ՀՀ ՖՆ պատվիրակությունը մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին

13-09-2019 14:00:53   | Ռուսաստան  |  Տնտեսություն
Սեպտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ մասնակցում է Մոսկովյան ֆինանսական ֆորումին, որի շրջանակներում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդյունավետությունը և դրանց զարգացման հնարավորությունները ԵԱՏՄ անդամ երկրներում:
 

Վերջին տարիներին հարկաբյուջետային քաղաքականության կայունության ապահովումը ԵԱՏՄ անդամ պետությունների ուշադրության կենտրոնում է: Այս խնդրի լուծմանն ուղղված հիմնական գործիքներից մեկը հարկաբյուջետային կանոններն են: Ինտեգրման զարգացումը և եվրասիական տարածքում տնտեսությունների փոխկապակցվածության աճն ապահովելու տեսանկյունից կարևոր է ԵԱՏՄ անդամ երկրների կողմից բյուջետային կանոնների կիրառման փորձի փոխանակումը արդի տնտեսական քաղաքականության մշակման համատեքստում: Ավելին, յուրաքանչյուր պետության
հարկաբյուջետային կանոններից զատ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված են անդամ պետությունների պետական ​​պարտքի և դեֆիցիտի միասնական սահմանային արժեքներ, որոնք կարող են դիտարկվել որպես ընդհանուր ​​բյուջետային կանոններ անդամ երկրների համար:
 
Ֆորումի ընթացքում քննարկվում են հարկաբյուջետային կանոնների արդի համակարգերի արդյունավետությունը, անդամ երկրների համագործակցության զարգացման ուղղությունները մակրոտնտեսական համատեղ քաղաքականություն վարելու տեսանկյունից՝ հաշվի առնելով տնտեսությունների միջև եղած տարբերությունները, հարկաբյուջետային կայունության ընդհանուր ստանդարտների սահմանումը:
 
ՀՀ ՖՆ մակրոտնտեսական վարչության պետ Էդուարդ Հակոբյանը, ներկայացնելով ՀՀ-ում հարկաբյուջետային կանոնների արդիականացման գործընթացը և այդ ուղղությամբ բարեփոխումների փորձը, նշել է, որ հարկաբյուջետային կանոնները պարզապես սահմանափակումներ չեն, այլ ճկուն ուղենիշներ արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության համար: Նա ընդգծել է, որ երկրներն ունեն մակրոտնտեսական քաղաքականության իրականացման տարբեր արժեքներ և մշակույթներ, և անհրաժեշտ է միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում մոտեցնել այդ արժեքները:
 
 
Նոյյան տապան   -   Տնտեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար