Հրաչյա Ղափլանյանի լիբրետտոյով, հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը ստեղծում է «Գիքոր» օպերան

25-06-2019 18:55:34   | Հայաստան  |  Մշակույթ
1973 թ-ին  Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա,  Հրաչյա Ղափլանյանի լիբրետտոյով, հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը ստեղծում է «Գիքոր» օպերան: Գործիքավորումը և երաժշտական  խմբագրությունը կատարում է Գրիգոր Հախինյանը:
 

Այն բեմադրվում է 1974թ-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և շատ շուտով արժանանում է հանդիսատեսի սիրուն և գնահատանքին։  Մինչև 1986 թ․այն լինում է թատրոնի խաղացանկում, տեղի է ունենում 67 ներկայացում, այդ թվում նաև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։  Հետագայում մի շարք հանգամանքների բերումով օպերայի պարտիտուրան կորում է։ Նաև այդ պատճառով «Գիքորը» չի հաջողվում կրկին բեմադրել։
 
Եվ ահա 2018 թ․-ին Երեվանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնоրեն Անահիտ Գևորգյանը, հայտնի օպերային երգչուհի Աննա Նշանյանի հորդորով (ով ի դեպ 
մարմնավորել է Նատոյի կերպարը), նրա թոռ՝  օպերային երգիչ և ռեժիսոր Արման Նշանյանի և ամերիկաբնակ բարերար, դպրոցի բարեկամ՝ Սիրվարդ Կավուկչյանի հետ քննարկումների արդյունքում,  ձեռնամուխ է լինում մի նվիրական գործի, այն է՝ վերականգնել և դպրոցի ուժերով բեմադրել «Գիքոր»-ը։
 
Իր խնդրանքով, երկար պրպտումներից հետո, օպերային թատրոնի գրադանավարուհի Նազելի Մինասյանի  ջանքերով, գտնվում են օպերայի նվագախմբի  գրեթե բոլոր գործիքների պարտիաները և դաշնամուրային կլավիրը։ Պարտիտուրի վերականգնումը և համակարգչային շարվածքը կատարում է դպրոցի երգչախմբի խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը։ Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ Շաքե Աշչյանի սաները և դպրոցի երգեցողության մյուս դասատուների աշակերտները, կոնցերտմայստեր Ռուզան Վարոսյանի աջակցությամբ և դպրոցի «Տիգրանյան» նվագախումբը, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Հայկ Հովակիմյանի գլխավորությամբ սկսում են օպերայի փորձերը։ Պարային բեմադրությունը իրականացնում է դպրոցի «Real dance» պարային խմբի պարուսույց Գոռ Մկրտչյանը։ Իրենց մասնակցությունն են ունենում նաև դպրոցի «Արտիստ» թատերական ստուդիայի սաները։
 
 
Բեմադրության հեղինակ և բեմանկարիչ է դառնում ռեժիսոր Նարինե Թարզիմկոյանը։ 
 
Պատահականությու՞ն է, թե նախախնամություն... Այսօրվա Գիքորի դերակատարն է Անի Թամազյանը, ով Գիքորի երկարամյա դերակատար Ասյա Հայրապետյանի թոռնուհին է: 
 
Այս նախագծի գլխավոր հովանավորներն են ամերիկաբնակ բարերարներ՝ Կարո և Սիրվարդ Կավուկչյանները:
 
2019 թվականի հունիսի 26-ին, երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա  օպերայի երկրորդ ծնունդը:
 
 
Թարզիմկոյանը։    Պատահականությու՞ն
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 643 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար