Ադրբեջանի «ներխուժումը». Հայաստանը կօգնի Ռուսաստանին

13-09-2019 14:02:48   | Հայաստան  |  Վերլուծություն
Ռուսաստանը դեմ չէ, որ որեւէ երկիր ՀԱՊԿ-ում ստանա դիտորդի կարգավիճակ, այդ թվում Ադրբեջանը: Երեւանում այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, պատասխանելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին:
 


ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդության կամ
գործընկերոջ կարգավիճակի թեման ծագեց ՀԱՊԿ կանոնադրության մեջ ՌԴ առաջարկած փոփոխության համատեքստում: Մոսկվան առաջարկում է սահմանել ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակներ: Երեւանում այդ հանգամանքը դիտարկվել է որպես Ադրբեջանի հետ գործակցության ճանապարհ բացելու փորձ:
 
Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ դա այդպիսի փորձ չէ, եւ Երեւանը թույլ չի տա, որ Բաքուն որեւէ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Հայաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել կանոնադրական փոփոխության ՌԴ առաջարկը:
 
Զուգահեռ, ՌԴ փոխվարչապետի Երեւանում արած հայտարարությունն արժանացել է տարաբնույթ մեկնաբանության: Շատերը դա գնահատում են իբրեւ Հայաստանին ուղղված սպառնալիք:
 
Արժե՞ արդյոք Յուրի Բորիսովի հայտարարությունից անել հեռուն գնացող հետեւություն, առավել եւս, որ նա ընդամենը արձագանքել է հայաստանցի լրագրողի տված հարցին: Եթե հարցնում են, կարո՞ղ էր արդյոք ռուսաստանցի պաշտոնյան ասել, որ դեմ են Ադրբեջանի հետ գործակցությանը: Առավել
եւս, որ մինչեւ ապրիլի պատերազմ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունեցել է այնպիսի ծավալի եւ որակի ռազմա-տեխնիկական գործակցություն, որպիսին թերեւս չուներ ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ: Այսինքն, այստեղ չկա թաքցնելու որեւէ բան:
 
Միեւնույն ժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան նշում է, որ որեւէ երկրի կարգավիճակ պետք է որոշվի ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, ինչը նշանակում է, որ չի կարող որոշվել առանց Հայաստանի համաձայնության: Որովհետեւ կանոնադրությունը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի հարցը վերապահում է անդամների կոնսենսուսին:
 
Միաժամանակ, արդյոք ՌԴ-ն իրապես ունի Ադրբեջանին ՀԱՊԿ ներգրավելու ցանկություն: Այստեղ պատասխանը մի կողմից թվում է շատ պարզ՝ իսկ ինչու՞ ոչ: Մյուս կողմից, սակայն, հարցը բավական բարդ է, որովհետեւ պայմանականորեն կա խնդիր, թե Ադրբեջանի «հետ միասին» ինչպիսի՞ երկրներ են «կարգավիճակ ստանալու» ՀԱՊԿ-ում, իհարկե դե ֆակտո, ոչ թե դե յուրե:
 
Իսկ դրանց թիվը թերեւս քիչ չէ: Խոսքը երկրների մասին է, որոնք սերտ գործակցություն ունեն Բաքվի հետ, կամ ունեն Բաքվի վրա ազդեցության խոշոր լծակներ՝ եւ ոչ պակաս խոշոր, քան Ռուսաստանը, իսկ գուցե եւ ավելի:
 
Այդպիսիք են առնվազն Իրանը, Թուրքիան, իհարկե ազդեցության տարբեր բնույթի լծակներով: Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական սերտ գործակցություն ունեն Իսրայելը, Պակիստանը: Բաքվի հետ ՀԱՊԿ կարգավիճակ «ստանալու» են թերեւս այդ երկրները, եթե իհարկե տեսականում դիտարկենք այդպիսի զարգացման հնարավորությունը՝ մի պահ թողնելով Հայաստանի ձայնի անխուսափելի նշանակությունը:
 
Ռուսաստանը պատրա՞ստ է իրականում դե ֆակտո կարգավիճակ տալ այդ «բույլին», որի «դեսանտը» կամ «ազդեցության գործիքն» է լինելու Բաքուն իր որեւէ կարգավիճակով: Այդ պայմաններում ամենեւին աներեւակայելի չէ եւ այն, որ Մոսկվան ՀԱՊԿ-ում կարող է հայտնվել ընդհուպ փոքրամասնության կարգավիճակում:
 
Ռուսաստանն իհարկե չի արտահայտվի Բաքվի որեւէ կարգավիճակի դեմ: Դա առնվազն տարօրինակ կլիներ, ընդ որում ոչ միայն Բաքվի, այլեւ ուրիշ երկրների առումով էլ: Բայց այլ է հարցն իրական քաղաքականության ռեժիմում: Եվ այստեղ Հայաստանի գործոնը Ռուսաստանի համար կարեւորագույն խաղաքարտ է, եւ այդ հանգամանքն էլ անշուշտ պետք է հմտորեն օգտագործի Երեւանը:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 750 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար