Իրավիճակը պահանջում է համախմբում և արտակարգ լուծումներ.«Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

18-09-2019 13:51:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Առկա իրավիճակի համատեքստում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները վկայում են, որ պետական կառավարման համակարգի ճգնաժամը խորանում է, իսկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի դեմարշային բովանդակությունը և դրա նկատմամբ 5-րդ շարասյան  աջակցող դիրքավորումը ևս մեկ անգամ ապացուցում են, որ եղել է և կա ռևանշի դավադիր պլան և որ այդ պլանը ձախողման վտանգի առաջ է կանգնած:
 


Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելը ճգնաժամը հաղթահարելուն և ռևանշը չեզոքացնելուն ուղղված ողջունելի, սակայն շատ մասնակի քայլ է, որը բավարար չէ այդ հույժ կարևոր կառույցների գործառույթներն ազգայնացնելու և դրանք ՀՀ ինքնիշխանությանն ու իրավակարգի պահպանմանը ծառայեցնելու համար:
 
Ամբողջ պետական կառավարման համակարգը արմատական բարեփոխման կարիք ունի: Հատկապես խնդրահարույց է ԱԱԾ և Ոստիկանության հետ կապված վիճակը: Առաջին հերթին հարկավոր է այս կառույցները զատել խորհրդային ժառանգությունից և զտել հակապետական ու կոռումպացված կադրերից,  համապատասխանեցնել ներկայիս մարտահրավերներին և ենթարկեցնել
քաղաքական ու քաղաքացիական  վերահսկողության:
 
Խիստ մտահոգիչ է վիճակը նաև մյուս բոլոր ոլորտներում:
 
Մեր ազգի և պետության առջև ծառացած բարդ ու դժվարին խնդիրները լուծելու, այդ թվում՝ բոլորիս աչքի առաջ մոբիլիզացվող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-ժողովրդավարական ուժերն ու ամբողջ քաղաքացիական հասարակությունը գործող իշխանության հետ միասին համախմբվեն և համաձայնեցված քայլերով երկրում ձևավորեն ճգնաժամի հաղթահարման և հետագա զարգացման նախադրյալներ ու պայմաններ:
 
Ազգային անվտանգության ապահովման և պետության ապագայի երաշխավորման համար կենսականորեն անհրաժեշտ այս գործընթացի հաջողության հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է:
 
Ուստի գործող իշխանությանը հորդորում ենք ներկայիս առօրեական տրամաբանության փոխարեն այլևս գործել հասունացող ռևանշը չեզոքացնելու համար անհրաժեշտ արտակարգ լուծումների դիմելու տրամաբանությամբ, ցուցաբերել առավելագույն լայնախոհություն և ապահովել հնարավորինս մեծ ներառականություն, ինչի համար այս փուլում առնվազն պետք է՝
համակարգային, հետևողական, կտրուկ և արդյունավետ քայլերով խափանել 5-րդ շարասյան ռևանշը,
անհապաղ դադարեցնել ազգային համախմբմանը խոչընդոտող ու հակառակորդի ջրաղացին ջուր լցնող, առաջին
հերթին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը միտված, գործողությունները,
ճգնաժամային խնդիրների և բոլոր ռազմավարական հարցերի լուծման համար անցկացնել հանրաքվեներ կամ կիրառել ուղիղ ժողովրդավարության այլ միջոցներ,
ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների պաշտոններում նշանակել այդ կառույցների հետ չկապված, իրենց կենսագրությամբ հանրային հիշողության մեջ բացասական հետք չթողած և պետական ինքնիշխանությունը պահպանելու հարցում վստահություն ներշնչող անձանց:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար