Սենսացիոն ձեւակերպում. Ինչու Մոսկվան հրաժարվեց հանձնել Միհրան Պողոսյանին

17-08-2019 12:57:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը: Այսինքն՝ Մոսկվան չի արտահանձնի Միհրան Պողոսյանին: Դա իհարկե սպասելի էր, զարմանալի կլիներ, եթե արտահանձնեին: Հետաքրքիրը ՌԴ գլխավոր դատախազության հիմնավորումն է, թե ինչու են մերժել ՀՀ գործընկերների միջնորդությունը:
 


ՌԴ գլխավոր դատախազությունը հիմք է ընդունել «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
 
«Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը», տեղեկացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
 
Այսինքն, ըստ ՌԴ իրավապահների՝ Միհրան Պողոսյանի
արտահանձնումը կարող է վնասել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Շատերին այս ձեւակերպումը կարող է զարմանալի, նույնիսկ՝ անհեթեթ թվալ, թե ինչպես կարող է Միհրան Պողոսյանի արտահանձնումը սպառնալ Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Մյուս կողմից, այստեղ խնդիրը թերեւս Պողոսյանի անձը չէ, այլ նրանով «միջնորդավորված» ֆինանսական-քաղաքական ինչ-ինչ հանգամանքներ:
 
Միհրան Պողոսյանն այս առումով հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Պանամայի օֆշորների միջազգային աղմկոտ հետաքննության գործով: Միհրան Պողոսյանն այն ժամանակ ԴԱՀԿ պետն էր եւ հրաժարական տվեց: Հրաժարականի տեքստը բավական անսպասելի էր՝ նա հայտարարեց, թե չի ցանկանում, որ իր անունը նշվի Ալիեւի անվան կողքին: Ալիեւը նույնպես պանամյան հետաքննության «հերոսներից» էր:
 
Այս հանգամանքը հատկապես ուշադրություն գրավեց այն պատճառով, որ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Կապ կա՞ր այս ամենի մեջ, թե պատահական համընկում էր, ինչո՞ւ էր Պողոսյանն իր հրաժարականը «հիմնավորում» նաեւ Ալիեւի անվան հանգամանքով:
 
Մյուս կողմից, Միհրան Պողոսյանի այդ հայտարարության մեջ նկատելի էր որոշակի ակնարկ, որ եթե իրեն զոհաբերեն, ապա կարող է ինչ որ տեղեկատվություն բացահայտել: Ընդ որում, ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական, որոնք կապված են օֆշորների գումարների հետ:
 
Այս համատեքստում, Ռուսաստանի որոշումը նույնպես կարող է կապված լինել այս հանգամանքների հետ, նկատի ունենալով ապրիլյան պատերազմի հարցում Ռուսաստանի դերակատարությունը: Մյուս կողմից, ռուսական ներկայիս վարչակարգը, որը ռուս փորձագիտական հանրույթի գնահատմամբ՝ կլեպտոկրատիայի դասական օրինակ է, չէր կարող ձեռքից բաց թողնել օֆշորային գումարները, եւ պետք
է ենթադրել, որ որոշման շարժառիթներից մեկը եւ գուցե գլխավորը հենց փողն է:
 
Այս հանգամանքները նկատի առնելով, հասկանալի է դառնում, որ Միհրան Պողոսյանի արտահանձնումը իսկապես վտանգում է Ռուսաստանի իշխող վարչակարգի «անվտանգությունը»:
 
Հատկանշական է, որ ՌԴ գլխավոր դատախազության որոշումը հրապարակվեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի երեւանյան այցից անմիջապես հետո: Պատրուշեւը Ռուսաստանի իշխող վարչակարգի այն նեղ շրջանակի մեջ է, որոնք որոշումներ են կայացնում: Ի՞նչ հարցեր են քննարկվել Երեւանում:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1067 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար