Փաստաբանները մոլորեցնում են Մարտի 1-ի զոհերի հարազատներին. Ռոբերտ Քոչարյան

12-09-2019 18:40:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց զոհերի ծնողների՝ իրեն ուղղված մեղադրանքներին: Նա ասաց, որ տուժողների իրավահաջորդները գործի նյութերին չեն ծանոթացել, իսկ նրանց փաստաբանները մոլորեցնում են նրանց:
 


 
«Պարոն Քլոյանն ասաց, որ գոնե ձևական մեկին պետք է պատժել: Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ: Ես Մարտի 1-ի դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի: Իմ լիազորությունների շրջանակներում երբեք չի եղել գործ բացահայտելը: Ընդհանրապես, ես խառնվելու իրավունք չեմ ունեցել: Եվ եթե պարոն Քլոյանը դրանով
է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իրեն մոտ նստած դատախազներին: Եթե մարդ պետք է դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը կամ վարույթ իրականացնող դատախազը, կամ քննչական մարմինները, որոնք պարտավոր էին գործը բացահայտել: Ինձ
առաջարկում են պատժել նրա համար, որ պատկան մարմինները գործը չեն բացահայտել: Ինձ համար սա վիրավորական է այն պատճառով, որ փաստաբաններն ի վերջո աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ այդպես չէ: Իմ տպավորությամբ՝ ուղղակի նրանց սովորեցնում են ասել այն, ինչ կարող է հանրային առումով տպավորություն թողնել»,- ասաց Քոչարյանը:
 
Նա անդրադարձավ Տիգին Աբգարյանի մոր հայտարարություններին՝ ասելով, որ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին: «Ինքն ասաց այնպիսի բաներ, որոնք գործի հետ առնչություն չունեն: Եվ իր մոտ նստած հարգարժան Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան, ևս գիտակցաբար չի բացատրել, որ դա այդպես չէ: Առաջինը, ոչ թե ես եմ հայտարարել, որ մեկը զոհվել է, այլ ՀՔԾ-ի պետի հայտարարությունն էր: Ես այդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չեմ ասել: Ես ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»,- ասաց նա:
 
Անդրադառնալով Տիգրան Աբգարյանի մոր այն հայտարարությանը, թե Լեոյի փողոցում ցուցարարներ չկային, Քոչարյանը պատասխանեց՝ բազմաթիվ ցուցմունքներ հենց Լեոյի փողոցի մասին են, այնտեղ ցուցարարներ են եղել: «Եվ այդ ցուցմունքներում մարդիկ ասում էին՝ հենց կրակել են ցուցարարների կողմից: Տարօրինակն այն է, որ հանրահավաք եղել է քաղաքապետարանի դիմաց, իսկ այդ բախումները եղել են Լեոյի փողոցում: Եվ քննչական մարմինների կողմից որևէ քայլ չի եղել՝ պարզելու, թե ով է այդ մարդկանց տարել հասցրել Լեոյի փողոց» ,- ասաց Քոչարյանը:
 
Նա շարունակեց. «Գործի նյութերում կա, որ ներքին զորքերի հրամանատարությունը կանչել է սնայպերին մեկ բանի համար՝ չեզոքացնելու այն մարդուն, ով կրակել է Տիգրան Աբգարյանի վրա: Սա է գործի նյութերում»:
 
Քոչարյանն ասաց, որ ինքը առաջարկում է՝ եթե Տիգրան Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, իրենք գործի նյութերից փաթեթ կպատրաստեն այս դրվագի վերաբերյալ, և փաստաբանները կտրամադրեն տիկին Աբգարյանին:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 466 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար