Մեղրիի «փոխանակման» տարբերակը. Արյունոտ տեղապտույտ

27-06-2019 12:44:53   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայաստանի նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանն Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը հոկտեմբերի 27-ին, մարտի 1-ին եւ այժմ էլ աջակցում է Քոչարյանին, որովհետեւ նա կողմ է Մեղրիի փոխանակման տարբերակին:
 


Այդ տարբերակն ու դրան Ռոբերտ Քոչարյանի հավանության թեման Հայաստանի ներքաղաքական
քառորդդարյա պատմության ամեն
աշատ օգտագործվածներից է, որի բարոյական եւ ֆիզիկական մաշվածության աստիճանը դժվար է գնահատել: Թեման, որ աշխույժ շրջանառության մեջ է դրվել հոկտեմբերի 27-ից հետո, դիտարկվելով որպես այդ ահաբեկության շարժառիթ կամ պատճառ, արծարծվում է առ այսօր:
 
Հանրության համար այն բավականին ազդեցիկ է եւ համեմում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային բացասական վերաբերմունքը: Ընդհանրապես, տպավորություն է, որ այդ վերաբերմունքի պարագայում Ռոբերտ Քոչարյանին բացասական կամ արատավոր ինչ էլ վերագրվի, այն հանրության համար միարժեք լինելու է մարսելի: Ինչ խոսք, այդ հանգամանքը առաջին հերթին պետք է հենց Ռոբերտ Քոչարյանին տա խորհելու առիթ, թե ինչու է այդպես: Բայց տվյալ պարագայում հարցն այլ է:
 
Ի վերջո, կան խնդիրներ, թեմաներ, որոնց արծարծումից ուղղակի կախված է պետականության համար կարեւորագույն հարցերում հանրային համարժեքության աստիճանը: Կան թեմաներ, որոնք լրջորեն վտանգում, խախտում են համարժեքության հանգամանքը կամ սպառնալիք են դրան, քանի որ քայքայում են հանրային բանականության դիմադրության համակարգը:
 
Դրանցի՞ց է արդյոք Մեղրիի թեման: Իհարկե բավականին բարդ է ասել, որովհետեւ ի վերջո դրա վերաբերյալ տեղեկատվության մի ահռելի մասը հասանելի չէ հանրությանը:
 
Բայց արժե թերեւս այն ենթարկել մի քանի հարցադրումներով զտելու գործընթացի, կամ գոնե անել այդպիսի փորձ: Մեղրի՞ն էր հոկտեմբերի 27-ի պատճառը: Այդ դեպքում ենթադրվում է, որ այդ ոճրագործությունից հետո Մեղրու տարբերակը պետք է դառնար իրականություն, եթե «վերացվել» էր խոչընդոտը: Ըստ այդմ, որեւէ խոչընդոտ վերացնելու համար դրան գնացողները չէին կարող հաշվարկած չլինել, որ խոչընդոտը վերացնելուց հետո կիրականացվի այն, ինչի համար գնացել են ոճրի:
 
Մյուս կողմից, արդյոք հոկտեմբերի 27-ի զոհերն էին Մեղրու «խոչընդոտները»: Թե՞ այդ տարբերակի առկայության պարագայում կլինեին աշխարհաքաղաքական շատ ավելի ուժեղ հանգամանքներ, որոնք կստեղծեին արգելքներ:
 
Դժվար չէ պատկերացնել, թե Մեղրու «տարբերակը» ինչ խորքային ռեգիոնալ վերափոխումներ էր առաջացնում Կովկասում, ուժային կենտրոնների շահերի լրջագույն բախումով:
 
Կասկած կա՞, որ չէր կարող լինել Մեղրու տարբերակի շուրջ այնպիսի կոնսենսուս, որն այն իրականանալի կդարձներ: Կասկած կա՞, որ այդպիսի կոնսենսուսի առկայության պարագայում այն իրականացված կլիներ վաղուց, ընդ որում այդպիսի աշխարհաքաղաքական կոնսենսուսը հաստատ կգտներ Հայաստանում որեւէ անձի կամ խմբի դիմադրությունը հաղթահարելու շատ ավելի մեղմ տարբերակներ, քան ահաբեկությունը:
 
Աջակցել, եւ աջակցու՞մ է Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին: 2007 թվականին, օրինակ, Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին չաջակցեց՝ իրականացավ ոչ թե Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ միջոցով իշխանությունը շարունակելու նրա ծրագիրը, այլ իշխանությունը վերցնելու Սերժ Սարգսյանի ծրագիրը: Այն էլ վերցնելու արյունալի պատմության պատասխանատվության թիրախում թողնելով հենց Ռոբերտ Քոչարյանին:
 
Փաստորեն, երկրորդ նախագահը ոչ միայն չկարողացավ իրականացնել իր քաղաքական ծրագիրը, այլ նույնիսկ նրա վրա մնաց Սերժ Սարգսյանի ծրագրի պատասխանատվությունը:
 
Դա գուցե իհարկե Ռոբերտ Քոչարյանին «հավերժ կախվածության» տակ պահելու համար էր, բայց դա այլ խոսակցության նյութ է, որը չի առնչվում Մեղրիին:
 
Արցախի հարցի առումով հանրային գիտակցությունը տարաբնույթ խորհրդապահական վարկածներով հագեցնելու փոխարեն, պետք է հագեցնել ապագայի արդյունավետ սխեմաներով՝ այդ հարցում հայկական շահն ու անվտանգությունը ամրացնելու եւ ձեռք բերած ռազմական հաղթանակը կայուն ռազմա-քաղաքական իրականության վերածելու համար, որը անձեռնմխելի կլինի որեւէ «վարկածի» համար, քանի որ հիմնված կլինի ոչ թե որեւէ անձի, այլ հանրային գիտակցության վրա:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 883 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար