Քննարկվել է «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը

13-09-2019 17:55:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Աննա Լուժին և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանին: 
Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը:
 
Ծրագրի նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ
կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ և մթերմամբ, պահեստավորմամբ և վերավաճառքով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին: Նախատեսվում է նաև վերհանել և ուսումնասիրել խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական և պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող միկրո- և մակրոշրջանները, խթանել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը և ներդնումը:
 
Կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: Այն մաս է կազմում այն համալիր աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության և գինեգործության զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաև ոլորտում կեղծարարության դեմ պայքարին: 
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների տեղաբաշխումը և վերահսկումն ընդունված է համաշխարհային պրակտիկայում և այն իրականացվել է խաղողագործությամբ հայտնի մի շարք երկրներում:  
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 412 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար