիմախոսությանը, որ նոր իշխանության հանդեպ հնչեցնում են նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ եւ նրանց համակիրներ:
 


Այստեղ հետաքրքիրն այն է, թե ի՞նչն է Միհրան Պողոսյանի գրասենյակի այդ հայտարարության պատճառը կամ առիթը, ինչու՞ հանկարծ Պողոսյանը որոշեց բողոքել «վենդետտայի» դեմ, երբ կարծես թե լուծել է այդ «վենդետտայից» իր պաշտպանության հարցը Ռուսաստանում:
 
Օրերս ՌԴ դեսպանը Հայաստանում հայտարարեց, որ Ռուսաստանը քաղապաստան չի տվել Միհրան Պողոսյանին, այլ կա փաստաթղթային խնդիր՝ նրա արտահանձնման հարցում որոշում կայացնելու համար, եւ Հայաստանից ակնկալվում
են հավելյալ թղթեր: Դա պարզապես պատճառաբանությո՞ւն է, թե՞ իրապես կա այդ խնդիրը, պարզ չէ, ու թերեւս նաեւ Պողոսյանի համար: Նա վստահ չէ, որ Ռուսաստանն իր համար իսկապես ապահով տեղ է:
 
Ու թերեւս այդ վստահության հարցում լուրջ կասկած է հարուցել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը, որը անփոփոխ թողեց կալանքը: Այդ որոշմանն ընդառաջ, ինչպես միշտ բավական աշխույժ խաղարկվում էր Ռուսաստանի գործոնը, մասնավորապես Պուտինի երեւանյան այցի հանգամանքը, տեղեկատվա-քարոզչական տիրույթում այն ուղիղ կապելով Ռոբերտ Քոչարյանի հարցի հետ:
 
Դատարանը չփոխեց երկրորդ նախագահի խափանման միջոցը, միաժամանակ էլ ՌԴ դեսպանը հայտարարեց, որ Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա Հայաստան: Իհարկե անհավանական է, որ իր հետ բերի նաեւ Միհրան Պողոսյանին, բայց ԴԱՀԿ նախկին պետի գրասենյակի հայտարարությունը վկայում է, որ նա սկսել է այս փուլում անապահով զգալ Ռուսաստանում եւ «քաղաքականապես» համենայն դեպս հավաքել իրերն ու լինել պատրաստ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 923 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար