ՀՀ ԳԱԱ-ի ձեռք բերած սարքի շնորհիվ քիմիական գիտությունը Հայաստանում կբարձրանա նոր մակարդակի

25-06-2019 17:52:21   | Հայաստան  |  Հասարակություն
Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
 


Քիմիկոսները նախարար Արայիկ Հարությունյանին և Ռադիկ Մարտիրոսյանին ներկայացրեցին նոր
սարքի ընձեռած հնարավորությունները գիտական ուսումնասիրությունների կատարման գործում: Այն թույլ կտա քիմիական գիտությունը Հայաստանում բարձրացնել նոր մակարդակի, և մեր
գիտնակաները հնարավորություն են ստանում արդի սարքավորման միջոցով գիտական ուսումնասիրություններ իրականացնել և իրենց հետազոտությունների արդյունքները գիտական հոդվածների միջոցով ներկայացնել միջազգային գիտական հանրությանը, ինչը մինչ այս չէին կարող անել հին սարքավորումների ավելի թույլ հնարավորությունների պատճառով:  
 
«Այն նախատեսված է սինթեզվող նյութի ուսումնասիրման և բացահայտման համար: Այս համակարգի օգնությամբ Հայաստանում կզարգանան նյութաբանության նոր ուղղություններ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
 
Նախարար Արայիկ Հարությունյանը հետաքրքրվեց սարքի կիրառական նշանակության մասին:
 
Ռադիկ Մարտիրոսյանն ասաց. «Այսօր շուկան այնպիսին է, որ պետք է անընդհատ նոր դեղամիջոցներ ստեղծվեն: Նոր դեղը նշանակում է նոր նյութ, նոր նյութի կառուցվածք նոր ատոմներով: Այդ ատոմների ճանաչողն այս սարքն է: Ամբողջությամբ սա հնարորություն է տալիս նյութի կառուցվածքը որոշել»:
 
Նշվեց, որ սարքի կիրառական նշանակությունը մեծ է դեղերի սերտիֆիկացման, կոնյակի և գինու սերտիֆիկացման գործում:
 
700 հազար դոլլար արժողությամբ միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետրը ՀՀ ԳԱԱ-ն ձեռք է բերել պետության կողմից հատկացված գումարներից երկար տարիների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին: Այս կապակցությամբ Ռադիկ Մարտիրոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով.  «Բոլորին միշտ ասել եմ, որ ավելի լավ է մեր գումարները պահենք, հետո գնենք մի կարգին սարքավորում, քան թույլ հնարավորությամբ մի փոքր բան: Բայց բախվեցինք մեր ֆինանսական օրենքների արգելքին, որ պետք է տնտեսած գումարը վերադարձնենք պետական բյուջե: Ի պատիվ պարոն Փաշինյանի, նա թույլատրեց, որ տնտեսած այդ գումարներն օգտագործենք այս նպատակի համար»:
 
Այս սարքից օգտվելու են Հայաստանի 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպությունները, ՀՀ ԳԱԱ համակարգի և ԲՈՒՀ-երի համապատասխան լաբորատորիաների աշխատակիցները, երիտասարդ գիտնականները:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար