Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել

17-08-2019 11:18:36   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
 


 
Պարոն Սահակյան, Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Մասնագետների պնդմամբ` Քննչական կոմիտեն աղավաղել է ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը՝ այն որպես դրական գնահատելով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում։
 
 
Նախ անպայման նշենք, որ Քննչական կոմիտեի պատվերով ԷԼԱՐԴ ընկերության աշխատանքը վերաբերում է ոչ թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը, այլ «Լիդիան» ընկերության տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությանն ու դրան ԷԼԱՐԴ-ի տված գնահատականներին։ Քննչական կոմիտեն հարյուրավոր էջերից բաղկացած այդ փաստաթղթից առանձնացրել է մի քանի նախադասություն, ուսումնասիրության արդյունքները որպես հանքի անվնաս լինելու երաշխիք ներկայացրել է կառավարության նիստին՝ հանրությանը մոլորության մեջ գցելով և կեղծ տպավորություն ստեղծելով, թե ուսումնասիրության արդյունքները դրական են։
 
Ես ուզում եմ հիշեցնել, որ հանրության մեծ մասը տառաճանաչ է և հենց իրենց հրապարակած փաստաթղթի մեջ կարող ենք բազմաթիվ այնպիսի տողերի հանդիպել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «հետազոտությունը թերի է իրականացվել», «տվյալներն ամբողջական չեն», «ռիսկերը մեծ են», «ռիսկերը թերագնահատված են», «սխալ է հաշվարկված», «կասկածելի է», «մտահոգություն է առաջացնում» և այլ նմանատիպ արտահայտություններ։ Հիշեցնեմ, սա մի փաստաթղթի բովանդակության մասին գնահատականներ են, որը ներկայացվել է որպես «Լիդիան» ընկերության կողմից հանքի շահագործման դեպքում անվտանգ լինելու մասին փորձագիտական գնահատական։ Եվ այս փաստաթուղթը մեզ ներկայացնում են որպես հանքի շահագործման համար կանաչ լույս վառող, դրական երևույթ։
 
Ճիշտ է, կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության իբր դրական լինելը, արդեն
արտահայտվում են ի շահ հանքի շահագործման։ Դա, ակնհայտորեն, հանրությանն ապատեղեկատվությամբ մոլորեցնելու գործելաոճ է, որն անպատասխան չի կարող մնալ։ Հանրության դեմ կիրառվում է նաև երկրորդ անթույլատրելի գործիքը՝ շանտաժը, թե իբր հանրությունը ստիպված է լինելու տուգանքներ վճարել հանքի փակման դեպքում։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի կառավարող ուժը երկրի ղեկին, եթե չի կարողանում կոռուպցիոն գործարքներով հանրության դեմ դուրս եկած ու նրա շահերը ոտնահարող մի օֆշորային կազմակերպության, էլ չեմ խոսում երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացման հարցեր լուծել։
 
Ինչպիսի՞ լուծում եք տեսնում, նոր ուսումնասիրություն, որն անառարկելի վստահություն ունեցող միջազգային կազմակերպություն պետք է իրականացնի՞։
 
Ոչ։ Կառավարությունը պետք է ապահովի իր երկրի քաղաքացիների անօտարելի իրավունքների իրացումը ու նրանց շահերի լավագույն սպասարկումը։ Ջերմուկցիները և ազդակիր մյուս համայնքների բազմաթիվ քաղաքացիներ հանրագրերով դիմել են իրենց ավագանիներին, բազմաթիվ ստորագրահավաքներ են իրականացրել՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը իրենց քթի տակ գործելու հավանականություն ունեցող հանքի մասին։ Նրանք մերժում են հանքարդյունաբերությունը, ամիսներով փակ են պահում հանքի ճանապարհները՝ հռչակելով շրջակա միջավայրը կանաչ տնտեսությամբ զարգացնելու իրենց նպատակները։ Կառավարությունը պարտավոր է այդ տրամադրությունները հաշվի առնել, ինչպես հաշվի է առել մինչ այժմ։ Ավելին, նույնիսկ պետք է թույլ չտար, որ այդպիսի կարևոր գործը քաղաքացիներն իրենց ուժերով, նյութական ու ոչ նյութական միջոցներով իրականացնեն, այլ միջոցներ ձեռնարկեր այդ հարցը պետական մակարդակով լուծելու համար։ Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել։
 
Օգտվելով առիթից, ուզում եմ ողջունել Ամուլսարի հանքի ճանապարհները փակած ՀՀ քաղաքացիների հաստատակամությունը, հայտնել ՔՈ կուսակցության աջակցությունն ու վստահեցնել, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում իրենց կողքին կլինենք՝ պատրաստ նաև մեր մարմնով փակելու նրանց տունը հանք դարձնել փորձող ցանկացածի ճանապարհը։
 
Կարծում եք՝ կա այս հարցում միջազգային հանրության ճնշո՞ւմ, թե ներդրումային գայթակղություն է։
 
Անկեղծ ասած, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում։ Որևէ մեկը չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է ճնշելով թալանել մեր ընդերքը, մեզ ու մեր սերունդներին թողնել ամայացած տարածքներ, անբուժելի հիվանդություններ, իսկ իրենց համար տնտեսական նոր հնարավորություններ ու եկամուտ ապահովել։ Հնարավոր արտաքին ճնշումները չեզոքացնելու համար գոյություն ունեն արտաքին հարաբերություններով զբաղվող հաստատություններ։ Չե՞ն հաջողում՝ թող հեռանան։
 
Իսկ ներդրումների ներգրավման համար ոչ թե պետք է խարդախություններով զբաղվող կազմակերպություններն ամեն կերպ պաշտպանել հանրությունից, այլ արդար և առաջին հերթին տեղական բիզնեսի համար տնտեսական լավ պայմաններ ստեղծել, պետք է բարեփոխել արդարադատության համակարգը, օրենսդրությունը համապատասխանեցնել տնտեսական նոր իրողություններին, տնտեսական հայեցակարգ մշակել, որտեղ բիզնեսը հեռանկար կտեսնի, տնտեսության համար երկարաժամկետ
ու էժան փողեր ստեղծել, իրական ժողովրդավարություն և քաղաքական կայունություն ապահովել և այլն։ Ներդրումները վարած քաղաքականության հետևանք են և երբեք պայմանավորված չեն եղել և չեն լինի մի կազմակերպության հետ տեղի ունեցածով։ Առավել ևս, այնպիսի ընկերության, որի գործունեությունն ապահովելու համար, ըստ օդում կախված լուրերի, նախկին կառավարությունները լայն հանրությանը դեռևս անհայտ կոռուպցիոն պայմանավորվածությունների են գնացել՝ փոխելով օրենքներ ու բնապահպանական նորմատիվներ։ Այնպիսի ընկերության, որն իր հաշվետվությունները կեղծել է՝ նվազագույն ներդրումներն ուռճացնելով։ Մասնագետների ձայնը լսելի չի դառնում, որոնք պնդում են, թե հասարակ ֆինանսական աուդիտը կարող է բազմապիսի խարդախություններ ի հայտ բերել, որոնք հանքի շահագործման արգելումը միակ հնարավոր լուծումը կդարձնեն։
 
 
Պետք է իրավիճակին չտիրապետես, որպեսզի մտածես, թե սեփական իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը կարող է հանգեցնել ներդրումների նվազման։ Եթե ներդրումները լինելու են այն բանի բերումով, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները, ապա ավելի լավ է դրանք չլինեն։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 823 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար