Մհեր Ենոքյանի գործով Նիկոլ Փաշինյանին ուղղված ստորագրությունների հանձնում

24-05-2019 13:22:58   | Հայաստան  |  Իրավունք
Հարգելի գործընկերներ, այսօր Վարչապետին ուղղված այս դիմում-տեղեկանքը և մոտ 5000 քաղաքացիների ստորագրություններ՝ շուրջ 165 էջանոց փաթեթով մուտք արեցինք ՀՀ Կառավարություն: Ստորագրահավաքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով արդար դատաքննության՝ գործի վերաբացման, դատավճռի վերանայման և նրա ազատության իրավական մեխանիզմի կիրառման խնդրանքով է: 
 

Մեր ստորգրահավաքը 
 
1. հանուն մարդու իրավունքների իրացման է, ոչ թե՝ ընդդեմ,
2. իրավական է, ոչ թե հակաիրավական պահանջով,
3. անձանց նույնականացնող տվյալներով է,
4. պետական հիմնարկներում չի անցկացվել
5. անցկացվել է քաղաքներում ու գյուղերում, հրապարակներում, այգիներում ու փողոցներում, մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդիկ
6. կայացել է իմ կոչին արձագանքած կամավորների շնորհիվ
 
Թեպետ Մհերը ու ես վճռաբեկ բողոք ենք պատրաստել, սակայն
այն դեռ խուսափում ենք մուտք անել, քանի որ դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չի եղել թավշյա հեղափոխությունից հետո: Հետևաբար՝ ինչպե՞ս պետք է իրացվի արդարադատություն.  ինչպե՞ս պիտի շտկվեն դատական ճակատագրական սխալները։
 
Մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ որպես Վարչապետի ու հեղափոխության առաջնորդի կամարտահայտությունը՝ դատաիրավական ոլորտում կորդինալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Արդարադատությունը մեր պետությանը օդ ու ջուր կտա, հավատացե՛ք:
 
 
 
ԴԻՄՈՒՄ-ՏԵՂԵԿԱՆՔ
 
Մեծարգո պարոն Վարչապետ
 
Մի քանի օր առաջ լսեցինք պետության ողնաշարը համարվող դատաիրավական ոլորտի փոփոխությունների մեկնարկի մասին Ձեր հայտարարությունները, ինչը ոգևորող իրողություն է: Արդար դատաքննությունը՝ որպես սահմանադրական բացարձակ իրավունք, որևէ կերպ ենթակա չէ սահմանափակման: Սակայն մեր ընտանիքն արդեն 23 տարի սեփական օրինակով գիտե, թե ինչ ասել է՝ անարդար դատապարտում:
 
Մենք գտանք իրար հանուն արդարության պայքարում, երկուսս էլ սովորեցինք իրավագիտություն, պաշտպանեցինք դատական սխալների թեմայով, մի թեմա, որը անգամ գիտական ուսումնասիրության նյութ չէր եղել մեր երկրում: Այսինքն՝ անգամ տեսական, գիտական դաշտում մեր դատական համակարգը մերժում է, թե հնարավոր են դատական սխալներ: Սակայն աշխարհում ճանաչված դատական սխալներով զբաղվող Անմեղության շարժման մաս դառնալով՝ տեսանք, թե ինչպես են անգամ 200-ամյա դատարաններ ունեցող պետություններն
ընդունում դատարանի սխալվելու հավանականությունը, շտկում այդ՝ հաճախ ճակատագրական սխալներն ու անգամ 20, 30, 40 տարի անց սխալ դատապարտվածին, ում հասարակությունն այդքան տարի ծանրագույն հանցագործ է ճանաչել, արդարացնում են՝ վերադարձնելով հասարակություն: Իսկ մեզանում դեռ երբևէ չեն կիրառվել քրեական օրենսգրքի 2 հոդված՝ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելն ու ակնհայտ անմեղ մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելը:
 
Երկար տարիներ մենք պայքարել ու պայքարում ենք մահապատժի անօրեն, անարդար դատավճռի վերանայման համար, որը կայացվել է 1996-ին ընդամենը 3 օրվա դատաքննությամբ՝ հիմնված 8 տարի ազատությունը վայելող մյուս մեղադրյալ, գործի նման ելքով շահագրգիռ անձ համարվողի բազմակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկի վրա: Պայքարի տարիներին մի քանի անգամ քրեական գործի վերաբացման մերժում ենք ստացել վճռաբեկ դատարանից: Վերջին մերժումը մինչև հեղափոխությունն էր՝ 2018 թ.-ի փետրվարին: Վճռաբեկ դատարանում և առհասարակ դատական համակարգում ոչինչ չի փոխվել թավշյա հեղափոխությունից հետո, ընդհակառակը՝ դատարաններում նկատելի են սաբոտաժային երևույթներ: Դա է պատճառը, որ մենք նոր վճռաբեկ բողոքը պատրաստելով հանդերձ՝ խուսափում ենք այն վճռաբեկ դատարան մուտքագրել՝ քաջ գիտակցելով, որ դարձյալ արդարադատության շահի փոխարեն կարող է դոմինանտ լինել այլ շահ, որը իրավագիտության հետ որևէ կապ չունի:
 
Հակիրճ այս քրեական գործի ոչ իրավական լինելու մասին 
• Քրեական գործը հարուցվել է մյուս մեղադրյալ, 15 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Հարությունյանի հաղորդման հիման վրա, թե ինքը իր բնակարանում սպանել է Բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին, սակայն այդ փաստաթուղթը իրավական գնահատականի չի արժանացել, իսկ Հարությունյանի հաղորդումն առհասարակ քրեական գործում առկա չէ:
• Մեղադրանքն ու դատավճիռը հիմնված են գործի նման ելքով շահագրգիռ անձ հանդիսացող Արամ Հարությունյանի բազմակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկի վրա: Այսինքն՝ անմեղության կանխավարկածի շեմը հաղթահարելու խնդիր կա:
• Դատաքննությունը, ըստ գործի նյութերի, տևել է ընդամենը 3 օր: Նման շտապողականությամբ այսօր և նախկինում նույնպես չի քննվել անգամ ոչ մեծ ծանրության գործ:
• Անկախ Հայաստանում քննվող այս քրեական գործում առկա են նամակներ ՌԴ նախագահ Բ.Ելցինին կից գործող Մարդու իրավունքների հանձնաժողովից՝ ուղղված ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանին, Գերագույն դատարանի նախագահ Տարիել Բարսեղյանին: Վերջինին գրված նամակում Կրեմլի ներկայացուցիչը խնդրել է ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ խնդրել է առանց վրեժխնդրության չթողնել կատարվածը՝ նշելով, թե իր պաշտոնը թույլ է տալիս նման կերպ դիմել: Սա ուղիղ ճնշում է մեր դատարանի վրա: 
• Դատարանում հետազոտվել են այդ և այլ, օրինակ՝ Բժշկական համալսարանի ռեկտորի, բուհի պրոֆեսորների՝ ծայրագույն պատժի պահանջի (և ոչ թե արդար դատի մասին) դիմումները, սակայն իրեղեն ապացույցները այդպես էլ չեն բերվել դատարան, չեն հետազոտվել դատարանում, սակայն դրվել են դատավճռի հիմքում, ինչը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում է:
 
Մեծարգո պարոն Վարչապետ, Նոր Հայաստանում ոչ միայն այս, այլև չփարատված կասկածներով նմանատիպ այլ՝ նախկին ժառանգության գործերի վերանայումը, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը, ինչու ոչ՝ նաև նման դատավճիռների բեկանումը, հաստատապես կբարձրացնի դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը:
 
Իրավագիտակից անհատների պահանջը արդար դատաքննության իրավունքի կիրառումն է, մարդկային ազատությունն ու իրավական մեխանիզմների կենսունակությունը: Մոտ 5000 քաղաքացի՝ հայաստանյան տարբեր քաղաքներից ու գյուղերից, ամենատարբեր զբաղմունքի տեր, իրենց ստորագրությամբ հավաստել են, որ ցանկանում են մեր գործով արդարադատություն ու ազատության վերադարձի որևէ իրավական ճանապարհի կիրառում:
 
Մեծարգո պարոն Փաշինյան, Ձեզ ենք ներկայացնում մոտ 5000 քաղաքացու ստորագրություններ` նույնականող տվյալներով և որպես Նոր Հայաստանի Հանրապետության վարչապետի և Թավշյա հեղափոխության առաջնորդի՝ խնդրում ենք Ձեզ միջոցներ ձեռնարկել` արդար դատաքննության մեր հիմնարար իրավունքն ու 23 տարի անց ազատություն վերադառնալու որևէ իրավական ճանապարհի կյանքի կոչումը կիրառելի դարձնելու նպատակով:
 
Զարուհի Մեջլումյան
Մհեր Ենոքյան 
23.05. 2019  
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 852 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար