Աշոտը դարձի է բերել բազմաթիվ դատապարտյալների. ցմահի հարազատները վարչապետից արդարություն են պահանջում

13-09-2019 13:46:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կառավարության շենքի դիմաց այսօր՝ սեպտեմբերի 13-ին  բողոքի ակցիա  իրականացրին ցմահ դատապարտալ, արդեն 23 տարի 8 ամիս պատիժը կրող Աշոտ Մանուկյանի հարազատները:
Աշոտ Մանուկյանի եղբայրները՝ Արթուր և Ահարոն Մանուկյանները նամակով դիմել են ՀՀ վարչապետին և Արդարադատության նախարարին:
 


Սեպտեմբերի 4-ին կայացած դատական նիստում  Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Խալաթյանը  մերժեց  Աշոտ Մանուկյանին վաղաժամկետ ազատ արձակելու հայցը։
Աշոտ Մանուկյանը քրեակատարողական հիմնարկի կողմից բնութագրվել է, որպես դրական վարքագիծ ունեցող դատապարտյալ: Պրոբացիայի ծառայությունը զեկույցում նշել է, որ Աշոտ Մանուկյանի կողմից նոր
հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Աշոտ Մանուկյանի հետ նույն ՔԿՀ-ում պատիժ կրած արդեն նախկին դատապարտյալներ Սամվել Խաչատրյանը և Տիգրան Ղազարյանը փաստեցին, որ Աշոտը բացառիկ բարի անձնավորություն է, ով դարձի է բերել հանցագործության ճանապարհը նոր բռնած բազմաթիվ դատապարտյալների:
Աշոտ Մանուկյանը «Ուրարտու» համալսարանի ուսանող է: Նա հոգեբանություն է ուսումնասիրում: Հրատարակել է «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» վերնագրով գրքույկ, որտեղ պատմել է իր կատարած հանցագործության մասին և արտահայտել զղջացող մարդու իր զգացմունքները:
«Միայն արդարություն են ուզում՝ օրենքի կետերով։ Արդեն 24 տարի հույսով սպասում էինք, որ որդուս ազատ կարձակեին, սակայն նորից մերժեցին», – լրագրողների հետ զրույցում ասաց Աշոտ Մանուկյանի մայրը՝ Սաթենիկ Մանուկյանը, ով նշեց, որ զոհված տղաների մայրերը ներել են Աշոտին:
 
«Ծնողները նոտարական հաստատման են տվել իրենց համաձայնությունը, պրոբացիային էլ են տվել, դատի օրը նույնպես գրություն են ուղարկել, որ համաձայն են Աշոտի վաղաժամկետ ազատ արձակմանը», – ասաց Սաթենիկ Մանուկյանը։
 
Նա նշեց, որ ուղղված և բոլորովին ուրիշ մարդ դարձած որդու ազատության համար պայքարելու են բոլոր ատյաններում՝ մինչև Եվրոդատարան:
Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 19 տարեկանում: 20 ամյակը նա դիմավորել է 
մահապատժի խցում: Աշոտը իր վերջին 23 տարին ապրել է արժանապատիվ: Փորձել է իր խորհուրդներով օգնել առաջին հանցանքը կատարած մարդկանց:
 
Աշոտ Մանուկյանի ազատության մեջ նոր հանցանք չկատարելու մասով երաշխավորել են ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանը, Թագուհի Թովմասյանը, հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը և այլ հանրային գործիչներ:
 
Լուսին Ղազարյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 964 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար