Սահմանապահ գյուղերը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

25-06-2019 17:16:57   | Տավուշի մարզ  |  Հասարակություն
 

 
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Պառավաքարում առաջին անգամ զգացել են երեք տարի առաջ: Տավուշի մարզի սահմանապահ գյուղը դարձյալ հայտնվել է գործընկերների ուշադրության կենտրոնում: Տան վերանորոգման ու կառուցման անհրաժեշտությունն այստեղ ունեն շատերը: Աշոտ Բուլղադարյանի ընտանիքն, օրինակ, տարիներ շարունակ ստիպված է եղել ապրել անհուսալի հարկի տակ: Հակառակորդի գնդակներից շարքից դուրս եկած տանիքն անգամ պարզ ծածկի դեր չի կատարել: Ընտանիքն ավելի քան երկու տասնամյակ ստիպված է եղել ապրել խոնավության մեջ: Խնդիր, որը սպառնալիք է դարձել առողջության համար:
 
Գործընկերների աջակցության շնորհիվ, Բուլղադարյաններն արդեն ակտիվ շինարարություն են սկսել: Գործն առաջ է գնում կամավորների օգնությամբ, միայն թե այս անգամ շինարարությանը կամավորագրվել են տանտիրոջ՝ Աշոտի հարևանները: Բոլորը տեղյակ են. նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորներն աշխատում
են մեկ ուրիշ մարզում: Կողմերը կարևոր են համարում դրական տրամադրվածությունն ու խնդիրը լուծելու պատրաստակամությունը: Կարևորը արժեհամակարգ դարձած մոտեցումն է. ֆիզիկապես ու հոգեպես մարդուն օգնելու ձգտումը:  Շահառու ընտանիքն ու աջակցող կազմակերպությունները միմյանց ուղերձ են հղել տեսախցիկների միջոցով:
 
«Այս օրերին, տարբեր մարզերում շինարարական աշխատանքներ են իրականացվում: Ժամանակ առ ժամանակ, երբ աշխատանքային ժամանակացույցս թույլ է տալիս գտնել փոքրիկ պատուհան, մասնակցում եմ շինարարությանը: Իհարկե դժվար է լինել բոլոր վայրերում, բայց ձգտում եմ հնարավորինս ներկա լինել և գործընկերներիս հետ աշխատել: Նյութական աջակցությունից բացի, շատ կարևոր է հեռավոր մարզերում ապրող մեր հայրենակիցներին նաև հոգեբանորեն աջակցելը: Կամավորության սկզբունքով կատարվող աշխատանքներն այդ նպատակն են հետապնդում: Իսկ երբ ֆիզիկապես ներկա չեմ լինում՝ հետևում եմ և տեղեկացվում: Առիթից օգտվելով՝ դիմում եմ բնակարանաշինության ծրագրից օգտվողներին և հորդորում չհուսահատվել, քանի որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ կամավորներին շնորհակալություն եմ հայտնում սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
«Թեև մեր կողքին չեք, բայց մեզ հետ եք, ինչի համար շնորհակալ ենք: Շարունակեք աջակցել սահմանապահ գյուղերի բնակիչներին: Նրանք դրա կարիքը շատ ունեն», - ասել է տանտերը՝ Աշոտ Բուլղադարյանը:
 
«Այս տարի ծրագրում զգալի տեղ են զբաղեցնում Պառավաքարի բնակիչները: Շատ կարևոր է սահմանապահ գյուղերին աջակցելը: Այստեղ ապրողները կենդանի վահան են դարձել հակառակորդի անկանխատեսելի
վարքագծի դեմ: Նրանք, սակայն, այնքան ամուր են ու հաստատակամ, որ շարունակում են ապրել հայրենի գյուղում, ձգտում շենացնել այն և իրենց կամքով վստահություն են փոխանցում սահմանին կանգնած մեր զինվորներին: Պառավաքարն այդ գյուղերից մեկն է: Գործընկեր կառույցի հետ, ձգտում ենք հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
 
Պառավաքարում միմյանց սիրով են աջակցում: Գիտեն՝ գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Առջևում շինարարական աշխատանքներ կսկսվեն գյուղի նաև այլ տներում:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 408 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար