Էրդողանն ընկավ. ինչ կլինի Թուրքիայի հետ

24-06-2019 12:48:50   | Թուրքիա  |  Վերլուծություն
Թուրքիայի խոշորագույն մեգապոլիսում՝ Ստամբուլում հաղթել է քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Էքրիմ Իմամօղլուն: Ստամբուլի քաղաքապետի ընտրությանն ապրիլին նրա տարած հաղթանակը փոխելու նախագահ Էրդողանի ջանքը տապալվեց: Էրդողանը չեղարկեց նրա հաղթանակը, նշանակել տվեց նոր ընտրություն, սակայն Իմամօղլուն հաղթեց նաեւ այդ ընտրությունը: Ընդ որում հատկանշական է, որ այդ հաղթանակը ավելի համոզիչ էր, քան ապրիլին տեղի ունեցած ընտրությունը, որ չեղարկեց Էրդողանը:
 


Իմամօղլուն այդ ժամանակ իշխող կուսակցության թեկնածու Յըլդըրըմին հաղթել էր 14 հազար ձայնի առավելությամբ, մինչդեռ կրկնակի ընտրությանը հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ Յըլդըրըմը՝ 45 տոկոս:
 
Այդ արդյունքը վկայում է, որ Ստամբուլի «կորուստը» կանխելու Էրդողանի
քայլը համախմբել է ընդդիմության էլեկտորատին, իսկ իշխանությունն իր էլեկտորատին առավել համախմբել ու մոբիլիզացնել չի կարողացել: Այլ կերպ ասած, չեղարկելով առաջին պարտությունը, Էրդողանը ստացել է ավելի խոշոր ու ցավալի պարտություն:
 
Այն շոշափելի է քաղաքական եւ խորհրդանշական իմաստով: Ստամբուլը Թուրքիայի խոշորագույն քաղաքն է, որն ըստ տարբեր գնահատականների ինչ որ իմաստով ապրում է նույնիսկ առանձին պետության կյանքով, թուրքական պետության վրա իր խոշորագույն բազմաշերտ ազդեցությամբ, ընդհուպ այն, որ Ստամբուլի էլեկտորալ տրամադրությունները ձեւավորում
են նաեւ այդ քաղաքում խոշոր ներդրում կատարող արտերկրյա տնտեսական խմբերը եւ շրջանակները:
 
Դեռեւս 1994 թվականին հաղթելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությանն ու փաստացի հենց դրանով մեկնարկելով իր հաղթարշավը թուրքական քաղաքական ասպարեզում, հասնելով համապետական բացարձակ իշխանության, Էրդողանը հայտարարել էր՝ «եթե դու հաղթել ես Ստամբուլում, ուրեմն դու հաղթել ես Թուրքիայում»:
 
Այժմ, երբ Էրդողանը երեք ամիսների ընթացում երկու անգամ պարտվեց Ստամբուլում, այն էլ երկրորդ անգամ առաջինից առավել խոշոր հաշվով, արդյոք կարելի է ասել՝ «Եթե Էրդողանը պարտվել է Ստամբուլում, այն էլ երկու անգամ երեք ամիսների ընթացքում, ուրեմն նա պարտվել է Թուրքիայում»:
 
Ինչ խոսք, քաղաքականությունը բազմաշերտ եւ բազմաբնույթ գործընթացների ամբողջություն է, միարժեք հետեւությունների համար, թեեւ այն ունի իհարկե նաեւ իր որոշակի օրինաչափությունները:
 
Այն, որ Էրդողանն իր բացարձակ իշխանությունը կառուցել էր հասարակության գրեթե երկու կեսի սահմանով՝ կողմ եւ դեմ տոկոսային հարաբերակցությամբ, ակնառու էր Թուրքիայում տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում:
 
Մուստաֆա Քեմալի հիմնադրած Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու Իմամօղլուն հայտարարել է, որ ամենից վեր քաղաքացիների խաղաղ, առողջ եւ բարեկեցիկ կյանքի իրավունքն է եւ ինքը պատրաստ է որպես քաղաքապետ գործակցել կենտրոնի հետ, այն ապահովելու համար: Այդուհանդերձ, որ Ստամբուլը պարտավորեցնելու է զարգացնել հաղթանակը Էրդողանի նկատմամբ:
 
Կվերաճի՞ այն համապետական մասշտաբի, եւ ի՞նչ ժամկետում: Ստամբուլից սկսելով Էրդողանի հաղթարշավը, արդյոք դրա մայրամուտն էլ սկսելու է Ստամբուլում: Ընկած Էրդողանին կհաջողվի՞ դարձյալ կանգնել: Համենայն դեպս, իրողությունները նրա օգտին չեն: Թուրքիան Արեւմուտքի ուժեղ ճնշման տակ է, դա բերում է տնտեսական հետեւանքի:
 
Միաժամանակ, իհարկե առաջին անգամ չէ, որ Էրդողանը հայտնվում է գրեթե պարտված վիճակում:
 
Ստամբուլի ընտրության արդյունքը փոխելու՞ է Թուրքիան, Էրդողանով, կամ առանց նրա:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1871 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար