Գագիկ Հարությունյանը հնչեցրեց նախկին ռեժիմի վերջին զանգը

24-05-2019 15:28:39   | Հայաստան  |  Վերլուծություն
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է հրաժարականի մասին: Հարությունյանը փաստորեն առաջինն է դատաիրավական համակարգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո, որ ներկայացնում է հրաժարական: Մյուս կողմից, այդ առաջինը պայմանական է, քանի որ Հարությունյանը ավելի շուտ թերեւս վերջինն է, որ հրաժարական է ներկայացնում: Վերջինը նախորդ իշխող համակարգից:
 


Իհարկե, անվանական առումով նա վերջինը չէ, օրինակ կան դատավորներ, կա նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը: Բայց նրանք «իլյուստրացիա» են: Գագիկ Հարությունյանը եղել է նախկին
իշխող համակարգի անկյունաքարերից մեկը, եթե ոչ բացառիկը, բոլոր ժամանակների իր անփոխարինելիությամբ:
 
Ի դեպ, այդ առումով Արփինե Հովհաննիսյանը մի քիչ ճիշտ էր, բայց հիմնականում սխալվեց, երբ օրեր առաջ գրառում էր արել եւ խոսելով Հարությունյանի անգործության մասին՝ ասել, թե նա այն է, ինչ միավորում է Հայաստանի երեք նախագահներին ու Նիկոլ Փաշինյանին՝ իր «անփոխարինելիությամբ»: Փաստորեն պարզվեց, որ Գագիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին չի «միավորում» նախկին նախագահների եւ համակարգի հետ, եւ ստացվեց, որ Փաշինյանը տարանջատվում է նախկին երեք նախագահների համակարգից նաեւ Գագիկ Հարությունյանի հրաժարականով:
 
Ի դեպ, այն նաեւ պատասխան է այն պնդումներին, որ գալիս էին նախկին համակարգից, թե դատարանների շրջափակման Փաշինյանի կոչ-ակցիան չստացվեց: Հարությունյանի հրաժարականը հուշում է, որ այդ մարդկանց մոտ հերթական անգամ չստացվեց ըմբռնել Հայաստանում տեղի ունեցողի խորքային բնույթն ու մասշտաբը: Կամ հերթական անգամ չուզեցին ըմբռնել:
 
Գագիկ Հարությունյանը հեռացավ՝ «անջատելով լույսը»: Նախորդ համակարգի համար նա իսկապես անփոխարինելի էր, համակարգի իրավա-բարոյա-քաղաքական «տոմհածառը» կազմելու եւ պարբերաբար «ոռոգելու» իր առաքելությամբ: Գագիկ Հարությունյանը գործնականում դարձել էր իշխող համակարգի խիղճը, 1995-96 թվականների ընտրական փուլից սկսած համակարգի բոլոր կեղծիքներին «օրգանականություն» հաղորդելու իր համառ եւ համբերատար աշխատանքով:
 
Իհարկե, դրանով նա ոչ ոքի երեւի թե չէր խաբում, բացի թերեւս հենց իշխող համակարգից: Վերջին հաշվով, թերեւս այդ խաբվածության որոշակի ենթագիտակցական դրսեւորում էր այդ համակարգի նոր սերնդի ներկայացուցչի գրառումը Հարությունյանի՝ նաեւ Փաշինյանի համար անփոխարինելիության մասին, որը ինչ որ իմաստով թերեւս նաեւ «մեղադրանք» էր Գագիկ Հարությունյանին՝ մեղադրանք մնալու համար:
 
Այդ իմաստով, Հարությունյանի հրաժարականն իրապես խորհրդանշական է, խորքային առումով գուցե ավելի, քան ապրիլի 23-ը կամ մայիսի 8-ը:
 
Մայիսի 24-ին, այն էլ Վերջին զանգի օրը, Գագիկ Հարությունյանն իր հրաժարականով հնչեցրեց նախկին իշխող համակարգի զանգը վերջին անգամ, ապահովելով բոլորին ճանապարհելու գործընթացի «դատական անձեռնմխելիությունը»: Արփինե Հովհաննիսյանն ի վերջո նրան մեղադրում էր հեղափոխության մեկ տարվա ընթացքում անգործության, այսինքն իր ձեռքի տակ եղած լծակով նախկին համակարգը հեղափոխությունից չպաշտպանելու համար:
 
Թվում է, որ Հարությունյանը հեռացավ՝ պատժվելով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի վճռից
հետո Փաշինյանի կտրուկ քայլով: Մյուս կողմից, ինչպես հերթական անգամ ցույց է տալիս զարգացումների տրամաբանությունը՝ ի դեպ հոկտեմբերի 2-ի հանգուցային դրվագի օրինակով, դատարանի որոշումը կատալիզացրել է հեղափոխության երկրորդ փուլը, հերթական անգամ բումերանգի էֆեկտ ունենալով նախկին համակարգի համար:
 
Գագիկ Հարությունյանը փաստացի չի խանգարել այդ էֆեկտին եւ իր «անգործությամբ» նպաստել է դրա հասունացմանը, ինչի մասին ակնարկում էր վարչապետ Փաշինյանն իր մայիսի 19-ի գիշերային ելույթում, որ հեղափոխական գործընթացում հարցերը պետք է հասունացնել՝ լուծելու համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
վ
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1343 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար