Նոր հեղափոխություն Վրաստանում. էլ ինչ կգրավի Ադրբեջանը

13-09-2019 18:43:05   | Հայաստան  |  Վերլուծություն
Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ TBC բանկի հիմնադիր եւ Անակլիա նավահանգստի ներդրողներից մեկը՝ Մամուկա Խազարաձեն, ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանը, հայտարարել է հասարակական շարժում սկսելու մասին: Դա տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի ընտրությունից մեկ տարի առաջ: Գործարարը հայտարարել է, որ շարժումը լինելու է արեւմտամետ, ձգտելու է Վրաստանի եվրաինտագրման: Նա հայտարարել է, որ այդ առումով խորհրդանշական է Անակլիա նավահանգիստը, որը Եվրոպային Վրաստանի ամենամոտ կետն է: Խազարաձեն հավակնում է «փրկել» Վրաստանի եվրոպական ուղին:
 


Վարդերի հեղափոխությունից հետո ռեգիոնում եվրատլանտյան «կղզյակ» դարձած Վրաստանը հեղափոխությունից 15 տարի անց գտնվում է հակասական իրադրության մեջ: Բանն այն է, որ Վարդերի հեղափոխությամբ կտրվելով Ռուսաստանից, Վրաստանն ավելի շուտ հայտնվեց թուրք-ադրբեջանական տնտեսա-քաղաքական ազդեցության գոտում: Ներկայում բոլորը հիանում են օրինակ Բաթումիի առաջընթացով, մինչդեռ քաղաքը գործնականում վերածվել է թուրք-ադրբեջանական քաղաքի: Սակայն, խնդիրն այստեղ բավականին խորն է, քան առերեւույթ պատկերները: Օրերս տարածվեց տեղեկություն, որ Բաքուն արդեն ռազմական դիրքեր է զբաղեցնում վրացական տարածքներում: Իսկ Ադրբեջանի պատմաբանները  բաց հայտարարում են Վրաստանի տարածքների նկատմամբ հավակնության մասին:
 
Ի՞նչ կարող է հակադրել դրան Թբիլիսին: Վրաստանը խուսափում է կոնֆլիկտից: Բայց «փափուկ ուժի» հարցում Ադրբեջանն ու Թուրքիան լինելու են անկասելի: Վրաստանի համար գործնականում հասունացել է դրա այլընտրանքի անհրաժեշտությունը, միայն Ռուսաստանի հետ հարաբերությամբ
հակազդման հնարավորության հույսին չմնալու համար: Բայց ռազմավարական իմաստով կա դրան էլ այլընտրանք ստեղծելու անհրաժեշտություն:
 
Ահա այդ համատեքստում հետաքրքիր է Խազարաձեի արեւմտամետ նախաձեռնությունը: Հետաքրքիր թե քաղաքական ռազմավարական ուղղության, թե նաեւ այն իմաստով, որ փաստորեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը կարող է վերցնել այդ ուղղության պաշտպանի կամ այսպես ասած հենասյան դերը Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլուց՝ որն այդ դերը փորձում է պահել հեռակա, եւ նրա քաղաքական ուժից:
 
Եվ հատկանշական է, որ խոսքը դարձյալ մեծահարուստի մասին է, եթե նկատի առնենք այն, որ իշխանությունն էլ Սահակաշվիլուց վերցրեց մեկ այլ հարուստ վրացի՝ Իվանիշվիլին: Նա էլ ընտրությունից մեկ տարի առաջ գնաց վարչապետի անսպասելի փոփոխության, Մամուկա Բախտաձեին այդ պաշտոնում փոխարինելով Գեորգի Գախարիայով, որը ներքին գործերի նախարարն էր եւ մի քանի ամիս առաջ քննադատվում էր հակառուսական ցույցի մասնակիցների հանդեպ կոշտ ուժի կիրառման համար:
 
«Ինչ պակաս Իվանիշվիլի» է Խազարաձեն, որն էլ իշխանությունը կվերցնի Իվանիշվիլիից, թե՞ նա ընդդիմությունը կվերցնի Սահակաշվիլուց, որի իշխանության շրջանում է Վրաստանը հայտնվել թուրք-ադրբեջանական «փափուկ ուժի» ազդեցության տակ: Սահակաշվիլին քաղաքական իմաստով հռչակելով արեւմտյան կուրսը, գործընթացի տնտեսական հարցերը լուծում էր առավելապես թուրք-ադրբեջանական տնտեսական ներարկումների շնորհիվ:
 
Այդ իմաստով, կատարելով իր դերը, Սահակաշվիլին ժամանակի ընթացքում իմաստազրկվեց նաեւ Արեւմուտքի համար: Դրա խոսուն վկայությունն է բոլորովին վերջերս Սահակաշվիլու հարցազրույցներից մեկը: Ներկայում թուրք-ադրբեջանական «փափուկ ուժը»
չեզոքացնելու հարցը առկա է նաեւ Արեւմուտքի համար, որը պահանջում է լուծման այլ մոտեցումներ:
 
Խոշոր հաշվով, առերեւույթ հերթական նախընտրական գործընթացի պայմաններում, Վրաստանում ձեւավորվող նոր հարաբերակցությունը կարող է ունենալ հեղափոխական նշանակություն թե այդ երկրի, թե ռեգիոնի համար: Չի բացառվում, որ նաեւ այդ միտումների զգացողությունն է, որ շտապեցնում է Բաքվին՝ ընդհուպ Վրաստանի հանդեպ արդեն ոչ թե պատմա-քաղաքական, այլ ռազմական հավակնության քայլերի: Էլ ի՞նչ կհասցնի վերցնել Բաքուն, մինչ վրացական նոր հեղափոխություն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 811 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար